1965 դիտում

Հայաստանը բարելավել է դիրքը Մրցունակության զեկույցում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2016-2017»-ում (ՄՀԶ) Հայաստանը 3 կետով բարելավել է  իր դիրքը` զբաղեցնելով 79-րդ տեղը 138 երկրների շարքում:

Այս մասին այսօր հայտնել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Մրցունակության համաշխարհային ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը՝ ներկայացնելով զեկույցի արդյունքները:

ՀՀ մրցունակության դիրքի բարելավումը, մասնավորապես, տեղի է ունեցել նորարարության (87-րդ տեղ, աճ` 20 կետով) եւ գործարարության կատարելագործվածության (81-րդ տեղ, աճ` 16 կետով) դրական փոփոխության պայմաններում:

«Հայաստանում զարգանում է տեխնոլոգիական ձեռներեցությունը, բացվում են նոր ստարտափներ, մարդիկ ներգրավում են միջազգային վենչուրային կապիտալ. այս ամենն իր արտահայտությունն է ստացել վարկանիշում»,- ընդգծել է Մանուկ Հերգնյանը:

ՀՀ մրցունակության վրա իր բացասական ազդեցությունն է թողել առավելապես մակրոտնտեսական միջավայրի ցուցանիշը (88-րդ տեղ, անկում` 16 կետով), ինչը հիմնականում պայմանավորված է եղել 2015թ. արձանագրված գնաճի բարձր մակարդակով եւ պետբյուջեի համեմատաբար մեծ դեֆիցիտով:

Զեկույցում Հայաստանի գրավված դիրքի ուշագրավ առավելությունների թվում են՝ ՁԻԱՀ-ի տարածվածության տոկոսը չափահաս բնակչության շրջանում (1-ին տեղ), նոր բիզնես սկսելու անհրաժեշտ գործընթացների քանակը (3-րդ տեղ), նոր բիզնես սկսելու անհրաժեշտ օրերի քանակը (9-րդ տեղ), հարկման դրույքը (12-րդ տեղ), աշխատանքի ընդունման եւ հեռացման պրակտիկան (19-րդ տեղ):

Հայաստանի ուշագրավ թերությունների թվում են՝ նավահանգստային ենթակառուցվածքների որակը (122-րդ տեղ), արտաքին շուկայի չափի համաթիվը (121-րդ տեղ), ֆինանսավորումը տեղական կապիտալի շուկայի միջոցով (119-րդ տեղ), ՀՆԱ-ն` գնողունակության պարիտետով հաշվարկված (118-րդ տեղ), եւ ներքին շուկայի չափի համաթիվը (118-րդ տեղ):
 
Զեկույցի համաձայն՝ Հայաստանում մրցունակության էական բարձրացման համար անհրաժեշտ է գրանցել տարեկան 3-4% աշխատանքի արտադրողականության աճ: Այս պայմաններում գործազրկության կրճատումը եւ արտագաղթի կասեցումը պահանջում են ՀՆԱ-ի տարեկան լրացուցիչ 4-5 տոկոսային կետի աճ: Իսկ վերջինների ապահովման համար անհրաժեշտ է վերացնել անկատար մրցակցային միջավայրը, նոր բիզնես հնարավորությունների բացահայտման պակասը, մարդկային կապիտալի ոչ բավարար որակը եւ միաչափ ֆինանսական համակարգը:

Զեկույցի առաջատարներն են Շվեյցարիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Նիդեռլանդներն ու Գերմանիան:

ԱՊՀ տարածաշրջանի երկրների խմբում (ներառյալ` Վրաստանը) առաջընթաց են գրանցել Վրաստանը` 7 կետով (59-րդ տեղ), Ադրբեջանը` 3 կետով (37-րդ), Տաջիկստանը` 3 կետով (77-րդ) եւ Ռուսաստանը` 2 կետով (43-րդ): Զգալի հետընթաց են արձանագրել Մոլդովան` 16 կետով (100-րդ) , Ղազախստանը` 11 կետով (53-րդ), Ղրղըզստանը՝ 9 կետով (111-րդ) եւ Ուկրաինան՝ 6 կետով (85-րդ տեղ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am