Վիկտոր Սողոմոնյանը՝ Ժաննայի, ստեղծագործելու եւ գիտության մասին - Mediamax.am

10478 դիտում

Վիկտոր Սողոմոնյանը՝ Ժաննայի, ստեղծագործելու եւ գիտության մասին


Վիկտոր Սողոմոնյանը
Վիկտոր Սողոմոնյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հանդես է եկել որպես НТВ հեռուստաալիքով մեծ հաջողությամբ ցուցադրված «Տեսնում եմ - գիտեմ» («Вижу - знаю») սերիալի գաղափարի հեղինակ եւ պրոդյուսեր: Հայաստանում սերիալը դեռ չեն տեսել՝ ներկայում այն ակտիվ գովազդվում է НТВ Мир ալիքի եթերում եւ, ամենայն հավանականությամբ, շուտով կցուցադրվի:

 

Վիկտոր Սողոմոնյանը ստեղծել է ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Ժաննայի կերպարը: Նա մասնագիտությամբ հոգեբան է, ով սկսում է աշխատել ոստիկանությունում: Նա ունի հատուկ շնորհ՝ կարողանում է մարդկանց դեմքին նայելով որոշել նրանց բնավորությունը, վարքի առանձնահատկությունները ու նույնիսկ սոցիալական կարգավիճակը:

 

Իր համար նոր զբաղմունքի մասին Վիկտոր Սողոմոնյանը պատմել է «Семь дней» ամսագրին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ հատվածներ այդ հարցազրույցից:

 

Գաղափարների ծնունդը

 

Գաղափարների ծնունդը շատ հետաքրքիր գործընթաց է, անկախ նրանից, թե ինչին է դա վերաբերում՝ գիտությանը, քաղաքականությանը, թե կինոյին: Գիտության մեջ ամեն ինչ քիչ թե շատ պարզ է. սկզբում նոր գիտելիքներ ես ձեռք բերում, հետո նոր գաղափարներ են առաջանում՝ բացահայտումների, նոր գիտական հոդվածների ու գրքերի համար: Իսկ թե որտեղից են ստեղծագործական գաղափարները ծնվում, ես չգիտեմ: Չեմ կարող Ախմատովայի պես ասել, թե «տողերը աղբից են աճում»… Պարզապես մի օր իմ աչքերի առջեւ հայտնվեց մի աղջիկ, Ժաննա անունով: Անգամ նրա մազերի գույնն եմ հիշում… Երբ սցենարի հեղինակներից մեկն առաջարկեց հերոսուհու անունը Ալեքսանդրա դնել, ես անկեղծ զարմացա: Ինչպե՞ս թե Ալեքսանդրա, չէ՞ որ նրա անունը Ժաննա է (ծիծաղում է):

 

Առաջին զգացողությունները

 

«Շփման իմ սեփական փորձում առաջին տպավորությունները գրեթե միշտ ամենաճիշտն են եղել: Հենց ծանոթության պահին մարդու խորքային հատկությունները հանկարծ ինչ-որ կերպ դուրս են գալիս երես: Նա ինքն իրեն բացահայտում է, նույնիսկ եթե հակառակն է ուզում: Դա կամ պաշտպանական ինչ-որ համակարգ է, կամ ինքնաներկայացման… Արդեն հաջորդ հանդիպումների ժամանակ մարդն արդեն կարող է փակված լինել: Ի դեպ, երկար տարիներ աշխատելով որպես նախագահի մամուլի քարտուղար, ծանոթացել ու շփվել եմ շատ պետական գործիչների գետ, ովքեր, ռենտգենի պես, կարող են շատ ճիշտ բաներ ասել մարդու մասին ընդամենը մեկ հանդիպումից հետո…

 

Հաճույքի հորմոնը

 

Բրիտանացի գիտնականները մի քանի տարի առաջ հայտնաբերեցին, որ մարդու օրգանիզմը ստեղծագործության, նոր բանի արարման, բացահայտում անելու պահին հաճույքի հորմոն է արտադրում… Գուցե՞ հենց դրանում է գաղտնիքը: Բայց հարցը միայն այն չէ, թե ինձ ինչ է դուր գալիս անել. Դեռ պետք է համապատասխան պայմաններ ու հնարավորություններ լինեն: Իսկ դրանք ես, բարեբախտաբար, ունեմ: Ռոբերտ Քոչարյանը մշտապես աջակցել է իմ գիտական ու ստեղծագործական գործունեությունը: Ընտանիքս էլ ըմբռնմամբ է մոտենում իմ պարբերաբար կրկնվող աշխատանքային «հանգստյան օրերին»: Իսկ բոլոր ընկերներս, այդ թվում եւ Մոսկվայում, շարունակում են ուշադրությամբ վերաբերել իմ տարաբնույթ ստեղծագործական գաղափարներին:

 

Հաղորդակցության մետամորֆոզները

 

Մասնագիտական գիտական գործունեությանս մեջ մի նոր մեծ գործ եմ սկսել: Գործընկերներիս՝ հայ եւ ռուս լեզվաբանների ու քաղաքագետների հետ, աշխատում ենք նոր գիտական հավաքածուի վրա, որը նվիրված է լինելու քաղաքական դիսկուրսի ուսումնասիրությանը: Մոտ օրերս «Քաղաքական գիտություն» («Политическая наука») ամսագրում լույս կտեսնի իմ «Հրապարակային դիսկուրսում հաղորդակցության մետամորֆոզները» հոդվածը, որը նվիրված է գլոբալ հասարակության մեջ սրընթաց փոփոխվող շփման եւ փոխըմբռնման մեխանիզմներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին