Սիրիահայերին աջակցելու համար ՀՀ-ն պետք է ծրագիր մշակի - Mediamax.am

exclusive
7577 դիտում

Սիրիահայերին աջակցելու համար ՀՀ-ն պետք է ծրագիր մշակի


Ռազմիկ Փանոսյանը
Ռազմիկ Փանոսյանը

Երեւան: Մեդիամաքս: Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է Սիրիայում ապրող հայերին օգնելու Հստակ ծրագիր մշակի՝ միջազգային կազմակերպություններին ներկայացնելու համար:

«Հիմա ճգնաժամային վիճակ է եւ եթե Հալեպի վիճակը նման կերպ շարունակվի, հաջորդ մի քանի ամիսներին ավելի վատ է լինելու»,- ասել է Մեդիամաքսի զրուցակիցը:

 

Ռազմիկ Փանոսյանն ընդգծել է, որ «պետք է անհապաղ աջակցություն տրամադրվի այն սիրիահայերին, որոնք ցանկանում են գալ Հայաստան»:

 

«Մենք փորձում ենք աջակցել թե՛ Սիրիայում ապրող, թե՛ Հայաստանում հաստատված սիրիահայերին: Աշխատում ենք Սփյուռքի նախարարության եւ ՄԱԿ-ի հաստատությունների հետ»,- ասել է նա:

 

Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ներկայացուցիչը նշել է, որ «հինգ տարի պատերազմական վիճակում ապրող սիրիահայերի վիճակը իրոք բարդ է, եւ դժվար է ասել, թե ինչ կլինի, եւ որն է ճիշտ լուծումը»:

 

Ս.թ. փետրվարին Մեդիամաքսի հետ բացառիկ հարցազրույցում Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին խոսել էր այն մասին, թե արդյո՞ք Հայաստանը կարող է ԵՄ-ի հետ բանակցել որեւէ փաթեթի շուրջ, որի նպատակը կլինի օգնել Սիրիայից Հայաստան եկած մարդկանց եւ նոր աշխատատեղեր ստեղծել նրանց համար. 

 

«Եվրոպայում հանրային կարծիքը չափազանց հաճախ է մոռանում, որ մենք միակը չենք, ում վրա ազդել է փախստականների ներկայիս ճգնաժամը. Հայաստանի նման փոքր երկրները մեծ համերաշխություն են ցուցաբերում այն մարդկանց նկատմամբ, ովքեր փախչում են պատերազմից եւ ավերածությունից։ Պաշտպանությանն ու ինտեգրմանն ուղղված ձեր ջանքերը հուշում են մեզ, որ հարուստ եւ ուժեղ Եվրոպան չպետք է վախենա ընդունել մեր սիրիացի բարեկամներին։ Ինչպես գիտեք, ԵՄ-ն եւ ես անձամբ առավելագույն ջանքեր ենք գործադրում հակամարտությանը վերջ դնելու, ինչպես նաեւ սիրիացի փախստականների ամբողջ սերունդների պատերազմի եւ հուսահատության զոհ չդարձնելու համար։ Անցյալ ամիս Լոնդոնում մենք հայտարարեցինք, որ 3 միլիարդ եվրո ենք հատկացնում՝ ի աջակցություն հայրենիքում եւ արտասահմանում գտնվող սիրիացիների։ Մենք ֆինանսավորում ենք մի շարք կրթական ծրագրեր, աշխատատեղերի ստեղծմանը եւ փախստականներին ընդունող համայնքների աջակցությանն ուղղված նախագծեր։ Մենք կապահովենք այդ աջակցության միջոցների մի մասի ներդրումը ձեր կողմից այդ գործողություններին մեծահոգաբար միանալու ջանքերին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին