1403 դիտում

Հեղինակային իրավունքի պաշտպանությունը նոր հիմքերի վրա կդրվի


Լուսանկարը` http://mygazeta.com/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Մտավոր սեփականության գործակալության Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների բաժնի պետ Քրիստինե Համբարյանն այսօր ասել է, որ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը համապատասխանեցվել է միջազգային կոնվենցիաների եւ նոր պայմանագրերի գրեթե բոլոր դրույթների հետ:

Քրիստինե Համբարյանի փոխանցմամբ` նախագծով նախատեսվում է գործող օրենքում կատարել երեք հիմնական փոփոխություն, որոնք վերաբերում են առկա սահմանափակումներին, գույքային իրավունքները կառավարող կազմակերպություններին եւ պայմանագրերի ձեւերին:

Մասնավորապես, սահմանափակումների վերաբերյալ հիմնական փոփոխությունը բարենպաստ հնարավորություն կստեղծի ուսանողների եւ կրթական հաստատությունների համար` օրենքով սահմանված կարգով նրանց հասանելի դարձնելով գրքի անգամ ամբողջական տարբերակի օգտագործումը՝ բացառապես կրթական նպատակով եւ կրթական հաստատության ներքին ցանցով:

«Դա կարող է լինել էլեկտրոնային տարբերակով կամ նյութական կրիչի վրա, որի արդյունքում ուսանողն անհրաժեշտություն չի ունենա գնել թանկարժեք դասագիրքը. նրա փոխարեն դա կանի կրթական հաստատությունը` գնելով մեկ օրինակ եւ այն մատչելի դարձնելով բոլոր ուսանողների համար: Հաջորդ սահմանափակումը  վերաբերում է տեսողական խնդիրներ ունեցող անձանց շահերին` թույլ տալով փոխել ու վերջիններիս մատչելի դարձնել ստեղծագործության ձեւաչափը, ինչը թույլ չի տրվում գործող օրենսդրությամբ»,- ասել է կառույցի ներկայացուցիչը:

Օրենքում ներդրվել են նաեւ պայմանագրերի ձեւեր եւ դրույթներ, որի շնորհիվ հեղինակը, նախքան օգտագործման թույլտվության տալը, կարող է ծանոթանալ դրույթներին ու որոշել թե ինչ պայմանագրով է իր ստեղծագործությունը հանձնում օգտագործման:

Գույքային իրավունքները կառավարող կազմակերպությունների մասով փոփոխությունը թույլ կտա հեղինակներին ավելի թափանցիկ աշխատել կազմակերպության հետ` վերահսկելով  վերջինիս գործունեությունը: Այս մասով ներդրվել են նաեւ կազմակերպության հավատարմագրման համար որոշակի չափանիշներ, որոնց առկայության դեպքում միայն լիազոր մարմինը կազմակերպությանը թույլ կտա զբաղվել գույքի իրավունքի կառավարմամբ:

Քրիստինե Համբարյանը նշել է, որ կատարվել են նաեւ օրենքի կառուցվածքային փոփոխություններ, վերանայվել տարընթերցում առաջացնող դրույթները`հաշվի առնելով հեղինակների կարծիքը:

Անդրադառնալով ներկա իրավիճակին` Քրիստինե Համբարյանը նկատել է, որ վերջին տարիներին ոլորտի հանդեպ բավական մեծ հետաքրքրություն կա, սակայն հավելել, որ «ավելի հաճախ հեղինակները դիմում են ոչ թե իրենց իրավունքի պաշտպանության, այլ արդեն իսկ խախտված իրավունքի վերականգնման նպատակով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am