Երեւանում է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազը - Mediamax.am

2723 դիտում

Երեւանում է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստան է ժամանել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը:

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Ֆրա Մեթյու Ֆեսթինգի եւ նրա գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի Նախագահի եւ Մեծ վարպետի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

 

«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ եւ Ձեր գլխավորած հարգարժան պատվիրակությանը: Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ վարպետի այցը Հայաստան շատ կարեւոր իրադարձություն է մեր դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ, եւ այն, վստահ եմ, մեզ հնարավորություն կտա մեր համագործակցությունն ակտիվացնելու:

 

Աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի եւ քրիստոնյա հնագույն ուխտի առնչությունները դեռեւս խաչակիրների արշավանքների ժամանակ ձեւավորվել էին փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետության հիման վրա: Մենք ունենք նույնակունք քրիստոնեական արժեհամակարգ, եւ սրանք այն հիմքերն են, որ մեզ այսօր հնարավորություն են տալիս ձեւավորելու ակտիվ միջպետական հարաբերություններ: Տեղյակ եմ, որ Դուք հագեցած օրակարգով ակտիվ այց եք անցկացնում մեր երկրում: Հուսով եմ, որ հնարավորություն կունենաք այդ ընթացքում ծանոթանալու մեր ժողովրդին, քրիստոնեական մեր մշակույթին, որն ինչ-որ տեղ նման է ընդհանուր քրիստոնեական մշակույթին, բայց նաեւ յուրատիպ է, առանձնահատուկ: Բարով եք եկել Հայաստան»,-ողջույնի խոսքում ասել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին