Վարչապետը նախարարներին հորդորել է լինել «մաքսիմալ ուշադիր» - Mediamax.am

6656 դիտում

Վարչապետը նախարարներին հորդորել է լինել «մաքսիմալ ուշադիր»


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում նախարարներին հորդորել է լինել «մաքսիմալ ուշադիր» եւ պատրաստվել ԱԺ-ում պետբյուջեի վերաբերյալ առաջիկա քննարկումներին:

«Կարեւորում եմ, որ ձեր ոլորտների վերաբերյալ ներկայացումները լինեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձեւաչափով եւ բխեն կառավարության ներկայացրած ծրագրային դրույթներից: Մասնավորապես, անհրաժեշտ է պատգամավորներին եւ հանրությանը հասկանալի ձեւով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձեւավորվել են ձեր ոլորտի բյուջեները»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

Վարչապետն ընդգծել է, որ հատկացված ֆինանսավորումը պետք է ներկայացնել` ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական եւ քանակական արդյունքներից ու ցուցանիշներից, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել դրանց նպատակի եւ անհրաժեշտության մասին:

 

Տրվել են նաեւ բնապահպանությանն ու ընդերքի օգտագործմանն առնչվող հանձնարարականներ:

 

«Հանձնարարում եմ բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարներին, համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, 15-օրյա ժամկետում Ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր հէկերի ջրօգտագործման թույլտվությունների եւ շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առաջարկություններ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

Վարչապետը հանձնարարել է նաեւ վերանայել փոքր հէկերի զարգացման սխեման, ուսումնասիրել նոր կայանների կառուցման, ինչպես նաեւ 20 տարի շահագործված փոքր հէկերի գնագոյացման նոր մեխանիզմների կիրառման նպատակահարմարությունը:

 

Ընդերքի օգտագործման հետ կապված՝ Կարեն Կարապետյանը հորդորել է վերացնել ոլորտում ներդրումների ներգրավման արհեստական խոչընդոտները՝ հիմք ընդունելով միջազգային համապատասխան փորձը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին