Պոլսո հայ համայնքը նոր պատրիարք կընտրի - Mediamax.am

8189 դիտում

Պոլսո հայ համայնքը նոր պատրիարք կընտրի


Ռուբեն Մելքոնյանը
Ռուբեն Մելքոնյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն այսօր ասել է, որ Պոլսո Հայոց պատրիարքարանում նախօրեին տեղի ունեցած եկեղեցական ընդհանուր ժողովում որոշվել է լուծարել գործող պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ուխտը, եւ նոր պատրիարք ընտրել:

Թուրքագետի խոսքով՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծանր հիվանդության պատճառով 2008-ից ի վեր փաստացիորեն անգործունակ է, ինչը համայնքում մեծ խնդիրներ է առաջացրել:

 

«Սա նորմալ գործընթաց է, որը պետք է վաղուց արվեր: Որոշման կայացման հարցում մեծ դեր են խաղացել Մայր Աթոռի եւ համայնքի ճնշումները»,- ասել է Ռուբեն Մելքոնյանը:

 

Նրա խոսքով՝ պոլսահայ պատրիարքությունը հանդիսանում է Թուրքիայի հայության կառավարման միակ մարմինը:

 

«Պատրիարքի ընտրության հարցը ոչ միայն եկեղեցական կամ հոգեւոր խնդիր է, այլեւ կազմակերպչական: Իսկ Թուրքիայի հայությունը կանգնած է բազմաթիվ խնդիրների առջեւ, որոնց լուծման համար պետք է ունենա գործունյա պատրիարք»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը:

 

Ընտրություններում առաջադրվել է երեք թեկնածու՝ Պոլսի պատրիարքության Գերագույն հոգեւոր խորհրդի նախագահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը (2008-ից պատրիարքի փոխանորդն է), Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը եւ Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

 

Թուրքագետը հայտնել է, որ ըստ Թուրքիայի գործող օրենսդրության՝ Պոլսո հայոց պատրիարքարանը պետք է հայտ ներկայացնի ներքին գործերի նախարարությանը՝ ընտրությունների անցկացման համար:

 

«Նոյեմբերի սկզբին հայտը կներկայացվի, որի պատասխանները կստացվեն մոտ մեկ ամսից: Սակայն Թուրքիայի կառավարությունը, ինչպես մի քանի անգամ արդեն արել է, կարող է տարիներով ձգձգել այդ գործընթացը»,- հայտնել է թուրքագետը:

 

Ռուբեն Մելքոնյանն ընտրությունների արդյունքների երկու սցենար է կանխատեսել:

 

«Կարծում եմ, եթե արդար ընտրություններ լինեն, ապա կընտրվի Հայաստանի ներկայացուցիչ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, իսկ եթե ճնշումներ լինեն, ապա պատրիարք կդառնա Թուրքիայի համար ցանկալի թեկնածուն՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը»,- ասել է թուրքագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին