Երեւանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավը - Mediamax.am

6268 դիտում

Երեւանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավը


Լուսանկարը` Հայաստանում ԵՄ պատվիրակություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում այսօր մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա ակտիվության քարոզարշավ»-ը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ներկայացրել է Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ դեսպանատների, ՄԱԿ-ի կողմից ընդունված համատեղ հայտարարությունը:

 

«Կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությունը համարվում է մարդու իրավունքների ամենալուրջ խախտումներից մեկը: Հայաստանում գենդերային եւ հատկապես՝ ընտանեկան բռնությունը լուրջ մարտահրավեր է: 2016թ. առաջին կիսամյակում հարուցվել է ընտանեկան բռնության 373 դեպք, որից 7-ը եղել է մահվան ելքով»,- հայտնել է նա:

 

Բրեդլի Բուզետտոյի փոխանցմամբ՝ միջազգային հանրությունը դրական է գնահատում Հայաստանում ընտանեկան բռնության խնդրի հաղթահարման ոլորտում գրանցած առաջընթացը:

 

«Գենդերային բռնության խնդիրը հնարավոր չէ լուծել միայնակ: Միջազգային հանրությունը պատրաստ է աջակել Հայաստանի կառավարությանը ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կանայք կլինեն հասարակության հավասար անդամներ եւ արժեքավոր ներդրողներ այս երկրի զարգացման համար»,- հայտնել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

 

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դիրկ Լորենցն էլ հայտնել է, որ ԵՄ-ն Հայաստանում իրականացնում է մարդու իրավունքների բյուջետային աջակցության ծրագիր, որն ուղղված է խտրականության եւ բռնության դեմ պայքարին:

 

«Մենք ֆինանսավորում ենք Հայաստանին՝ բարեփոխումներ կատարելու եւ հատկապես՝ ընտանեկան բռնության դեմ օրենքն ընդունելու համար»,- ասել է ԵՄ պաշտոնյան՝ հույս հայտնելով, որ օրենքի ընդունման գործընթացը առաջիկայում նոր թափ կստանա:

 

ՀՀ վարչապետի օգնական Արամ Վարդեւանյանն էլ նշել է, որ Հայաստանում կանանց իրավունքների մասով առկա են բավական լուրջ հիմնախնդիրներ, որոնք կարելի է կանխարգելել անհրաժեշտ օրենսդրական երաշխիքներ ստեղծելով:

 

Նա վստահություն է հայտնել, որ կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ կիրականացնի:

 

«Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա ակտիվության քարոզարշավ»-ը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 10-ը:

 

Քարոզարշավի շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ Մեդիամաքսը հայտարարել են «Իմ կինն իմ ընկերն է» շարադրությունների մրցույթ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին