Արարատյան բակալավրիատը կներկայացվի մարզային դպրոցներին - Mediamax.am

5030 դիտում

Արարատյան բակալավրիատը կներկայացվի մարզային դպրոցներին


Տ. Մեսրոպ քահանա Արամյանը
Տ. Մեսրոպ քահանա Արամյանը

Լուսանկարը` «Այբ» դպրոց


Երեւան: Մեդիամաքս: Միջազգային չափանիշներին համապատասխան նոր կրթական ծրագիրը՝ Արարատյան բակալավրիատը, ներդրվում է ՀՀ մարզային՝ ավագ բաղադրիչ ունեցող դպրոցներում։

«Այբ» կրթական հիմնադրամում նշել են, որ այս նպատակով դեկտեմբերի 5-15-ը հիմնադրամը Հայաստանի բոլոր մարզերում կանցկացնի հանրային լսումներ։

 

Հիմնադրամի պատվիրակությունը կայցելի ՀՀ բոլոր մարզեր՝ հանդիպելու 800-ից ավելի դպրոցների ներկայացուցիչների հետ, ծանոթացնելու ծրագրի նպատակներին, տեսլականին, ծրագրին անդամակցելու քայլերին ու պահանջներին։

 

Ծրագրին միանալու մրցույթը կհայտարարվի դեկտեմբերի 20-ին։

 

Արարատյան բակալավրիատը միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին։ Ծրագիրը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից եւ լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում։

 

Առաջին փուլում նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզերի ընտրված դպրոցներում առնվազն մեկական հոսքային դասարանով՝ հետագայում ընդլայնման ակնկալիքով։

 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ։

 

Ծրագիրը կգործի պետական կրթական ծրագրին զուգահեռ՝ տալով աշակերտներին ավագ դպրոցի կրթական ծրագրի ընտրության ավելի լայն հնարավորություն եւ ապահովելով կրթության որակի եւ ավարտական գնահատականների ու դիպլոմի տեղական եւ միջազգային ճանաչում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին