Ռուբեն Վարդանյան. «Հայաստանը բարգավաճ դարձնելը մեր պարտքն է» - Mediamax.am

24394 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Հայաստանը բարգավաճ դարձնելը մեր պարտքն է»


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Photolure


Տեքստը կազմված է Ռուբեն Վարդանյանի ելույթի հիման վրա, որով նա հանդես է եկել նոյեմբերի 19-ին Լոս Անջելեսում ՝  Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

 

Բարի երեկո, թանկագին ընկերներ: Շատ ուրախ եմ այս երեկո ձեզ հետ այս հատուկ միջոցառմանը ներկա գտնվելու համար՝ տոնելու Հայաստանի նորագույն պատմության մեջ, ըստ իս, ամենակարևոր իրադարձություններից մեկի 25-ամյակը: Որպես գլոբալ ազգի ներկայացուցիչ՝ ինձ համար շատ խորհրդանշական է այսօր ելույթ ունենալ այստեղ: Ես ծնվել ու մեծացել եմ Հայաստանում, ապաˋ մեկնել Ռուսաստան, ուր ապրել եմ կյանքիս մեծ մասը, և այսօր կանգնած եմ ձեր առջևˋ Լոս Անջելեսում, ու խոսում եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանի մասին:

 

Ձեզնից ոմանք գուցե ծանոթ են իմ կենսագրությանը, բայց, մինչ ելույթիս հիմնական մասին անցնելը, կցանկանայի մի քանի բառով պատմել իմ մասին: Ես ծնվել եմ Հայաստանում: Հայրս ու պապս եղել են պրոֆեսորներ, և մեր ընտանիքում կրթությունը եղել է գլխավոր հետաքրքրություններից մեկը: Ուստի ես շատ ուրախ եմ շարունակել այս ավանդույթը՝ ներգրավված լինելով կրթության ոլորտում թեև ոչ որպես ուսուցիչ, այլ որպես գործարար: Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ ուսուցչի մասնագիտությունն աշխարհում ամենակարևոր և ամենալավ մասնագիտություններից մեկն է: Ինձ վիճակվել է ապրել տարբեր համակարգերում: Սկզբում խորհրդային, իսկ ավելի ուշ, երբ տեղափոխվեցի Ռուսաստան և Խորհրդային Միությունը փլուզվեց՝ ռուսական: Ռուսաստանում ես դարձա ներդրումային բանկիր մի ժամանակաշրջանում, որը կարելի է անվանել «վայրի կապիտալիզմի» ժամանակաշրջան: Ես աշխատում էի միջազգային հաճախորդների հետ, և սովորեցի աշխատել տարբեր չափանիշներ ունեցող համակարգերում և մշտական փոփոխությունների պայմաններում: Կարծում եմ՝ ամենակարևոր ձեռքբերումն այդ յուրահատուկ ճամփորդությունից եղավ այն գիտակցումը, որ անհրաժեշտ է պահպանել սեփական ինքնությունը, հիշել, թե ով ես, և միևնույն ժամանակ սովորել հարմարվել քո շուրջ մշտապես կատարվող փոփոխություններին:

 

Այսօր ես ցանկանում եմ արժանին մատուցել այն մարդկանց, ովքեր դեռևս այն ժամանակ՝ 1990-ական թվականներին, խիզախ և հեռատես գտնվեցին` հասկանալու, որ նորանկախ Հայաստանի գլխավոր մարտահրավերները լինելու են ոչ թե էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հետ կապված խնդիրները, և Հայաստանի ապագայի բանալին լինելու է կրթությունը:Այն, ինչ արեցին Լուիզ Սիմոն Մանուկյանը, Միհրան Աղբաբյանը, Ստեփան Կարամարդյանը, Արմեն Տեր-Կյուրեղյանը և շատ ուրիշներ Համահայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Հայաստանի կառավարության հետ միասին, պարզապես անհավատալի է: Դա օրինակ է, որից պետք է սովորել: Դա օրինակ է, թե որքան կարևոր է համարձակ լինել սեփական մտահաղացումներում, որոնք երբեմն կարող են շրջապատի համար խելահեղ թվալ, և նրանք միշտ չէ, որ կարող են հասկանալ, որ այն ինչ անում ես այսօր, կարևոր է ձեր վաղվա օրվա համար: Այդ պատճառով պետք է չվախենալ անել այն, ինչ ճիշտ ես համարում:

 

Այսօր ես ցանկանում եմ խոսել երեք բանի՝ մարտահրավերների ու հնարավորությունների, կրթության կարևորության ու ժառանգության մասին:

 

Ազգը ճամփաբաժանին

 

Մեր առջև ծառացած մարտահրավերները բնորոշ են ոչ միայն Հայաստանին: Մեզ վիճակվել է ապրել գլոբալ փոփոխությունների դարաշրջանում: Մենք դարձանք Խորհրդային Միության փլուզման և Չինաստանի՝ համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու ականատեսը: Այժմ նաև Իրանն է դառնում համաշխարհային տնտեսական գործընթացների մաս: Սա նշանակում է, որ աշխարհի տնտեսական քարտեզի վրա մնում է միայն երկու սպիտակ հետք՝ Հյուսիսային Կորեան ևԿուբան (ելույթը տեղի է ունեցել մինչ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան մասին հայտնի դառնալը): Սակայն, դրանից բացի, մենք տեխնոլոգիական փոփոխությունների ականատեսն ենք դառնում, որոնց հետևում է լայնածավալ սոցիալական փոփոխություններ, այդ թվում հասարակության շերտավորման ուժգնացում և քաղաքական գործընթացների բևեռացում: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Ռուսաստանում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, որտեղ վերջերս նախագահական ընտրություններ տեղի ունեցան: Այս ամենը վկայում է այն մասին, որ վերափոխումը տեղի է ունենում կտրուկ, և այն մեր բոլորի համար շատ լուրջ հարցադրումներ է առաջ բերում: Ինչպիսի՞ն կլինի մեր ապագան: Ինչպիսի՞ն կլինի մեր երեխաների ապագան: Ինչպիսի՞ համակարգում ենք մենք ապրելու: Այս ամենը վախեցնում է մարդկանց, և փոփոխությունների հանդեպ նրանց արձագանքը կարող է անկանխատեսելի լինել: Նրանցից շատերը փորձում են պարփակվել իրենց մեջ, ինչի հետևանքով ուժգնանում են ինքնամեկուսացման և այլատյացության տրամադրությունները: Այս և բազմաթիվ այլ խնդիրների լույսի ներքո ցանկանում եմ անդրադառնալ մեր պատմությանը: Հայկական աշխարհը, պատմականորեն գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում՝ քրիստոնեական և մահմեդական աշխարհների, հռոմեական, պարսկական, թուրքական, ռուսական կայսրությունների միջև, մշտապես լուրջ ճնշման տակ է գտնվել: Սեփական մաշկի վրա կրելով մշտական ճնշումը՝ մենք միշտ պայքարել ենք գոյատևման համար և սովորել ենք հասկանալ մեր շուրջը կատարվող փոփոխությունները, և ադապտացվել դրանց: Սակայն, ներկայում մեր գոյությանը սպառնացող ամենամեծ վտանգը գալիս է ներսից՝ այն թաքնված է մեր ներսում:

 

Այսօր Հայաստանը նորից կանգնած է ճամփաբաժանին: Ոչ միայն Հայաստանը, որպես երկիրը, այլև ամբողջ հայ ազգը, քանի որ XX դարի ընթացքում և XXI դարի սկզբում տեղի են ունեցել մի շարք արհավիրքներ: Խոսքը ոչ միայն Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության, այլև Եգիպտոսում, Իրանում տեղի ունեցած հեղափոխությունների, Լիբանանի պատերազմի, Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների մասին է: Սրանք բոլորն էլ մեզ համար առանցքային տարածաշրջաններ են, որտեղ հայ ազգը դարերի ընթացքում պահել և բազմապատկել է իր ժառանգությունը: Մեզ տեղահանել են սեփական հայրենիքից, և հիմա մենք ապրում ենք տարբեր երկրներում՝ Կանադայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Ռուսաստանում և այլն: Կարծում եմ՝ գլխավոր հարցն այն է, թե ինչպե՞ս պետք է հայ ազգը շարունակի մնալ ազգ, որը նայում է առաջ, որը տարբեր ժամանակներում դրսևորել է իր լավագույն որակները, որը մարդկության քաղաքակրթության պատմության ընթացքում առաջամարտիկ է եղել բազմաթիվ ոլորտներում՝ օրինակ ծառայելով մյուսներին: Ազգ, որի համար կրթությունը մշտապես եղել է բարձրագույն առաջնահերթություն, ազգ, որի ներկայացուցիչները փորձել են ցույց տալ, որ կարող են անել այն, ինչը մյուսների համար թվում է անհնար:

 

Հարյուրամյակների ընթացքում մեր շարժիչ ուժը եղել է հպարտությունն այն բանի համար, ինչ մենք արել ենք և ինչպես ենք դա արել: Սակայն հարցն այն է, թե ինչո՞վ ենք մենք հպարտ այսօր: Հպարտ ենք հաջողված Հայաստանո՞վ, թե՞ միայն մեր սեփական ընտանիքի հաջողությամբ: Հպարտ ենք այլ երկրների զարգացման գործում ունեցած մեր ներդրումո՞վ, թե՞ հպարտ ենք նրանով, որ մենքˋ որպես հայ, կարող ենք ինչ-որ բան տալ աշխարհին՝ մտահոգվելով ոչ միայն մեր սեփական խնդիրների և դժվարությունների մասին, այլև արձագանքելով գլոբալ մարտահրավերներին: Անցյալում նման բեկումնային պահերին հենց մեր արձագանքն էլ մեզ օժտել է առաջամարտիկի ոգով: Մենք առաջիններից էինք, որ ընդունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն, ստեղծեցինք սեփական այբուբենը, սկսեցինք գրքեր տպագրել տպագրական մեքենայի հայտնագործումից անմիջապես հետո: Մենք չենք վախեցել ուսումնասիրել նորը և դուրս գալ հարմարավետության գոտուց: Մենք ճանապարհորդել ենք ամբողջ աշխարհով և եղել ենք առաջիններից, ովքեր առևտրային ուղիներ են բացել Եվրոպայի և Ասիայի միջև:

 

Մենք ազգ ենք, որը չի վախենում որևէ բան այլ կերպ անելուց, արկղից դուրս մտածելուց, չի վախենում հարմարավետության գոտուց դուրս գալուց: Եւ այդպես մենք արել ենք հազարամյակների ընթացքում, և սա այն է, ինչը մեզ մեր ազգով և մեր ազգային պատկանելիությամբ հպարտանալու առիթ է տալիս: Զգացում, որի շնորհիվ սփյուռքում ապրող, բայց հայերենին չտիրապետող շատ հայ երիտասարդներ իրենց սեփական ընտրությամբ իրենց հայ են համարում: Սակայն ներկա փուլում, հարցը հետևյալն է. արդյոք այն, ինչ մենք անում ենք այսօր, մեզ թույլ է տալիս զգալ, որ մենք շարունակում ենք ընթանալ նույն ճանապարհով, թե՞ այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխվել է, և մենք փոխվել ենք, ուրիշ ենք դարձել: Այսօր մենք ապրում ենք անհամեմատ ավելի հարմարավետ պայմաններում այնպիսի երկրներում, որտեղ չենք զգում ոչնչացման վտանգ կամ մեր արժեքների և կենսակերպի հանդեպ որևէ ոտնձգություն: Մենք այլևս չենք վախենում մեր կյանքի համար, այդ պատճառով հարց է առաջանում. ինչպե՞ս ենք մենք ապրում այդ հասարակություններում: Ինչպե՞ս ենք մենք հարմարվում դրանցˋ ձուլվո՞ւմ ենք, թե՞ պահպանում ենք մեր ազգային ինքնությունըˋ միևնույն ժամանակ հավատարիմ քաղաքացի մնալով այն երկրներում, որտեղ ապրում ենք:

 

Կարծում եմˋ այս է հայ ազգի դրությունը, և այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, վերաբերում է մեզ բոլորիս: Այն, ինչ եղավ 1990-ականների սկզբինˋ երկրաշարժ, տնտեսական շրջափակում, պատերազմ, ստիպեց մեզ բոլորիս վախ ապրել: Մենք տեսանք, որ կարող ենք կորցնել մեր հայրենիքը, և ահա թե ինչու ամբողջ աշխարհի հայերն օգնության եկանˋ անկախ իրենց սեփական խնդիրներից: Մենք ոչ միայն տնտեսական աջակցություն տրամադրեցինք, այլև ներդրումներ կատարեցինք երկրի ապագայի համար, ինչի վառ ապացույցը Հայաստանի Ամերիկյան համալսարանն է: Սակայն այսօրվա Հայաստանը, և ես ներողություն եմ խնդրում, եթե կոպիտ եմ արտահայտվում, բայց դարձել է սովորական, «միջին» երկիր,որը կարելի է բնութագրել «նորմալ» բառով: Երկրում որևէ սարսափելի բան չի կատարվում, ինչը կստիպի բոլորին վախենալ ապագայի համար, բայց, միևնույն ժամանակ, ոչինչ չի կատարվում, ինչը թույլ կտա մեզ բոլորիս հպարտանալ Հայաստանով: Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի Հայաստանը, անկախ իր տարածքի փոքրությունից, կարողանա դառնալ աշխարհասփյուռ հայության համախմբման կենտրոն և քաղաքակրթությունների, մշակույթների կամուրջ ամբողջ տարածաշրջանի համար:

 

Կարծում եմˋ հարցը, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ցանկանում կառուցել, ավելի կարևոր է դառնում, որովհետև մեզանից շատերը, ցավոք, այսօր Հայաստանն ընկալում են որպես երկիր, որին մենք պարտավոր ենք օգնել: Ճիշտ այնպիսի պարտավորություն, ինչպես հարկերի վճարումը: Իմ կարծիքով, սա ճիշտ մոտեցում չէ: Սա վատթար վիճակում գտնվող մեկին օգնելու հարց չէ: Մենք պետք է ընկալենք Հայաստանը որպես նյութական և հոգևոր ներդրում մեր ապագա սերունդների համար, որովհետեև Հայաստանի հաջողությունը նպաստելու է մեր հաջողությանը և հակառակը: Մեզ հարկավոր է ընդունել այս բանաձևը, քանզի հակառակ պարագայում մենք կկորցնենք Հայաստանն ու ինքներս մեզ: Սա իմ հստակ համոզմունքն է: Մեր առջև կանգնած այս և ուրիշ մարտահրավերները մեզ տրամադրում են նաև բացառիկ հնարավորություններ, և միայն միավորվելովˋ մենք կարող ենք օգտագործել դրանք ի նպաստ հայկական աշխարհի:

 

Հաջողության բանալին

 

Հայաստանի հաջողության առանցքային տարրերը լինելու են տեղեկատվական ժամանակաշրջանի պահանջներին համապատասխանող կրթությունը, և միջավայրը, որը թույլ կտա տաղանդավոր և կրթված մարդկանց իրացնել սեփական ներուժը հայրենիքում: Անհրաժեշտ է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի փայլուն կրթություն ստացած մարդիկ պահանջված լինեն հասարակության համար, քանի որ այսօրվա Հայաստանում նրանց պահանջարկը բավական փոքր է:

 

Հազարամյակների ընթացքում մենք հաջողակ ենք եղել կրթության բնագավառում, և հայ ընտանիքներում կրթության համար տրամադրվող միջոցները զբաղեցրել են երկրորդ տեղըˋ ընտանիքի ողջ ծախսերի շարքում: Մենք հավատացել ենք կրթության ուժին և դրա զարգացման գործում քիչ ջանք չենք թափել: Հայերը տիրապետել են մի քանի լեզուների այն ժամանակներում, երբ մյուս ժողովուրդները դժվարությամբ էին կարողանում կարդալ, գրել և երբեմն էլ դժվարանում էին հստակ արտահայտել իրենց միտքը գեթ մեկ լեզվով: Այսօր մենք գտնվում ենք վտանգավոր իրավիճակում, քանի որ կորցրել ենք մեր մրցակցային առավելությունը: Հայաստանում բնակվող հայերն առաջ ազատ խոսում էին ռուսերեն, իսկ այժմ այդ լեզվով հազիվ են հաղորդակցվում: Նրանք սովորում են անգլերեն, բայց դրան էլ լավ չեն տիրապետում: Նրանք այլևս չեն խոսում պարսկերեն, թուրքերեն և արաբերեն: Բեյրութում տաքսու հայ վարորդը տիրապետում էր հինգ լեզվի, և դա բնական էր ընկալվում: Իսկ այսօր Հայաստանի վերնախավի մեծ մասը չի տիրապետում ոչ թե երեք, այլ անգամ երկու լեզվի: Ահա թե ինչու ժամանակակից կրթությունը ոչ միայն մեր վաղվա օրվա, այլև այսօրվա համար կարևոր ներդրում է:

 

XXI դարում կրթությունը դառնում է ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական հաջողության գրավականը: Հողն այլևս գլխավոր ակտիվ չէ: Այժմ այնքան կարևոր չէ, թե ինչքան տարածք, նավթ և ուրիշ նյութական ռեսուրսներ դու ունես, այլ այն, թե որքան կրթված, ստեղծագործ մարդ է ապրում քո երկրում: Իլոն Մասքը ծնվել և մեծացել է Հարավային Աֆրիկայում, սակայն մեկնել է ոչ թե Չեխիա, Ռուսաստան, Քենիա կամ Ֆրանսիա, այլ ԱՄՆ: Մենք ունենք մեր օրինակները, այդ թվումˋ Դավիդ Յանը: Հարցն այն է, թե ինչ է մեզ հարկավոր անել և ինչպիսի երկիր կառուցել, որպեսզի, անկախ դրա փոքրիկ չափերից, մենք կարողանանք պահել և նոր տաղանդավոր մարդկանց ներգրավվել այս տարածաշրջանից, ովքեր կգան մեզ մոտ ուսանելու և կմնան այստեղ: Կարծում եմˋ մեր առջև կանգնած գլխավոր խնդիրներից մեկն է հասկանալ, որ կրթությունը, որը կընդգրկի բոլոր տարիքային կատեգորիաները և թույլ կտա մարդկանց իրենց կյանքի ողջ ընթացքում սովորել և կատարելագործվել, լինելու է աշխարհում փոփոխությունների առանցքային շարժիչ ուժը, և այս բնագավառում մենք ունենք մրցակցային առավելություն:

 

Մենք ազգ ենք, որն ունի խելացի, կիրթ, տաղանդավոր և աշխատասեր մարդկանց անգնահատելի ակտիվ, որոնք պատրաստ են ներդնել կրթության ոլորտում: Ամերիկյան համալսարանը հաջողության հիանալի պատմություն է, և վերջին 25 տարիները ցույց տվեցին, թե որքան կարևոր է Ֆրանսիական և Սլավոնական համալսարանների հետ մեկտեղ նման ուսումնական հաստատություն ունենալ Հայաստանում: Ներկայում Չինաստանի կառավարության աջակցությամբ Հայաստանում բացվում է չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց: Սա հիանալի հնարավորություն և առավելություն է երկրի համարˋ ունենալ կրթության տարբեր մոդելներով և չափանիշներով գործող տարատեսակ ուսումնական հաստատություններ: Բացի այդ, մենք ունենք UWC Dilijan միջազգային քոլեջը, ԱՅԲ դպրոցը և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Բոլոր այս նախագծերը ապացուցում են, որ Հայաստանը կարող է ոչ միայն դառնալ տարածաշրջանային հանգույց աշխարհի հայության համար, այլև ինտեգրվել կրթության համաշխարհային համակարգինˋ չնայած Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա խնդիրներին: Իմ կարծիքով, միայն համաշխարհային սոցիալ-տնտեսական գործընթացներին ինտեգրվելու, տարածաշրջանային հանգույց դառնալու միջոցով Հայաստանը կարող է հաջողակ երկիր դառնալ:

 

Ես գտնում եմ, որ կրթության համար արդեն ժամանակն է դուրս գալ նոր մակարդակի վրա: Հայաստանի Ամերիկյան համալսարանը պետք է ուսանելու գրավիչ վայր լինի ոչ միայն Հայաստանում, այլև ուրիշ երկրներում բնակվող հայերի համար: Այն պետք է գրավիչ դառնա օտարազգի ուսանողների համար, ովքեր կգան սովորելու հենց այստեղ: Ահա այն նոր նշաձողը, որը մենք պետք է սահմանենք մեզ համար: Մաղթում եմ, որպեսզի մենք նշենք Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադրման 50-ամյակըˋ իմանալով, որ այնտեղ և Հայաստանի մյուս բուհերում սովորում են ուսանողներ ամբողջ աշխարհից: Հենց այս պատճառով տիկնոջսˋ Վերոնիկայի հետ, մենք մեր գործընկերների և բարեկամների հետ միասին հիմնեցինք UWC Dilijan միջազգային քոլեջը, որտեղ այսօր ուսանում են երեխաներ աշխարհի 72 երկրից: Քոլեջում գործում է կրթաթոշակների հատուկ ծրագիր, որի շնորհիվ Հայաստան են գալիս երեխաներ աշխարհի տարբեր անկյուններից, և որ ամենակարևորն էˋ Մերձավոր Արևելքի երկրներից, որոնք 100 տարի առաջ տուն դարձան բազմաթիվ հայ ընտանիքների համար:

 

Ցավոք, ճգնաժամը նորից բռնկվեց հենց այն նույն տեղում, որտեղ տառապում էին Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը: Այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայում, նույն պատմության կրկնությունն է: Մենք պետք է հիշենք, որ 100 տարի առաջ շատ արաբ ընտանիքներ, հարուստ ու հաջողակ չլինելով, այնուամենայնիվ օգնության ձեռք մեկնեցին մեր նախնիներին: Հենց այս պատճառով, մենք մեկ տարի առաջ հիմնեցինք հատուկ կրթաթոշակային հիմնադրամ, որը հակամարտություններից և տեղահանություններից տուժած Սիրիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Իսրայելի, Պաղեստինի, Լիբանանի փախստականների ճամբարների երեխաներին հնարավորություն կընձեռի ուսանելու աշխարհով մեկ սփռված UWC քոլեջներում՝ ներառյալ Հայաստանում: Եւ այսօր ես ցանկանում եմ հայտարարել, որ մենք հիմնել ենք հատուկ կրթաթոշակային հիմնադրամ Մերձավոր Արևելքի երկրների ուսանողների համար, որոնք կարող են կրթություն ստանալ Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

 

Կրթությունը մարդկային գործունեության ամենապահպանողական ոլորտներից մեկն է, և այն որոշ առումներով հենց այդպիսին էլ պետք է լինի: Այնուամենայնիվ, պետք է ճիշտ հավասարակշռություն գտնել կրթության պահպանողականության և այն նոր պահանջների միջև, թե ինչպիսին պետք է լինի կրթված մարդն այսօրվա իրականության մեջ:

 

Հիշել անցյալը, հպարտանալ ներկայով և միասին կառուցել ապագան

 

Խոսելով ժառանգության մասին՝ ես ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել այն մարդկանց, ովքեր շատ բան են արել և անում հայկական աշխարհի համարˋ Պողոս Նուբարին, Գալուստ Գյուլբենկյանին, Ալեք Մանուկյանին ու նրա ընտանիքին, Քըրք Քըրքորյանին: Սակայն մենք պետք է ոչ միայն հիշենք ու հարգենք նրանց և նրանց թողած ժառանգությունը, այլև պետք է հասկանանք, որ մեր պարտքն է սեփական գործերով բազմապատկել այդ ժառանգությունը: Ականավոր մարդիկ, ում անունները ես տվեցի, և շատ ուրիշներ, բազմաթիվ նախագծեր են կյանքի կոչել, որոնք ուղղված են հայ ազգի պահպանմանը: Այսօր կենսական անհրաժեշտություն է, որպեսզի նոր սերունդն աջակցի այդ նախագծերը: Չափազանց կարևոր է, թե ինչ ժառանգություն ենք մենք թողելու մեզանից հետո: Մենք ապրում ենք համեմատաբար ավելի խաղաղ ժամանակներում, առանց դաժան ճգնաժամերի, և մեր երեխաները չեն զգում հայ ազգի ժառանգությունը պահպանելու սուր անհրաժեշտությունը: Նրանցից ոմանք հարց են տալիս իրենց, թե որքանով է կարևոր կառչած մնալ հայկական արմատներին: Եվ մենք, ինչպես ասացի, ամուր կառչած ենք լինելու մեր արմատներին միայն այն դեպքում, եթե հպարտանալու առիթ ունենանք մեր հայ լինելով, և հասկանալու ենք, թե որքան կարևոր է պահպանել մեր ժառանգությունը, ինչպես դա արել են հայերի բազում սերունդներ:

 

Կարծում եմˋ շատ կարևոր է դա անել համատեղ ջանքերով: Սակայն հենց սրանում է գլխավոր բարդությունը: Մենք ազգ ենք, որը ողջ է մնացել: Իսկ ողջ մնացածները, ցավոք, կենտրոնացած են լոկ գոյատևման վրա: Իսկ մեզ հարկավոր է գոյատևումից անցում կատարել դեպի բարգավաճում, իսկ սա վարքագծի բացարձակ այլ մոդել է, ուստի մեզ պետք է անցնել ցավոտ վերափոխում: Գոյատևման մոդելը ենթադրում է, որ մարդը չի մտածում լայն ձևով, նրա հետաքրքրությունների շրջանակը սահմանափակվում է իր մտերիմներով, նրա մտահորիզոնը բավական նեղ է, նա չի երազում մեծ բաների մասին, մեծ նախագծեր չի իրականացնում: Նման մոդելի համար լավ փոխաբերական օրինակ է Հայաստանում տան շինարարությունը, երբ տունն աստիճանաբար մեծացվում է, և արդյունքում, դեպի ննջարան տանող մուտքն անցնում է խոհանոցի միջով: Նման մտածելակերպի փոփոխությունը դժվար խնդիր է: Եւ այստեղ հարցը փողի մեջ չէ: Մենք ուսումնասիրություն ենք կատարել, թե ինչ է պետք Հայաստանին բարգավաճման համար, և պարզել ենք, որ գալիք 15 տարվա համար անհրաժեշտ է զարգացման նախագծերում ներդնել շուրջ 8.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Մեկին այս գումարը կարող է խելահեղ թվալ, և նրանք կասեն, որ դա հնարավոր չէ: Այնուամենայնիվ, ցանկանում եմ ասել, որ վերջին 15 տարիների ընթացքում տարբեր կառույցներ և մասնավոր անձինք Հայաստանում ներդրել են մոտ 5 միլիարդ դոլար: Այնքան էլ մեծ տարբերություն չէ, երբ համեմատում ես 8.5 միլարդի հետ: Տարբերությունը միայն այն է, որ դա արվել է առանց համակարգման, փոխգործակցության բացակայությամբ: Երբ դու գտնվում ես գոյատևման ռեժիմում, մտածում ես սոսկ քո գոյատևման մասին: Քեզ աջակցում է միայն «ընտանիքը», և դու ուրիշ ոչ մեկին չես վստահում: Իսկ մեզ պետք է վստահել միմյանց:

 

Համագործակցությունը ենթադրում է փոխզիջում: Մինչդեռ մենքˋ հայերս, նախընտրում ենք մեր անհատականությունը: Մեզանից յուրաքանչյուրը կարծում է, թե իր սեփական «ես»-ը թիվ մեկ առաջնահերթություն է: Ուստի մեր վերնախավի այսօրվա խնդիրն ու պատասխանատվությունն է ապահովել համագործակցություն, քանի որ դա մեր ազգի ապագա հաջողության բանալին է: Ես հավատացած եմ, որ հայտնի և հարգված այնպիսի հայ գործարարներ, ինչպիսիք են Վաչե Մանուկյանը, Սամվել Կարապետյանը, Էդուարդո Էռնեկյանը և ուրիշներ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ղեկավարությունը, տարբեր կուսակցական առաջնորդներ, մտավորականությունը, ինչպես նաև Հայաստանի կառավարության ներկայացուցիչները կգտնեն համագործակցության եզրեր: Որովհետեև մենք չենք կարող հասնել հաջողության, եթե չմիավորենք ջանքերը և միասին չգտնենք այն հիմքը, որի վրա կկառուցենք նոր Հայաստանը և հայկական աշխարհը:

 

Բոլորին հայտնի է Ջոն Քեննեդիի արտահայտությունը. «Հաղթանակն ունի հազարավոր հայրեր, սակայն պարտությունը որբ է»: Մենք հարյուրավոր տարիներ որբ ենք եղել և մինչև հիմա պատրաստ չենք դառնալ հայր: Մենք պետք է սովորենք լինել հաղթողներ: Չէ որ մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, մենք հաղթեցինքˋ հռչակելով Հայասատանի անկախությունը: Ես ցանկանում եմ նորից հիշեցնել ձեզ այդ մասին: Եվ ի՞նչ է նշանակում լինել հաղթող, ապրել բարգավաճման մոդելում: Դա նշանակում է լինել լայնախոհ, ունենալ մեծ հավակնություններ, հասկանալ, թե որոնք են քո մրցակցային առավելությունները և ինչպես դու կարող ես օգտագործել դրանք, ինչպես համախմբվել մի աշխարհում, որտեղ մրցակցությունը չափազանց մեծ է: Մեզ ոչ ոք այնտեղ չի սպասում, ոչ մեկ չի սպասում, թե երբ է Հայաստանը դառնալու բարգավաճ երկիր, և ոչ ոք չի պատրաստվում մեզ օգնել այդ հարցում: Հայաստանը բարգավաճ դարձնելը մեր պարտքն է: Դա մեր խնդիրն էˋ հայկական սփյուռքը հաջողակ դարձնել աշխարհի տարբեր մասերում և օգնել հայերին այստեղˋ Հայաստանում, ինչպես նաև Արգենտինայում, Ամերիկայում, Կանադայում, և այլուր, որպեսզի հայերն իրենց համաշխարհային ցանցի մասնիկ զգան:

 

Կարծում եմˋ ձեզանից շատերը լսել են The New York Times պարբերականում հրապարակված և գլոբալ հայերին ուղղված բաց նամակի մասին, որի հեղինակներն են տարբեր երկրներում բնակվող մի խումբ հայեր, այդ թվում և ես: Ես ցանկանում եմ խոսքս ավարտելˋ ասելով շատ կարևոր բան: Գլոբալ ազգ լինելու համար բավարար չէ այդ մասին սոսկ հայտ ներկայացնել: Հարկավոր է փոխել մեր մտածելակերպը, վարքագիծը, բիզնես վարելու ձևը, և դա պետք է անել միասին և որքան հնարավոր է արագ: Հուսով եմ՝ գլոբալ հայերի շարժումը մեկ քայլ առաջ կլինի դեպի նոր որակի փոխհարաբերություններ, քանի որ մենք այդքան էլ շատ ժամանակ չունենք: Աշխարհը կտրուկ է փոխվում: Եւ հաջողության հասնելու համար մեր միակ հնարավորությունը միավորվելն է, միասին մեր կրթության, մեր ապագայում ներդրումներ կատարելը, հասկանալը, թե որոնք են մեր մրցակցային առավելությունները, Հայաստանն առողջապահության, կրթության, տեխնոլոգիաների, ֆինանսների, զբոսաշրջության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելը: Այնպես անել, որ հայկական սփյուռքը հասկանա, որ դա «հարկ» չէ, այլ ներդրում է, և այն ամենը, ինչ դու անում ես, միտված է քո ապագային: Այնպես անել, որ մեր նոր սերունդը հպարտ լինի հայ լինելու հանգամանքով, այլ ոչ թե սոսկ նրանով, որ իր նախնիները հայ են եղել:

 

Խոսքս ցանկանում եմ ավարտել Փիթեր Դրուքերի խոսքերով. «Ապագան կանխագուշակելու լավագույն տարբերակը այն ստեղծելն է»: Եկեք միասին ստեղծենք մեր ապագանˋ հենվելով մեր հզոր անցյալի վրա, և ոչ թե հանձնարարենք, որպեսզի այդ գործը մեր փոխարեն անեն մյուսները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին