1788 դիտում

Հաստատվել է Երեւանի Կայուն էներգետիկ զարգացման ծրագիրը


Լուսանկարը` https://financialtribune.com


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների համատեղ կենտրոնն ուսումնասիրել եւ հաստատել է ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում մշակված Երեւանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը» (ԿԷԶԳԾ):

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ ծրագիրը նախանշում է քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները, որի արդյունքում կնվազի էներգետիկ ռեսուրսների սպառումը, կկրճատվեն ջերմոցային գազերի արտանետումները եւ կբարելավվի բնական միջավայրը

Ծրագրի մշակումն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից տրամադրված տեխնիկական աջակցությամբ:

Համաձայն հաստատված ԿԷԶԳԾ-ի՝ Երեւանի համայնքային ջերմոցային գազերի արտանետումները մինչեւ 2020թ. կանխատեսվող արտանետումների համեմատ կարող են կրճատվել շուրջ 21%-ով, ինչը համարժեք է 237 հազ. տոննա CO₂–ի, որն իր հերթին կհանգեցնի էներգասպառման 16%-ով նվազեցման:

«Քաղաքապետերի դաշնագիրը» Եվրոպական Միության կողմից մեկնարկած նախաձեռնություն է, որը կոչված է հօգուտ «կանաչ տնտեսական աճ»-ի եւ կյանքի որակի բարելավման, համընդհանուր կամավորական պատասխանատվությամբ, միավորելու տեղական ինքնակառավարման մարմիններին եւ տարածաշրջանային իշխանություններին:

Դաշնագիրը ստորագրող համայնքները կամավոր համաձայնում են իրենց վարչական տարածքների էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի ոլորտներում իրականացնել համապատասխան գործողություններ, որոնք թույլ կտան մինչեւ 2020թ. առնվազն 20%-ով կրճատել ածխաթթու գազի (CO₂) արտանետումները:

Մինչ օրս նախաձեռնությանը միացել է տարբեր երկրների ավելի քան 7200 քաղաք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am