ՄԻՊ. Բաքուն Չինարիում թիրախավորել է խաղաղ բնակչությանը - Mediamax.am

4586 դիտում

ՄԻՊ. Բաքուն Չինարիում թիրախավորել է խաղաղ բնակչությանը


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: 2016թ. դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն հարձակման ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են խաղաղ բնակչությանը:

 

Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է միջազգային փաստահավաք զեկույցի չափանիշների համապատասխան փաստաթուղթը, որը կազմվել է Չինարիում հարձակումից հետո (ՄԻՊ) գրասենյակի փաստահավաք խմբի ծավալած աշխատանքի արդյունքում:

 

Արման Թաթոյանի խոսքով՝ հարձակումն ու հայ զինծառայողներից երեքին կյանքից զրկելը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ բացակայում էր հայկական կողմից հակառակորդին վնաս հասցնելու որեւէ վտանգ:

 

Անդրադառնալով զինծառայողներին կյանքից զրկելուն հաջորդող գործողություններինˋ Արման Թաթոյանը նշել է, որ դեկտեմբերի 29-ի առավոտյանˋ ժամը 8:00-ից սկսած, հակառակորդը գնդակոծություն է սկսել Չինարի գյուղի ուղղությամբ, որը շարունակվել է մինչ կեսօր:

 

«Այդ ընթացքում գյուղի բնակչությանը ստիպված է եղել պատսպարվել ապաստարաններում: Գյուղի տարածքում չկա զորամաս կամ որեւէ ռազմական օբյեկտ, ինչը շատ ավելի ակնհայտ է դարձնում հակառակորդի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու եւ վնաս հասցնելու մտադրությունը»,- ընդգծել է ՀՀ օմբուդսմենը:

 

Փաստահավաք խումբը գյուղում աշխատել է նաեւ տոնական օրերին եւ արձանագրել, որ Չինարիի մի շարք տներ, դպրոցն ու մանկապարտեզը հակառակորդի կողմից թիրախավորել եւ գնդակոծվել են նաեւ հունվարի 3-ին եւ 8-ին։

 

Հունվարի 13-ին հակառակորդը սկսել է կրակել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածի ուղղությամբˋ վտանգելով խաղաղ բնակչության երթեւեկությունը:

 

Օմբուդսմենը տեղեկացրել է, որ առաջիկայում բարձր մակարդակի հանդիպումներ է ունենալու Ստրասբուրգում, որոնց ընթացքում ներկայացվելու է զեկույցն ու փաստահավաք խմբի ունեցած եզրակացությունները:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին