«Ավրորան» ներկայացրել է հանրային կարծիքի հետազոտությունը - Mediamax.am

4662 դիտում

«Ավրորան» ներկայացրել է հանրային կարծիքի հետազոտությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացրել է հանրային կարծիքի հետազոտության արդյունքները:

Հանրային կարծիքի հետազոտությունը պարզել է, որ հարցմանը մասնակցած յոթ հայերից մեկը, իսկ օտարերկրացիների՝ քսանից մեկը տեղյակ է «Ավրորա» մրցանակի մասին:

 

Հետազոտությունն իրականացրել է New Place Consultancy ընկերությունը՝ Kantar Group-ի TNS Opinion միջազգային սոցիալական հետազոտությունների գործակալության խորհրդատվությամբ:

 

Հետազոտությունը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր լսել են «Ավրորա» մրցանակի մասին, մեծամասամբ դրական վերաբերմունք ունեն դրա նկատմամբ: Դրական վերաբերմունքի պատճառների թվում նշվում է, որ մրցանակը մեծարման է արժանացնում այնպիսի մարդկանց, ում աշխատանքն այլապես չէր ճանաչվի, ինչպես նաեւ նպաստում է աշխարհում հայերի դրական կերպարի ձեւավորմանը:

 

Հանրային կարծիքի հետազոտությունն անդրադարձել է նաեւ աշխարհում Հայաստանի ու հայերի մասին իրազեկվածությանը: Արդյունքները ցույց են տալիս, որ համաշխարհային հանրությունը հիմնականում գիտի հայկական համայնքների, հայկական խոհանոցի եւ պատմության մասին: 

 

 

Հետազոտությունը միեւնույն չափումները (գիտելիք, իրազեկվածություն, հետաքրքրություն, ներգրավվածություն) դիտարկել է նաեւ հայկական սփյուռքի շրջանում: Պարզվել է, որ հայերի մասին սփյուռքահայերի եւ օտարերկրացիների ընկալումները նման են. հայերն հիմնականում բնութագրվում են որպես հպարտ, ընկերասեր եւ հարգալից:

 

Չնայած հարցվածների մեկ երրորդի կարծիքով հայկական համայնքները կարեւոր են իրենց երկրներում ինչպես պետական, այնպես էլ տեղական մակարդակներում, սակայն հարցվածների մեծամասնությունը համարում է, որ հայկական համայնքները փոքր դեր են խաղում իրենց երկրներում:

 

Հայկական համայնքների ազդեցությունն ավելի շատ դիտարկվում է ինտելեկտուալ, մշակութային, սոցիալական եւ տնտեսական ոլորտներում: Քիմ Քարդաշյանը եւ Շերը գլխավորում են ամենաճանաչված հայ հայտնիների ցանկը՝ ինչպես համաշխարհային հանրության, այնպես էլ սփյուռքահայերի շրջանում:

 

Հայաստանի Հանրապետության մասին դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի նկատմամբ նշանակալի հետաքրքրվածություն կա որպես երկիր եւ որպես ճամփորդական ուղղություն: Չնայած համաշխարհային հանրության ներկայացուցիչները Հայաստանը չեն դիտարկում որպես գործարարությամբ զբաղվելու վայր, սփյուռքահայերի զգալի մասը ցանկանում է տեղեկանալ Հայաստանի գործարար միջավայրի մասին: Երկու հայերից մեկը եւ յոթ օտարերկրացիներից մեկը հավանական է համարում, որ ապագայում կայցելի Հայաստան:

 

Հետազոտությունն իրականացվել է երկու փուլով՝ 2016 թվականի մարտի եւ հունիս-հուլիս ամիսներին 10 երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Ֆրանսիա, Արգենտինա, Դանիա, Նորվեգիա, Հունաստան, Գերմանիա եւ Ռուսաստան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին