exclusive
3995 դիտում

ԵՄ-ն ասում է` զրո հանդուրժողականություն կոռուպցիային Հայաստանում


Պյոտր Սվիտալսկին
Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Լուսանկարը` Հայաստանում ԵՄ պատվիրակություն


Փետրվարի 1-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը պաշտոնապես ազդարարեց «Կանգնեցնե՛նք կոռուպցիան» տեղեկատվական արշավի մեկնարկը:

Այն մշակվել է ՀՀ կառավարության, կոռուպցիայի դեմ պայքարի փորձագետների, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Արշավի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը կոռուպցիայի բացասական հետեւանքների մասին, ինչպես նաեւ տեղեկացնել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի աջակցման գործում ԵՄ դերի մասին: Այն կշարունակվի 2017թ. ընթացքում` հանրության ուշադրությունը հրավիրելով կոռուպցիոն տարբեր դրսեւորումներին եւ Հայաստանում դրանց դեմ պայքարելու միջոցներին:



Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ցանկանում է 2017 թվականը դարձնել կոռուպցիայի դեմ պայքարի տարի։

«Մենք հավատում ենք, որ այս տարին հնարավորություն կընձեռի վճռական քայլ կատարել կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասել է նա` ողջունելով Հայաստանի նոր կառավարության եւ քաղաքացիական հասարակության կողմից արված քայլերը, որոնք արտահայտվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններով։ Դեսպանը շեշտել է արշավի մի քանի առաջնահերթությունները:



«Մեր հիմնական թիրախներից է քաղաքական կոռուպցիան: Չափազանց կարեւոր է ԱԺ ընտրություններից առաջ խոսել այն բացասական պրակտիկայի մասին, որը խաթարում է ընտրական գործընթացը, հատկապես` ընտրաձայների գնումը, ընտրակաշառքը, որը Հայաստանի համար խիստ բացասական հետեւանքներ է առաջացնում»,- նշում է դեսպանը:

Հաջորդը քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու կարեւորությունն է. «Քաղաքական գործունեությունը չպետք է ծառայեցվի բիզնեսին, եւ հակառակը՝ գործարարները չպետք է մուտք գործեն քաղաքականություն»,- շեշտում է Սվիտալսկին:

Նրա խոսքով, արշավի նպատակը հայ հասարակության լայն շրջանակներին կոռուպցիայի դեմ պայքարը քարոզելն է, եւ նախաձեռնության հաջողությունը մեծամասամբ կախված է հասարակ մարդկանց արձագանքից։ Նա կոչ է անում հայաստանցիներին զրո հանդուրժողականություն ցուցաբերել կոռուպցիայի ցանկացած դրսեւորմանը: 

Արշավը մատչելի գործիքների` անիմացիոն ֆիլմերի, հոլովակների, քարոզչական նյութերի միջոցով կբացատրի հայ հանրությանը, հատկապես` երիտասարդությանը, թե ինչ չարիքներ է պարունակում կոռուպցիան եւ ինչպիսի քայքայիչ հետեւանքներ կարող է այն ունենալ հասարակության համար:

Դեսպանը կարեւորում է այն հանգամանքը, որ Հայաստանի նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը դրել է իր առաջնահերթությունների շարքում եւ լուրջ ջանքեր է գործադրում նոր ինստիտուցիոնալ եւ օրենսդրական դաշտ ձեւավորելու, կոռուպցիայի դեմ պայքարի նոր համակարգեր ներդնելու ուղղությամբ:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը եւս կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը վերջին ժամանակահատվածում բավական լուրջ թափ է ստացել։ Նրա խոսքով, դրանք տեսանելի կլինեն 1,5-2 տարիների ընթացքում, իսկ միջազգային կառույցների սանդղակներում` արդեն հաջորդ տարի:

Զադոյանի ղեկավարած կառույցը կառավարությանը ներկայացրել է 6 առաջարկ` կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար.

-    ապօրինի հարստացման քրեականացում,
-    անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում,
-    տեղեկատվություն հայտնող անձանց՝ ազդարարների մասին օրենքի ընդունում,
-    վարչական կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող կենտրոնի գործարկում,
-    իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում,
-    բիզնես ոլորտի կոռուպցիոն խնդիրների վերհանում, լուծում՝ կառավարություն - ՀԿ-ներ - բիզնես ասոցիացիաներ ձեւաչափով:



Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծն արդեն իսկ ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից եւ ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: Իսկ անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման ուղղությամբ արդարադատության նախարարի ղեկավարությամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որին հանձնարարվել է վերջնական մոտեցում ձեւավորել:

Զադոյանը շեշտում է, որ առաջիկայում կստեղծվի էլեկտրոնային հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են կոռուպցիայի դրսեւորումների մասին հաղորդագրություններ թողնել։ Նա կարեւորում է այդ անձանց իրավունքների պաշտպանությունը եւ առաջարկում մշակել ազդարարների մասին օրենք, որով կսահմանվեն կոռուպցիոն հանցագործությունների մասին հայտնողի իրավական պաշտպանության մեխանիզմները:

Մյուս առաջարկների ուղղությամբ էլ տարվում են նախնական քննարկումներ:

Իր հերթին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության համար կարեւոր է օգտագործել մարդկային ներուժը եւ մի շարք նորարարական գործիքներ։

«Էլեկտրոնային գործիքները հնարավորություն են տալիս թափանցիկություն, արդյունավետություն եւ մասնակցային կառավարման համակարգ ձեւավորել։  Մենք ցանկանում ենք հասնել դրան»,- նշում է նա։



Փոխնախարարն առաջընթաց է համարում հատկապես այն, որ մի շարք ոլորտներում պետության հետ քաղաքացիների  հարաբերություններում` նոտարական, քաղաքացիական ակտերի գրանցման եւ այլն, ներմուծվել է էլեկտրոնային գրանցման համակարգը` նվազեցնելով թղթարարությունը: Գործարար ասպարեզում էլ այսօր ներդրվում է արտոնագրերի էլեկտրոնային գրանցամատյանների համակարգը:

Նրա խոսքով, կառավարությունը հետեւողական է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Արդեն իսկ քրեականացվել է ապօրինի հարստացումը, սահմանափակվել է կանխիկի շրջանառությունը բարձրաստիճան անձանց համար, գնումներին մասնակցած եւ հաղթած ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման օրենսդրական մեխանիզմներ են սահմանվել:

Նշենք, որ առ այսօր ԵՄ-ն արդեն իսկ 15 մլն եվրո է ծախսել Հայաստանում կոռուպցիայի  դեմ պայքարին աջակցելու նպատակով եւ պատրաստ է շարունակել աջակցությունը, այն պայմանով, որ հստակ ազդանշաններ տեսնի կառավարությունից եւ քաղաքացիական հասարակությունից, որ այդ պայքարն իմիտացիոն բնույթ չի կրելու: «Կանգնեցնե՛նք կոռուպցիան» նոր մեկնարկած տեղեկատվական արշավն այդ անհանդուրժողականությունը խթանելու առաջնահերթ միջոցներից մեկն է:

Դավիթ Ալավերդյան   

Հոդվածը գրվել է EU Neighbours east նախագծի աջակցությամբ։ Հոդվածում արտահայտված մտքերն ու կարծիքները հեղինակինն են։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am