ՀՀ դեսպանը մասնակցել է Մարիտե Կոնտրիմայտեի 70-ամյակի երեկոյին - Mediamax.am

3760 դիտում

ՀՀ դեսպանը մասնակցել է Մարիտե Կոնտրիմայտեի 70-ամյակի երեկոյին


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը Լիտվայի գրողների միությունում մասնակցել է լիտվացի գրող, բանաստեղծ, հայագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Մարիտե Կոնտրիմայտեի 70-ամյակին նվիրված հուշ-երեկոյին։

«Հաճախ մենք ասում ենք, թե որքան ժամանակ հիշում ենք անձին, այդքան էլ նա ողջ է համարվում։ Մարիտե Կոնտրիմայտեն մշտապես ողջ կմնա հայերիս հոգում եւ սրտում՝ մեր ժամանակակից պատմության եւ մշակույթի մեջ անջնջելի հետք թողնելու համար։ Նա կշարունակի համարվել Հայաստան-Լիտվա ջերմ բարեկամության հրաշալի խորհրդանիշ։ Հայաստանի հետ իր կապը Մարիտեն հավերժացրել է՝ Արցախում ազատ եւ անկախ ապրելու հայերի իրավունքին աջակցելու միջոցով։ Նա աջակցել է հայերին՝ տեսնելով մի ժողովրդի բազմաթիվ ճնշումների ներքո մղած պայքարը՝ հանուն ազատության եւ անկախության», - ասել է Տիգրան Մկրտչյանը:

 

2016 թվականին կյանքից հեռացած Մարիտե Կոնտրիմայտեն եղել է Լիտվայի «Սայուդիս» շարժման անդամ, 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո Լիտվայից օգնության կազմակերպման նախաձեռնողներից, Լեռնային Ղարաբաղի շարժման, Լիտվայի եւ Հայաստանի անկախացման, Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման ու հայ եւ լիտվացի ժողովուրդների բարեկամության խորացման եռանդուն պաշտպան։

 

Նա լիտվերեն է թարգմանել հատվածներ Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Սայաթ-Նովայի, Եղիշե Չարենցի, Սերո Խանզադյանի, Գեւորգ Էմինի, Պարույր Սեւակի, Հրանտ Մաթեւոսյանի եւ այլոց ստեղծագործություններից։

 

Մարիտե Կոնտրիմայտեի վերջին այցը Հայաստան կայացել էր 2015 թվականին, որի ընթացքում զրուցել էր Մեդիամաքսի հետ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին