Հայաստանում նվազել է սելեկտիվ աբորտների քանակը - Mediamax.am

6609 դիտում

Հայաստանում նվազել է սելեկտիվ աբորտների քանակը


Լուսանկարը` Christopher Mckenney


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2016 թվականին 100 աղջկա դիմաց Հայաստանում ծնվել է 112 տղա:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այս կապակցությամբ այսօր ասել է, որ երեք տարի շարունակ այս հարցում դրական միտում կա, քանզի 2013 թ-ին 100 աղջկա դիմաց ծնված տղաների թիվը 114 էր։

 

«Միանշանակ կարող ենք ասել, որ սա հաջողություն է: Հայաստանն այն եզակի  երկրներից է, որտեղ 5 տարվա ընթացքում դրական միտում է արձանագրվում: Կարծում եմ, դրա հիմնական պատճառներից մեկը խնդրիˋ հասարակության կողմից ընկալելի լինելն է»,- հավելել է Գարիկ Հայրապետյանը:

 

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն իր հերթին նկատել է, որ 2016-ից ուժի մեջ է մտել օրենսդրական փոփոխություն, որով Հայաստանում արգելվում է հղիությանˋ սեռով պայմանավորված ընդհատումը։ Բացի այդ, հղիության ընդհատման որոշման դեպքում ծնողին տրվում է սպասման 3 օր:

 

Գարիկ Հայրապետյանն էլ նկատել է, որ առկա է նաեւ աղջիկներին հասարակությանն ինտեգրելու խնդիրը, քանզի որոշ մարզերում ծնողներն իրենց աղջկան դպրոց չեն տանում, քանի որ դասարանում աղջիկները քիչ են կամ չկան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին