Երեւանում նշել են իտալական դիզայնի միջազգային օրը - Mediamax.am

exclusive
3806 դիտում

Երեւանում նշել են իտալական դիզայնի միջազգային օրը


Դավիդ Դոլչինին
Դավիդ Դոլչինին

Լուսանկարը` Karboxx.com

Լուսանկարը` Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Լուսանկարը` Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Լուսանկարը` Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Լուսանկարը` Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան


Այսօր Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում նշել են իտալական դիզայնի միջազգային օրը, որի շրջանակում բաց դասախոսությամբ հանդես է եկել իտալացի ճանաչված դիզայներ Դավիդ Դոլչինին:

 

Իտալիայի ԱԳՆ-ն իտալական դիզայնի միջազգային օրվա շրջանակում առաջին անգամ 100 երկրում, այդ թվում Հայաստանում իրականացնում է միջոցառում՝ նվիրված իտալական ՄՈԴԱՐՏ դիզայնի միտումներին: Իտալացի լավագույն դիզայներները նախագծի շրջանակում հանդես են գալիս դեսպանների դերում՝ ներկայացելով իրենց արվեստն ու գաղափարները:

 

«Մենք հաջողակ ենք Հայաստան բերել Իտալիայի գլխավոր դիզայներներից մեկին: Այսօր հնարավորություն ստեղծվեց, որպեսզի նրա գործունեությունը եւ դիզայնի կոնցեպտը ներկայացվի հայկական լսարանին»,- նշել է միջոցառմանը ներկա Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովանի Ռիչուլին:

 

Դավիդ Դոլչինին հայաստանյան այցի շրջանակում հասցրել է լինել Հայաստանի Ազգային պատկերասրահում եւ տպավորվել հայկական մշակույթով:

 

«Դիզայնը հասարակության արտացոլումն է, եւ 60-ականների դիզայնը, օրինակ, էապես տարբերվում են 70-ականների դիզայնից:  Տպավորված եմ հայկական մշակույթով: Հայկական արվեստը բավական լայն է, եւ շատ նմանություններ կան Իտալիայի հետ: Իտալիան տառապել է պատերազմների պատճառով, նույնը՝ Հայաստանը՝ ավելի երկար ժամանակահատված: Իսկ դիզայնը ծնվում է նաեւ տառապանքից: Երբ ցանկանում ես վերակառուցել քո աշխարհը, դա պետք է անես դիզայնի միջոցով»,- նշել է նա:

Լուսանկարը` Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  ռեկտոր Գագիկ Գալստյանը կարծիք է հայտնել, որ եթե ճարտարապետությունը հնարավոր է շոշափել, ապա դիզայնը՝ զգացմունք է:

 

«Շատ կարեւոր է հանդիպել գործի վարպետին, կիսել նրա մտքերը: Դավիդ Դոլչինին այսօր կարեւոր միտք արտահայտեց՝ դիզայնը պետք է լինի գեղեցիկ, պարզ, բայց նաեւ կիրառելի… Կարծում եմ, սա փայլուն հնարավորություն է ուսանողների եւ մասնագետների համար՝ իտալական նորագույն մոտեցումներին, նյութերին հաղորդակից լինելու առումով: Մեր համալսարանը տարիներ շարունակ սերտ համագործակցում է Իտալիայի դեսպանատան հետ, իրականացնում ենք կրթական եւ մշակութային ծրագրեր: Համոզված եմ, որ իտալական դիզայնի միջազգային օրը համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի», - ասել է Գագիկ Գալստյանը:

Լուսանկարը` Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Համալսարանի դիզայնի եւ զբոսաշրջության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արմեն Բուբուշյանն իր հերթին ասել է, որ ամենահամարձակ եւ պրոգրեսիվ դիզայներները գրեթե միշտ եղել են իտալացիները:

 

«Մեր համալսարանում մեծ քայլերով պայմաններ են ստեղծվում դիզայնի զարգացման համար եւ մենք հպարտ ենք, որ Երեւանն աշխարհի այն քաղաքների թվում է, որոնք ընտրված են իտալական դիզայնի համաշխարհային օրը նշելու համար»,- ընդգծել է Արմեն Բուբուշյանը: 

 

Նարինե Դանեղյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին