Արտոնություններ էլեկտրամոբիլների համար, որոնք դեռեւս վեցն են - Mediamax.am

exclusive
5825 դիտում

Արտոնություններ էլեկտրամոբիլների համար, որոնք դեռեւս վեցն են


Լուսանկարը` Karlis Dambrans


Երեւանի ավագանու որոշմամբˋ մարտի 6-ից ուժի մեջ կմտնի էլեկտրամոբիլներին ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին որոշումը: Նշված արտոնությունից օգտվելու համար էլեկտրամոբիլների սեփականատերերը կամ այլ օրինական տիրապետողները պետք է համապատասխան դիմում ուղարկեն Երեւանի քաղաքապետին՝ կցելով դիմումը հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթերը:

 

Էլեկտրամոբիլների սեփականատերերին ավտոկայանատեղերի տեղական վճարից («կարմիր գծեր») ազատելու առաջարկը քաղաքապետարանին էր ներկայացրել «Հայ-ամերիկյան բարեկամություն» ՀԿ-նˋ «Կանաչ ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակներում։

 

«Հայ-ամերիկյան բարեկամություն» ՀԿ խորհրդի անդամ, «Կանաչ ենթակառուցվածքներ» ծրագրի նախաձեռնողներից Ռուբեն Հարությունյանը Մեդիամաքսի հետ զրույցում նշել է, որ ինչպես քաղաքապետարանին ուղղվածˋ«կարմիր գծերի» տուրքից ազատելու, այնպես էլ կառավարությանըˋ էլեկտրամոբիլ հասկացությունն օրենքում ներառելու եւ դրա համար նախատեսված ճանապարհային նշաններ ունենալու հարցով դիմումներն արագ արձագանքի են արժանացել:

 

«Որոշեցինք սկսել օրենսդրական կարգավորումից եւ էլեկտրամոբիլ հասկացությունը օրենքում ներառելու քայլից, ինչի համար ՀՀ կառավարությանը ներկայացրեցինք «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ ճանապարհային նշանները կարգավորող ՀՀ Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը, որոնցով առաջարկվել են մի շարք կարգավորումներ՝ օրենսդրությունում էլեկտրամոբիլ հասկացության եւ դրա սպասարկման համար անհրաժեշտ ճանապարհային նշանների լրացման հետ կապված։

 

Արդյունքում ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունից ու Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենքի նախագծով առաջարկվող լրացումը ներառել ՀՀ ոստիկանության կողմից մշակվող համանուն նախագծում, իսկ ճանապարհային նշաններին առաջարկվել է անդրադառնալ վերը նշված օրենքի ուժի մեջ մտնելուց հետո»,-  ասել է Ռուբեն Հարությունյանը:

 

«Ժամանակակից տեխնոլոգիաները ցույց են տալիս, որ էլեկտրամոբիլով բավարար լիցքավորմամբ կարող են մինչեւ 200 կմ ճանապարհ գնալ: Այն անգամ ավելի մատչելի է, քան գազով լիցքավորումը: Համաշխարհային ավտոմոբիլաշինությունում էլեկտրականությամբ աշխատող ավտոմոբիլների՝ էլեկտրամոբիլների մասսայական արտադրությունը արդեն կայացած փաստ է, իսկ դրանց շահագործման, սպասարկման եւ այլ առանձնահատկությունները առաջ են բերել նոր իրավական կարգավորումների անհրաժեշտություն, ինչը արդեն իրականացվում է աշխարհի զարգացած երկրներում», - պատմել է մեր զրուցակիցը:

 

Նրա փոխանցմամբˋ որոշ երկրներում էլեկտրամոբիլները ներմուծման համար hարկային արտոնություններ ունեն.

 

«Նորվեգիայում, օրինակ, արտոնությունների հետեւանքով այնքան է շատացել էկոլոգիապես մաքուր այս փոխադրամիջոցի կիրառումը, որ հիմա քայլեր են մշակվում արտոնությունները սահմանափակելու համար: Էլեկտրամոբիլների կիրառումը նպատակահարմար է ոչ միայն էկոլոգիայի տեսանկյունից, այլեւ ներկրվող վառելիքից կախվածությունը նվազեցնելու առումով, ինչը Հայաստանի պարագայում շար արդիական է»,- նկատել է Ռուբեն Հարությունյանը:

 

Կարելի է ասել, որ Հայաստանում էլեկտրամոբիլների համար ներդրվող արտոնություններն ավելի շատ ապագային ուղղված քայլ են, քանի որ այսօր դրանց քանակը մեր երկրում շատ համեստ է: Ս.թ. հունվարին ՃՈ էլեկտրոնային ռեգիստրում հաշվառված է եղել ընդամենը 6 էլեկտրամոբիլ: Երեքը էլեկտրամոբիլների հետ ամենաշատը ասոցացվող Tesla մակնիշի ավտոմեքենաներ են (երկուսըˋ Tesla Model S սեդան, մեկըˋ Tesla Model X քրոսովեր), մեկըˋ Nissan Leaf, ինչպես նաեւ երկու Eagle մակնիշի բաց թափքով փոքր էլեկտրաավտոբուս:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին