Ալիեւին ծիծաղեցրել է այն միտքը, որ Հայաստանը նորարար երկիր է - Mediamax.am

13580 դիտում

Ալիեւին ծիծաղեցրել է այն միտքը, որ Հայաստանը նորարար երկիր է


Իլհամ Ալիեւը
Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` https://s2.openrussia.org


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «լավ կաներ ոչ թե հեքիաթներ պատմեր ֆրանսիական ընկերություններին», այլ ուշադրությունը կենտրոնացներ «երկրի սարսափելի տնտեսական վիճակի վրա»:

Ինչպես հաղորդում է Trend-ը, Փարիզում գտնվող Ադրբեջանի նախագահը այդ մասին ասել է Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժման (MEDEF) բիզնես-խորհրդի անդամների հետ հանդիպելիս: 

 

«Երբ ինձ ասացին, որ Հայաստանի նախագահը, ելույթ ունենալով MEDEF-ում մի քանի օր առաջ, փորձել է վարկաբեկել Ադրբեջանը եւ մեր երկրի տնտեսությունը, փոխանակ նրանց համոզեր ներդրումներ կատարել իր երկրում, ես զարմացա: Նա խոսում էր նորարարությունների մասին, ասում էր, որ Հայաստանը նորարարությունների երկիր է: Պարզ ասեմ՝ մենք Ադրբեջանում ծիծաղեցինք դրա վրա, որովհետեւ ասացվածք կա. «Եթե դու այդքան խելացի ես, ապա ինչո՞ւ ես այդքան աղքատ»: Այն փաստը, որ Հայաստանը բնական ռեսուրսներ չունի, չի նշանակում, որ բնակչությունը պետք է տուժի դրա հետեւանքով: Զարգացած երկրների մեծ մասը, այդ թվում եւ Ֆրանսիան, բնական ռեսուրսներ չունեն: Սակայն նրանք զարգացնում են իրենց երկրները՝ ճիշտ կառավարման, թափանցիկության, վստահելիության, ստանդարտների, կրթության, գիտելիքների եւ նորարարությունների շնորհիվ: Այնպես որ, Հայաստանի նախագահը ֆրանսիական ընկերություններին հեքիաթ պատմելու փոխարեն լավ կանի ուշադրությունը կենտրոնացնի իր երկրում տիրող սարսափելի տնտեսական վիճակի վրա, որտեղ բնակչության կեսից շատը ապագայի ոչ մի հեռանկար չունի եւ ապրում է աղքատության մակարդակից ցածր», - ասել է Իլհամ Ալիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին