exclusive
3037 դիտում

Հոռոմայրի վանքը «եվրանորոգելու են»


Լուսանկարը` http://360armenia.com


Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ կվերականգնվի Օձունի Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրը:

Ֆեյբուքում Լոռու մարզպետարանի պաշտոնական էջը տեղադրել է վերականգնման նախագծի լուսանկար, որին կից հայտնել է, որ «դեռեւս 2016թ. ամռանը վերին հուշարձանախմբի վերականգնման նախաձեռնությունը մարզի ղեկավարը քննարկել է Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ, եւ նախագծի կազմման, հուշարձանախմբի վերականգնման կարեւոր առաքելությունը վստահվել է Սուրեն Աբովյանին: Ընդամենը 5-6 ամիս անց այստեղ կրկին կհնչեն զանգերի ղողանջները: Ճարտարապետի տեղեկացմամբ, կվերականգնվի հարավային կողմի եկեղեցու տանիքը, ծածկը, շարժվող քարերը կամրացվեն, պատերը կմաքրվեն կավճային գրառումներից: Ինչ վերաբերում է հարավային կողմի եկեղեցուն, ապա վերականգնման ենթակա է քարե թաղածածկը՝ իր երկլանջ տանիքով, գավթի թաղերը, կտեղադրվի նաեւ զանգաշտարակը»:


Լուսանկարը՝ Լոռու մարզպետարան

Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հաuարակայնության հետ կապերի բաժին պետ Վահե Դոխոյանը Մեդիամաքսի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը` նշելով, որ վերականգնման աշխատանքները լինելու են Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի եւ Մշակույթի նախարարության համատեղ համակարգմամբ:
 
«Մարզպետն իր անձնական միջոցներով է հովանավորում եկեղեցու վերականգնումը: Բոլոր կողմերը տվել են համաձայնությունը: Նպատակն այն գործող եկեղեցի դարձնելն է»,- ասել է Վահե Դոխոյանը:

1187 թ-ին կառուցված համալիրը կազմված է շինությունների երկու խմբից՝ տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին եւ սարահարթի վրա։

Մեդիամաքսի հետ զրույցում վանական համալիրի վերականգնման նախագծի հեղինակ, ճարտարապետ Սուրեն Աբովյանն ասել է, որ վերականգնվելու է համալիրի` սարահարթի վրայի հատվածը: Հուշարձանախմբի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն ապրիլին, իսկ առայժմ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

«Աշխատանքներն ընթացքի մեջ են, ճարտարապետական չափագրումներն արված են, մենք ընդամենը նախնական տեսքն ենք վերականգնելու»,- ասել է նա:

Մեդիամաքսի հարցին` հնագիտական աշխատանքներ իրականացվե՞լ են, ինչպե՞ս են պարզել եկեղեցու նախնական տեսքը, արդյո՞ք որեւէ աղբյուրներից օգտվել են, Սուրեն Աբովյանը պատասխանվել է. «Պեղումներ իրականացնելու կարիք չկա: Լուսանկարներ եւ այլ աղբյուրներ չեն հասել մեզ: Տեղում թափված քարերը կան, երեւում է, թե ինչ մասեր է ունեցել: Այդ ամենն ուսումնասիրելով, մասնագետի աչքով արդեն տեսքը ստացվում է: Ստացվել է այն, ինչ կա»:

Սուրեն Աբովյանն ասել է, որ վանական համալիրի վերականգնման համար կպահանջվի մոտ 20 մլն դրամ:

Մեդիամաքսը գրավոր հարցում է ուղարկել նաեւ Մշակույթի նախարարություն` հետաքրքրվելով` արդյոք վերականգնման էսքիզային նախագծի տարբերակը քննարկվե՞լ է գիտամեթոդական խորհրդում եւ արժանանացե՞լ է համապատասխան մասնագետների համաձայնությանը։

Լուսանկարը` wikimedia.org


Պատմական հուշարձաններ վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը Մեդիամաքսին ասել է, որ ինքը գիտխորհրդի անդամ է, եւ իրենք երբեք չեն քննարկել Հոռոմայրի վերին հուշարձանախմբի վերականգնման նախագծեր:

«Եթե չի քննարկվել, գիտխորհրդի եզրակացություն չի եղել, ուրեմն նախագիծը չի մտել նախարարություն, չի հաստատվել: Առանց հնագիտական աշխատանքներ իրականացնելու, հիմքերը եւ պատերի սեյսմիկ վիճակը ստուգելու… ես չեմ ճանաչում այդ ճարտարապետին, բայց դա սիրողական վերաբերմունք է: Ես զարմանում եմ, որ երբեւիցե պատմական հուշարձան չվերականգնած ճարտարապետին նման կարեւորագույն պատմական հուշարձան է վստահվել վերականգնել»,- ասել է Ստեփան Նալբանդյանը:

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am