ՀՀ մշակույթի նախարարությունում ներկայացվել է Գյումրու Աճեմյան 2 հասցեում գտնվող շենքը վերականգնման հայեցակարգն ու շինարարական նախագիծը:
Այս շենքի մաս է կազմում նաեւ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից Ֆրունզիկ Մկրտչյանի եւ Գալյա Նովենցի մասնակցությամբ հայտնի տեսարանի պատշգամբը, որի անմխիթար վիճակին Մեդիամաքսն անդրադարձել էր ամիսներ առաջ:
Լուսանկարը` Մեդիամաքս
1 միլիոն 100 հազար եվրո արժեցող վերականգնման նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Գայանե Նազլուխանյանը եւ Մանուկ Սողոմոնյանը, 3D մոդելավորման հեղինակն է ճարտարապետ Աշոտ Ղազարյանը։
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ ծրագիրը «Կումայրի» պատմական հատվածը վերականգնելու՝ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության տրամաբանական մասն է։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Իտալիայի եւ Հայաստանի կառավարությունների ֆինանսական աջակցությամբˋ տարիներ առաջ սկսվել է շենքի մի հատվածի վերանորոգումը: Վերանորոգված մասում 2012 թվականից գործում է Շիրակի մարզային գրադարանը:
Լուսանկարը` Մշակույթի նախարարություն
Մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանի փոխանցմամբˋ շենքի մյուս հատվածի վերանորոգման ծրագրում ուշագրավ է մշակութային-կիրառական նշանակությունը. բակում՝ ամենատարբեր միջոցառումների հարթակ, ներսում՝ Ազգային պատկերասրահի մասնաճյուղ, ֆիլմերի եւ լուսանկարչական, արվեստի նմուշների վերականգնման լաբորատորիաներ, շենքի պատմության թանգարան եւ այլն:
Լուսանկարը` Մշակույթի նախարարություն
Ինչպես հաղորդում են մշակույթի նախարարությունից, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն եւ ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին պատրաստակամություն են հայտնել մասնակցել շենքի վերականգնման նախագծին եւ նշել են, որ ՄԱԿ-ի գրասենյակը կփորձի դոնորների հավաք կազմակերպել եւ ներկայացնել շենքի վերանորոգման ծրագիրը։
Առաջիկայում Մեդիամաքսը պատմելու է «Կումայրի» պատմական հատվածի վերականգնման ծրագրի մասին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: