Ձերբակալվել է Սամվել Բաբայանը - Mediamax.am

8378 դիտում

Ձերբակալվել է Սամվել Բաբայանը


Սամվել Բաբայանը
Սամվել Բաբայանը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնն այսօր հայտնել է, որ մաքսանենգ եղանակով Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ Սամվել Բաբայանը։

«Կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաեւ արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

 

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ըստ մամուլի հաղորդումների, համարվում էր «Oհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) նախընտրական դաշինքի «ստվերային համակարգողը»: Ինքը` Բաբայանը, այդ պնդումները հերքում էր:

 

Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավերապես, ասված է.

 

«Այսօր ՀՀ ԱԱԾ–ի կողմից բերման է ենթարկվել ԼՂՀ ՊՆ եւ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը։

 

Իշխանությունների այս քայլը կանխատեսելի էր։ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի դեմ կազմակերպված ակնհայտ սադրանքը, ինչպես նաեւ դաշինքի շտաբների ու պատգամավորության թեկնածուների նկատմամբ զանգվածային բնույթ կրող ճնշումները նպատակ էին հետապնդում վախի մթնոլորտ տարածել եւ խոչընդոտել մեր աշխատանքները։ Այսօր արդեն անցել են այլ մեթոդների։

 

Ուշագրավն այն է, որ որոշ գործիչների միջոցով, ինչպես նաեւ բացահայտ ու քողարկված իշխանամետ լրատվամիջոցներով օրեր շարունակ նախապատրաստվում էր Սամվել Բաբայանի դեմ քայլը։

 

Մենք իշխանությունների այս վարքագիծը գնահատում ենք որպես մեր երկրում վախի մթնոլորտ ձեւավորելուն եւ ընտրությունների արդյունքների վրա հակաօրինական միջոցներով ազդելուն ուղղված քայլ»:

 

Սամվել Բաբայանը երկարատեւ ընդմիջումից հետո Հայաստան էր վերադարձել 2016 թվականի մայիսին:

 

Սամվել Բաբայանի մասին Մեդիամաքսը պատմել էր իր «Պարզաբանում» խորագրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին