Երեւանում ավարտվել է հանրօգուտ ներդրումների գլոբալ գագաթաժողովը - Mediamax.am

4610 դիտում

Երեւանում ավարտվել է հանրօգուտ ներդրումների գլոբալ գագաթաժողովը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում իր աշխատանքն է ավարտել «Զարգացմանն ուղղված հանրօգուտ ներդրում» գլոբալ գագաթաժողովը, որը կազմակերպվել էր Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ INSEAD բիզնես-դպրոցի սոցիալական ազդեցությունը խթանող նախաձեռնության կողմից:

Գագաթաժողովի ընթացքում քննարկվում էին «Ինչպե՞ս ֆինանսավորել զարգացմանն ուղղված գործունեությունն առաջիկա տասնհինգ տարիներին: Ինչպե՞ս ներգրավել իրական նորարարներին զարգացման գործընթացին: Արդյո՞ք հանրօգուտ ներդրումներն (impact investment) իրատեսական են մասնավոր եւ պետական հատվածների համար» եւ այլ հարցեր:

 

Երկօրյա գագաթաժողովի ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչները, սոցիալական ձեռներեցները, հանրօգուտ ներդրողները, կառավարության եւ գիտական շրջանակների  ներկայացուցիչներն ինտերակտիվ թեմատիկ քննարկումների միջոցով փորձեցին բացահայտել հանրօգուտ ներդրումների եւ սոցիալական ձեռնարկատիրության ներուժը, որոնց միջոցով հնարավոր կլինի մինչեւ 2030թ. հասնել Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործմանը եւ որակապես նոր մակարդակի հասցնել գլոբալ  զարգացումը:

 

Նախորդ տասնամյակում հանրօգուտ ներդրումների ոլորտը հսկայական աճ է արձանագրել: J.P. Morgan ընկերության 2015թ. հետազոտության համաձայն` ընկերությունները 60 մլրդ. ԱՄՆ դոլար են ներդրել ոլորտում:

 

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ  Բրեդլի Բուզետտոյի կարծիքով այս ծրագիրը շրջադարձային է եւ ՄԱԶԾ-ի, եւ Հայաստանի համար:

 

«Նորարարությունների ոլորտում առաջատար լինելով՝ մենք գիտակցում ենք զարգացման գործընթացում նորարարներին ներգրավելու արժեքը, ինչպես նաեւ հարթակների ստեղծումը, որոնք փորձարկումներ իրականացնելու, մտքերի փոխանակման եւ հաջողության գրավական են: Այս գագաթաժողովը նմանատիպ մի հարթակ է: Բոլոր մեր գործընկերները՝ INSEAD-ը, Impact Hub Yerevan-ը, TEDxYerevan-ը, EVPA-ը, EFSE-ը, ՀԲԸՄ-ը, TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, հսկայական ներդրում ունեն հաջողության ապահովման գործում՝ խթանելով նորարարությունը եւ ձեռներեցությունը երկրում»:

 

Նախատեսվում է, որ ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, ՄԱԶԾ-ի եւ Stanford ChangeLabs-ի աջակցությամբ կհյուրընկալի իր տեսակի մեջ առաջին ԿԶՆ ազգային լաբորատորիան Հայաստանում: Այն կհավաքագրի տաղանդաշատ երիտասարդների, ովքեր իրենց յուրօրինակ մտածելակերպով նոր լուծումներ կառաջարկեն Հայաստանի սոցիալ-տնտեսական ու բնապահպանական մարտահրավերներին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին