Գրավել ներդրողին հայերի գյուտերով. հոլովակի պատմությունը - Mediamax.am

exclusive
4329 դիտում

Գրավել ներդրողին հայերի գյուտերով. հոլովակի պատմությունը


Լուսանկարը`


Գունավոր հեռուստացույց, ծորակ, բանկոմատ, անվասայլակ, մեքենայի ավտոմատ փոխանցման տուփ եւ բազմաթիվ այլ գյուտեր, որոնք փոխել են մարդկության կյանքի ընթացքն ու հեշտացրել առօրյան, «ծնվել են» հայերի ձեռքերով:

 

Համաշխարհային գիտական առաջընթացի մեջ հայերի կատարած ներդրումն ընդգծելու եւ այդ գյուտարարության հետագա շարունակականությունն ապահովելու նպատակով Doping Creative գովազդային գործակալությունում պատրաստել են հայերի արած նորարարությունների մասին պատմող տեսանյութ:

 

Հեղինակները գովազդային ընկերության ռեժիսոր Հովհաննես Մարգարյանը, ստեղծագործական տնօրեն Աշոտ Հովակիմյանը եւ օպերատոր Արման Օրդյանն են:

 

Տեսահոլովակը ոչ կոմերցիոն հիմունքներով տրամադրվել է ՀՀ կառավարությանը:

 

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին կից կառավարության ղեկավարը գրառում էր կատարել. «Մեր ազգի միտքն ու երեւակայությունն անսպառ են։ Նպատակային ներդրումների դեպքում նորարարությունների այս ցանկն անվերջ կշարունակվի»:

 

 

 

Հրապարակումից մեկ օր անց` մարտի 23-ի կառավարության նիստում արդեն վարչապետը, որպես հաջող օրինակ բերելով Nation of innovation տեսանյութը, հանձնարարել է Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գովազդվող հոլովակներ պատրաստել եւ տարածել:

 

Տեսանյութի ստեղծման շարժառիթներն ու պատմությունը Մեդիամաքսը փորձել է պարզել Doping Creative գովազդային գործակալության հիմնադիր տնօրեն Հայկ Սիմոնյանից, ով ասել է, որ գաղափարը ծագել է երկու տարի առաջ:

 

«Մենք ոչինչ չենք բացահայտել, այդ գյուտերի մասին բոլորին հատնի է, մենք պարզապես ընդգծել ենք այն կարողությունները եւ ներուժը, որ ունի մեր ազգը: Որոշեցինք անդրադառնալ նաեւ ՏՏ ոլորտում մեր վերջին տարիների նորարարություններին: Գաղափարն ունենալուն պես որոնում էինք հարթակ, ուր կարող էինք դա առաջարկել: Իմանալով «Ներդրեք Հայաստանում» ծրագրի մասին, որոշեցինք առաջարկել ՀՀ կառավարությանը: Լինելով գործարար, հասկացա, որ այդ ծրագրին ինչ-որ կերպ սատարելու պարտավորություն ունեմ»,- ասել է Հայկ Սիմոնյանը:

 

Տեսահոլովակի թիրախային խումբը լինելու է արտասահմանցի պոտենցիալ ներդրողը: Այդ պատճառով տեսահոլովակի հեղինակները որոշել են կենտրոնանալ գյուտերի վրա, ցույց տալ լուծումները, որոնք հեշտացրել են մարդկության կյանքը:  Այսպիսով, արտասահմանյան ներդրողների ուշադրությունը սեւեռվում է այն բաների վրա, որոնցից օգտվում են իրենք առօրյայում եւ որոնք ստեղծել են հայ ազգի ներկայացուցիչները:

 

«Դրանով մենք կընդգծենք, թե ինչ ներուժ ունի մեր ազգը եւ որ ներդրումների դեպքում հնարավոր է շարունակական դարձնել այդ գյուտերը: Տեսահոլովակում ներկայացված են ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ սփյուռքի հայերի նորարարությունները: Մենք տարանջատում չենք արել: Քանի որ գաղափարը շատ լավ ընդունվեց, որոշեցինք այդպիսի առանձին տեսահոլովակներ պատրաստել ըստ ոլորտների` ՏՏ, ֆիզիկա, կենսաբանություն եւ այլն: Ցույց կտանք ոչ միայն գյուտերը,  այլեւ կներկայացնենք հաջողված աշխատանքները»,- ասել է Հայկ Սիմոնյանը:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին