Մարտի 20-26-ի նախընտրական լավագույն ցիտատները - Mediamax.am

exclusive
2515 դիտում

Մարտի 20-26-ի նախընտրական լավագույն ցիտատները


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Արնձնական արխիվից

Լուսանկարը` Photolure


Մեդիամաքսը իր մշակած ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի միջոցով առանձնացրել է նախորդ շաբաթվա առավել հետաքրքիր նախընտրական ցիտատները:

 

***

 

Հովհաննես Հովհաննիսյան, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

Լուսանկարը` Անձնական արխիվից

«Թուրը, այդ խեղճուկրակ ընտանիքի գլխին դրված թագը եւ թիկնոցը խորհրդանշում են իշխանությունը։ Սա նշանակում է՝ իշխանությունը տալիս ենք հասարակ ժողովրդին, հասարակությանը։ Ես այս ընտանիքին հանդիպել եմ փողոցում, քայլում էի Գյումրիի հրապարակում ու պատահական տեսա իրենց, կանգնեցրեցի, խնդրեցի, թե դուք կնկարվե՞ք իմ հետ, իրենք մեծ սիրով համաձայնել են։ Ես էլ սիրով իրենց հետ նկարվեցի, եւ ինձ համար սա աշխարհի ամենագեղեցիկ նկարն է․ իմ հասարակ ժողովրդի կողքը կանգնած՝ ես իրենց վերադարձնում եմ իշխանությունը։

 

Մի խոսքով, հանպատրաստից նկարել ենք, իրենք ձայնը մեզ են տալիս, իսկ մենք իշխանությունը իրենց ենք վերադարձնում, այն իշխանությունը, որը միշտ իրենն է եղել։ Թուրը, թագը, թիկնոցը իշխանություն են, երեք բառերն էլ «թ»-ով են։ Ուշադրություն դարձրեք, «թ»-ով սկսվում է նաեւ թագավորությունը, «թ»-ով սկսվող ամեն ինչ մենք իրենց ենք տալիս, իրենք էլ իրենց ձայնն են մեզ տալիս»:

 

ՕՐՕ դաշինքով առաջադրված թեկնածուն պատասխանել է Aravot.am-ի այն հարցին, թե ինչ է խորհրդանշում իր ցուցապաստառը:

 

***

 

Սամվել Ալեքսանյան, ՀՀԿ

Լուսանկարը` PAN Photo

«Ես ոչ բիզնես ունեմ, ոչ բան ունեմ, ո՞նց եմ օգնելու էս մարդկանց: Ես հոգով-սրտով ժողովրդի հետ եմ, իրանց հերիք ա»:

 

Սամվել Ալեքսանյանը պատասխանել է լրագրողների այն դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում ՀՀԿ-ականների կողմից բաժանվող ընտրակաշառնքերի մասին:

 

***

 

Սեյրան Օհանյան, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

Լուսանկարը` Արնձնական արխիվից

«Եվ այդ քննադատությունը, որ մերթընդմերթ իմ ընտանիքի նկտամամբ ուղղվում է, ես դա ճիշտ չեմ համարում: Որովհետեւ գեղեցկությունը դեռեւս չի նշանակում շքեղություն եւ այդ ծաղիկները կամ հագուստը գեղեցիկ ապրելու, ձգտելու արդյունք է: Եվ բացի դրանից, ես կարեւորում եմ նաեւ կնոջ գիտելիքները, նրա բանականությունը եւ նրա պատրաստականությունը՝ տղամարդու կողքին լինել…

 

...Այսօր քաղաքական գործընթացներում, իհարկե, որքան էլ լարված է մեր կյանքը, ի վերջո, տուն ենք գնում, չէ՞: Կլինի՞ որեւիցե մեկ անձնավորություն, մեկ տղամարդ, տանտեր, ով որ կասի՝ տանը վերջում ինչ-որ բանով չի կիսվում իր կնոջ հետ: Եվ կնոջ խելացի միտքը միշտ պետք է փորձել օգտագործել»

 

Սեյրան Օհանյանը պատասխանել է «Ազատության» լրագրողի հարցերին:

 

***

 

Տաճատ Վարդապետյան, ՀՀԿ

 

«Պոեզիայից մեջբերումները քաղաքական միտքն ավելի ազդեցիկ են դարձնում: Ժամանակակից քաղաքական լեքսիկոնում շատ է կիրառվում այդ տարբերակը, մեջբերումները մեծերի խոսքերից ավելի ազդեցիկ են դարձնում քաղաքական միտքը: Բոլոր դեպքերում, պոեզիան բուժիչ առաքելություն ունի, հետո նաեւ մարդկային հոգին է ախտահանում, որի կարիքը բոլորն ունեն»:

 

Հատված Tert.am-ի հետ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում պատգամավորության թեկնածուի զրույցից:

 

***

 

Վարդան Օսկանյան, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

Լուսանկարը` Photolure

«Ուզում եմ գնալ յուրաքանչյուր քաղաքացու մեկ-մեկ բռնել եւ այսպես թափ տալ ու ասել՝ ամսի 2-ին գնացեք եւ ձայնը տվեք ինձ: Որովհետեւ ես զգում եմ, որ ես կարող եմ այս երկրում իրավիճակ փոխել: Զգում եմ, որ իրոք գիտենք այդ խնդիրները ինչ են, զգում եմ, որ ակնհայտ են լուծումները, եւ նաեւ ուզում եմ ասել, որ այդ ճանապարհը անցել ենք, ես արել եմ, հաջողություններ ունեցել ենք»:

 

Հատված Արթիկում Վարդան Օսկանյանի նախընտրական ելույթից:

 

***

 

Գագիկ Ծառուկյան, «Ծառուկյան» դաշինք

Լուսանկարը` Photolure

«Աշխատանքի ընդունելը չպետք է լինի ծանոթով կամ զանգով: Պիտի նայել, թե ինչքան արդյունավետ է նա, ինչքան ջերմ է եղել մարդկանց հետ, եթե քեզ հարցով դիմում են, կարաս թեկուզ հարցը չլուծես, բայց պիտի ջերմ լինես: Կյանքն աստիճան ա, ոչ մեկն իր տեղում չի մնալու, մեկը բարձրանում ա, մեկը իջնում ա, մեկը կանգնում ա»:

 

Սիսիան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը՝ նշելով, որ սա վերաբերում է հատկապես կառավարման ոլորտում աշխատանքի ընդունվելուն:

 

***

 

Տիգրան Արզաքանցյան, ՀՀԿ

 

«Այսօր ես արդեն կարող եմ իմ ձեռնարկությունների աշխատանքի կառավարումը վստահել իմ որդիներին եւ պարզապես հեռվից հետեւել նրանց աշխատանքին, անհրաժեշտության դեպքում օգնել խորհրդով եւ ինձ կրկին նվիրել օրենսդիր աշխատանքին, հատկապես այն պարագայում, երբ տեսնում եմ, թե ինչպիսի ճգնաժամային վիճակում է հայտնվել մեր տնտեսությունը»:

 

Հատված «Դե Ֆակտո» ամսագրին տված հարցազրույցից:

 

Պատրաստեց Մարիամ Մանոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին