Վերոնիկա Զոնաբենդ. Դուք եք ձեր կյանքի ճարտարապետը - Mediamax.am

16180 դիտում

Վերոնիկա Զոնաբենդ. Դուք եք ձեր կյանքի ճարտարապետը


Լուսանկարը` Ռուս-Հայկական Համալսարան


Ապրիլի 20-ին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում IDeA եւ Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել դասախոսությամբ: Ներկայացնում ենք հատվածներ Վերոնիկա Զոնաբենդի ելույթից:

 

Արհեստական բանականությունն ու «նախահարմարեցումը»

 

Թվային աշխարհում պայքար է մղվելու ստեղծագործական ներուժի համար` այն մարդկանց համար, որոնք կկարողանան տեղեկատվական հոսքերից որեւէ նոր բան ստեղծել: Արհեստական բանականության զարգացման արդյունքում ստանդարտ գործողությունները կսկսեն իրականացնել ռոբոտներն ու համակարգիչները: Ամենասկզբում կսկսեն անհետանալ իրավաբանի, ֆինանսիստի, հաշվապահի, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների մասնագիտությունները, քանի որ մեքենան ավելի արագ կարող է իրականացնել ստանդարտ գործողություններ եւ ընտրել բազում տարբերակներից որեւէ մեկը:

 

Այդ դեպքում ո՞վ պահանջված կլինի ապագայում: Առաջին հերթին` ստեղծագործ անհատը: Ստեղծագործ է այն անհատը, որը փորձում է ոչ ստանդարտ լուծումներ գտնել: Նա կարող է միավորել ալգորիթմական լուծման չտրվող այն կետերը, որոնք նախկինում ոչ ոք չի միավորել: Դա անելու համար լայն մտահորիզոն է հարկավոր: Ստեղծարար միտք հնարավոր չէ զարգացնել առանց խորը գիտելիքների:

 

«Նախահարմարեցումը» ապագայի տերմին է: Ի՞նչ է նշանակում «նախահարմարեցում»: Ադապտացիան կյանքի նոր պայմաններում հարմարվելու եւ գոյատեւելու կարողությունն է: Հայերի մոտ դա լավ է ստացվում: Դրան է նվիրված նաեւ «Ավրորա» նախաձեռնության նշանաբանը` From survival to prosperity (Փրկությունից դեպի բարգավաճում): Ի տարբերություն ադապտացիայի, «նախահարմարեցումն» ուղղված է նոր հնարավորությունների եւ նորարար լուծումների ստեղծմանը: «Նախահարմարեցումը» որակ է, որն ամեն մարդ պետք է զարգացնի իր մեջ: Դա անորոշությունը ոչ թե որպես փորձություն կամ սթրեսի աղբյուր, այլ որպես նոր հնարավորությունների աղբյուր ընկալելու կարողությունն է:

 

Այս պահին մենք չգիտենք այն մասնագիտությունների 80%-ը, որոնք պահանջված կլինեն 15-20 տարի հետո: Սակայն ապագայում, ամենայն հավանականությամբ, պահանջված կլինեն այն մասնագիտությունները, որոնք կապված են մարդկանց միջեւ փոխհարաբերությունների հետ:

 

Ուսուցիչը` ապագայի մասնագիտություն

 

Ուսուցչի մասնագիտությունը միշտ եղել է եւ կլինի պահանջված: Ապագայում ուսուցիչները կլինեն նորարարներ: Նրանք կփորձեն անծանոթ իրավիճակների համար նոր լուծումներ գտնել: Ուսուցչի մասնագիտությունը ստեղծագործական է: Ապագայի կրթությունը նվիրված կլինի երկխոսություններին, կարծիքների փոխանակմանն ու մենթորությանը:

 

Կրթության ժամանակակից համակարգը, որը ձեւավորում է ապագայի հիմնական ակտիվը, ծայրաստիճան անարդյունավետ է: Այդ համակարգը ստեղծվել է արդյունաբերական հասարակարգի ներքո, որը պահանջում էր պատրաստել մեծ թվով ստանդարտ գործողություններ իրականացնող մասնագետներ:

 

«Free from school» շարժման մասին

 

Կարծում եմ, որ «Free from school»-ը բողոքի ակցիա է, քանի որ գոյություն ունեցող կրթական համակարգն իրեն չի արդարացնում: Բազմաթիվ ծնողներ վերջին շրջանում մտածում են, որ իրենց երեխան տանը կարող է ավելի շատ բան սովորել, քան դպրոցում: Մտածում եմ, որ առաջիկայում օնլայն կրթության մասնաբաժինը կավելանա: Սակայն ժամանակակից անհատին անհրաժեշտ են նաեւ սոցիալական հմտություններ, թիմում աշխատելու կարողություն: Ինձ թվում է, որ «Free from school»-ը բողոքի ակցիացից կվերածվի կրթական նոր ձեւաչափի:

 

Դիլիջանի կլաստերը` որպես կրթության էկոհամակարգ

 

Ուսուցումն այն չէ, ինչ իրականացվում է դասարաններում: Ուսուցումը վերաբերվում է ողջ էկոհամակարգին: Այս պահին մենք փորձում ենք ստեղծել Դիլիջանի կրթական կլաստերը, որտեղ կենտրոնական տեղ է զբաղեցնում ուսուցիչների վերապատրաստման գաղափարը:

 

Խոսքը գնում է կրթական այնպիսի միջավայրի ստեղծման մասին, որը երեխաների մոտ հետինդուստրիալ հասարակության մեջ հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններ կձեւավորի: Մենք փորձում ենք ստեղծել մի ընդհանուր տարածություն, որտեղ կրտսեր, միջին, ավագ դպրոցների եւ միջին մասնագիտական հաստատությունների ուսուցիչների աշխատանքը կհամաձայնեցվի: Դիլիջանի կլաստերը ստեղծվում է մասնավոր-պետություն համագործակցության սկզբունքով, ինչը թույլ է տալիս կրթության ոլորտում պատրաստել մասնագետներ, լավագույններին ներգրավվելով դեպի ուսուցչի մասնագիտություն: Այս նպատակին հասնելու համար մենք սերտորեն համագործակցում ենք Teach for Armenia նախաձեռնության հետ:

 

Եթե հավատաս, ամեն ինչի կարող ես հասնել

 

Ես անկեղծորեն հավատում եմ, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի լավագույն կրթական հանգույցը, որտեղ կգան սովորելու աշխարհի տարբեր երկրներից: Մեր դպրոցի օրինակը ցույց է տալիս, որ դա հնարավոր է: Հայաստանը շատ գրավիչ տեղ է ոչ ստանդարտ լուծումներ փնտրող ստեղծարար մարդկանց համար: Իհարկե, երկիրն ունի աշխարհաքաղաքական խնդիրներ, սակայն իրականությունը շատ արագ է փոխվում: Երկիրը կարող են ոչնչացնել միայն անտարբերությունը եւ այն զգացողությունը, թե քեզնից ոչինչ կախված չէ: Ես շատ լավ տպավորություն ունեմ Հայաստանի երիտասարդ սերնդից: Ուզում եմ, որ դուք հավատաք, որ դուք եք ձեր կյանի տերը եւ ճարտարապետը, եւ որ դուք ազդում եք այն միջավայրի վրա, որտեղ գտնվում եք: Եթե հավատաք, ամեն ինչի կարող եք հասնել:

 

Գրի առավ Մարիամ Մանոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին