Հայտնի են «Ավրորա»-ի հավակնորդները - Mediamax.am

22237 դիտում

Հայտնի են «Ավրորա»-ի հավակնորդները


Ռուբեն Վարդանյանը եւ Ջորջ Քլունին
Ռուբեն Վարդանյանը եւ Ջորջ Քլունին

Լուսանկարը` Ավրորա


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանն այսօր Երեւանում հայտնել են «Ավրորա» մրցանակի 2017թ. հավակնորդների անունները:

 

Այսօր, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մեկնարկել են «Ավրորա» նախաձեռնության միջոցառումները, որոնք գագաթնակետին կհասնեն մայիսի 28-ին, երբ Երեւանում կկայանա «Ավրորա» մրցանակի արարողությունը:

 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հավակնորդներին ընտրել է բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար:

 

Հանձնաժողովի համանախագահն է օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին: Հանձնաժողովի անդամներն են. Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը եւ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն:

 

Հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558 թեկնածությունների միջից, որոնցից 254-ը չկրկնվող էին եւ ներկայացվել էին 66 երկրից 13 լեզվով:

 

Հինգ հավակնորդներն են.

 

 

Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի

 

Մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ. մայր եւ դուստր, որոնք զբաղվում են մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով՝ «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի միջոցով:

 

Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար, Աֆղանստան

 

Զբաղվում է Աֆղանստանում կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, ինչպես նաեւ՝ մահմեդական առաջնորդներին իր նախագծերում ներգրավելով:

 

Մուհամադ Դարվիշ, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ

 

Ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող, որը վերադարձել է իր ծննդավայր եւ բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ եւ գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են:

 

Դենիս Մուկվեգե, գինեկելոգ-վիրաբույժ եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

 

Մանկաբարձ-գինեկոլոգ, ով բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին:

 

Թոմ Քաթինա, Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ

 

Վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներ, որը տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի:

 

Մեդիամաքսը նշում է, որ Թոմ Քաթինան «Ավրորայի» հավակնորդ էր նաեւ 2016 թվականին:

 

2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը կստանա $ 100,000 պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $ 1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

 

Առաջադրված կազմակերպություններ են.

 

 

Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման

 

«Էլվան» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոն, Սոմալի

 

«Վիվե Ժենե» թերապիայի եւ վերականգնողական կենտրոն, Բոսնիա եւ Հերցեգովինա

 

Փանզի հիմնադրամ, ԱՄՆ եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

 

Ջամիլա Աֆղանի

 

Հոգեկերտման եւ հավասարության կանանց իսլամական նախաձեռնություն (WISE), ԱՄՆ

 

Միջկրոնական փոխըմբռնման Թանենբաում կենտրոն, ԱՄՆ

 

Մարդու իրավունքների եւ աջակցության Կարամա ցանց (KNAHR), Աֆղանստան

 

Մուհամադ Դարվիշ

 

Բժիշկներ առանց սահմանների (Շվեյցարիա)

 

Դենիս Մուկվեգե

 

Yennenga Progress, Շվեդիա

 

2009թ. սեպտեմբերի 28-ի զոհերի, նրանց հարազատների եւ ընկերների միություն (AVIPA), Գվինեա

 

Թոմ Քաթինա

 

Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամ  (AMHF), ԱՄՆ

 

Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդ (CMMB), ԱՄՆ

 

Aktion Canchanabury, Գերմանիա

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին