«Զվարթնոցի» մասին գիրքը կփորձի կանգնեցնել հերոստրատներին - Mediamax.am

exclusive
5726 դիտում

«Զվարթնոցի» մասին գիրքը կփորձի կանգնեցնել հերոստրատներին


Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Բալյանը
Կարեն Բալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մկրտիչ Մինասյանը
Մկրտիչ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Եկատերինբուրգյան «Տատլին» հրատարակչության՝ Խորհրդային միության տարածքում կառուցվածք մոդեռնիստական շենքերի վերաբերյալ 12 գրքերի շարքում հերթը հասել է «Զվարթնոց» օդանավակայանին: Ճարտարապետ Կարեն Բալյանի հեղինակած հատորի շնորհանդեսը կայացել է 2017թ. ապրիլի 27-ին՝ Երեւանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետի տանը:

 

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Մեդիամաքսին ասել է, որ Կարեն Բալյանը մեծ աշխատանք է կատարել հրատարակչության լույս ընծայած գրքերում եւ ներկայացրել է Հայաստանում կառուցված շինությունները: Հայաստանյան կառույցների վերաբերյալ նախորդ երկու անդրադարձը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին եւ մոդեռնիստական կառույցների հայտնի ճարտարապետների՝ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի ու Հրաչ Պողոսյանի աշխատանքներին է նվիրված:

Մկրտիչ Մինասյանը Մկրտիչ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

««Զվարթնոց»-ին անդրադարձը պայմանավորված է նրանով, որ մենք անընդհատ վտանգ ենք տեսնում, որ օդանավակայանը, չնայած բազմաթիվ բողոքներին եւ պահանջներին, որպեսզի մնա, գործի որպես մեր նվաճումներից մեկը, մի «գեղեցիկ» օր կքանդվի: Հետագայում, երբ արդեն ավագ սերնդի ճարտարապետները չեն լինի, այս գրքերը կպատմեն շինությունների մասին»,- ասել է Մկրտիչ Մինասյանը:

 

Գիրքը անդրադառնում է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի հեղինակներին, ներկայացնում է շինության կառուցումը գծագրման առաջին օրվանից: Ներառված են շենքի օրիգինալ գծագրերը, հին լուսանկարներ, շինարարության պրոցեսը, ինչպես նաեւ շենքի պահպանության համար վերջին տարիների պայքարը, բաց նամակները, ստորագրահավաքները, մասնագետների, այդ թվում՝ շենքի հեղինակ-ճարտարապետ Ժորժ Շեխլյանի մտահոգությունները: Գիրքը սկսում է հրատարակիչ, ճարտարապետ Էդուարդ Կուբենսկու «Երկնային հրեշտակների օդանավակայան» հոդվածով: Գրքի նյութերը հավաքվել, կազմվել եւ հրատարակվել են 2-3 ամսում:

 

«Իմ խնդիրն էր Ջիմ Թորոսյանի մասին գիրքն ավարտել եւ տպագրել այս տարի, բայց փոքր-ինչ տեղաշարժեցի, քանի որ «Զվարթնոց»-ը հրատապ է եւ վտանգ կա, որ կարող է քանդվել, ոչնչանալ: Մարդիկ ափսոսանքով են նայում, թե ինչպես է վտանգված հայ շինարարի ձեռքով կերտված այդպիսի մի կառույց, որը համաշխարհային կոնտեքստում դիտվում է որպես արտառոց ու հետաքրքիր երեւույթ: Մոդեռնիստական ժամանակաշրջանում Հայաստանում փյունիկի պես ծնվեց այսպիսի որակի ճարտարապետություն»,- ասել է Կարեն Բալյանը:

Կարեն Բալյանը Կարեն Բալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիրքն ավարտվում է խորհրդային մոդեռնիզմի հիմնադիրներից հանրահայտ Ֆելիքս Նովիկովի՝ «21-րդ դարի հերոստրատները» հոդվածով, որի վերջին պարբերությունում նա գրում է.

 

«Նախկին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում խորհրդային ճարտարապետության ժառանգության մասսայական ոչնչացում է գնում: Լուիս Կանն ասել է. «Նախագծելով դպրոց, ես դպրոցի ոգին եմ փնտրում, այլ ոչ թե դպրոցի գործնական իրականացումը»: Ես համաձայն եմ, որ կառույցը ոգի ունի; Ոչ բոլորն, իհարկե: Բայց այն կառույցները, որոնք հոգեւոր են, բղավում են՝ SOS: «Զվարթնոց» օդանավակայանը դրանց թվում է, եւ այդ պատճառով ես դիմում եմ իմ հայ գործընկերներին.

 

ԿԱՆԳՆԵՑՐԵՔ ՁԵՐ ՀԵՐՈՍՏՐԱՏՆԵՐԻՆ»:

Լուսանկարը` Մեդիամաքս

2016թ.-ին, երբ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի գլխին դարձյալ սեւ ամպեր էին կուտակվել, Մեդիամաքսը զրուցել էր Ֆելիքս Նովիկովի հետ եւ թարգմանաբար ներկայացրել «Լիտերատուրնայա գազետայում» տպագրված նրա «Հնչեղ անուն՝ Զվարթնոց» հոդվածը:

 

Մեդիամաքսը նաեւ ներկայացրել է օդանավակայանի հին մասնաշենքի հեղինակ-ճարտարապետներից Ժորժ Շեխլյանի մտահոգություններն ու շենքի պահպանման նախագծերը:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին