4904 դիտում

Մարգարիտ Բարանկիցեն կայցելի Արցախ


Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն կրկին Հայաստանում է:

Նա այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

«Ես այստեղ չեմ եկել որպես զոհ, ես եկել եմ որպես հույս, որպես փոքրիկ լույս խավարում: Դա նշանակում է, որ սերը ամեն դեպքում հաղթելու է: Ես տեսնում եմ հայ մարդկանց, ովքեր հրաժարվում են լռությունից, եւ դա ինձ հույս է տալիս:

Ցեղասպանության ժխտումը մեծ, շատ մեծ սխալ է: Հայերը տառապել են ցեղասպանությունից,  իսկ որոշ մարդիկ այն ժխտում են»,-ասել է Մարգարիտ Բարանկիցեն:

Նա շեշտել է, որ այս պահին իր երկրում էլ են տառապում ցեղասպանությունից, իսկ միջազգային հանրությունը այդ սպանությունները որակում է որպես հատ եւ կենտ դեպքեր:

«Հայոց ցեղասպանությունը պետք է հանրությանը ստիպի սթափ լինել եւ ասել`«այլեւս երբեք» այլ ժողովուրդների համար: Երբ այստեղ եկա անցած տարի եւ դա ինձ համար կարծես սփոփանք լիներ, քանի որ ես այնքան շատ էի տառապում: Ես այստեղ տեսա, որ տառապած մարդիկ փորձում են սփոփել մյուսներին եւ ցանկանում են փոխել իմ երեխաների կյանքը. Կոնգոյի, Բրազիլիայի, Եթովպիայի երեխաների կյանքը: Այն երիտասարդ մարդիկ, ովքեր փրկվեցին Ավրորայի շնորհիվ, կվերակառուցեն աշխարհը: Սա ինձ համար մեծ հույս է: Սա նշանակում է, որ մենք երբեք չպետք է հանձնվենք, պետք է շարունակենք մեր գործը»,- ասել է նա:

«Կրթությունը ամենահզոր գործիքն է, որը կարող է մեր աշխարհն ավելի լավը դարձնել: Մրցանակի գումարով երիտասարդներին կրթության ուղարկելը հույս է տալիս, որ այսուհետ  եւ այլեւս երբեք ցեղասպանություններ չեն լինի, քանի որ մենք կունենանք լավ առաջնորդներ, լավ նախարարներ, լավ բժիշկներ եւ կիրականանա ավելի լավ աշխարհ ունենալու մեր երազանքը»,- ասել է նա:

«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պուրակում ծառ տնկեց՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների:

Երեւանից Մարգարիտ Բարանկիցեն կուղեւորվի Հայաստանի հարավ. կայցելի Տաթեւի միջնադարյան վանական համալիր, Գորիսում կհանդիպի տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մշակութային գործիչների եւ ուսանողների հետ, կայցելի Աքսել Բակունցի տուն-թանգարան: Մարգարիտ Բարանկիցեն այնուհետեւ կմեկնի Արցախ, որտեղ Շուշիում կայցելի Ս. Ղազանչեցոց եկեղեցի եւ Վերին մզկիթ, «Նարեկացի» արվեստի կենտրոն:

Ստեփանակերտում Մարգարիտ Բարանկիցեն կհանդիպի Արցախի պետական համալսարանի ուսանողներին, կայցելի Զոհված ազատամարտիկների թանգարան, այնուհետեւ կմեկնի Գանձասար:

Նա կլինի նաեւ Գյումրիում, կայցելի Հայ կաթողիկե եկեղեցի, «Թռչունյան» մանկատուն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մարգարիտ Բարանկիցեն կհանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, «Altitude 5165» մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Մայիսի 26-ից Մարգարիտ Բարանկիցեն հարյուրավոր այլ հյուրերի հետ Երեւանում եւ Դիլիջանում կմասնակցի «Ավրորա» մրցանակի միջոցառումներին, որոնք կամփոփվեն մայիսի 28-ին, Երեւանում՝ մրցանակի շնորհման արարողությամբ:

Մարգարիտ Բարանկիցեն, ով Maison Shalom խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիրն է, 2016թ. ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի է արժանացել այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նա փրկել է 30 հազար երեխայի՝ նրանց տալով օթեւան եւ խնամք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am