Մեթլոքն ու Ջերեջյանը՝ Ստալինի արձանի եւ Միկոյանի մասին - Mediamax.am

12727 դիտում

Մեթլոքն ու Ջերեջյանը՝ Ստալինի արձանի եւ Միկոյանի մասին


Լուսանկարը` Photolure

Ստալինի արձանը Երեւանում
Ստալինի արձանը Երեւանում

Լուսանկարը` Ռոբերտ Լեբեք

Ջեք Մեթլոքը
Ջեք Մեթլոքը
Ջեք Մեթլոքն ու Էդվարդ Ջերեջյանը
Ջեք Մեթլոքն ու Էդվարդ Ջերեջյանը

Լուսանկարը` Baker Institute


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետներ Ջեք Մեթլոքն ու Էդվարդ Ջերեջյանն այսօր Հայաստանի հետ կապված հետաքրքիր դեպքեր են պատմել Երեւանում:

ԽՍՀՄ-ում ԱՄՆ վերջին դեսպան Ջեք Մեթլոքը եւ Մերձավոր Արեւելքի հարցերով ամերիկացի լավագույն փորձագետներից մեկի համբավը վայելող Իսրայելում եւ Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպան Էդվարդ Ջերեջյանը ելույթ են ունեցել այսօր «Անցման ավարտ. Հայաստանը 25 տարեկան է՝ ի՞նչ է լինելու հիմա» խորագրով համաժողովում: Միջոցառման կազմակերպիչն է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը:

 

Ջեք Մեթլոքն ասել է, որ առաջին անգամ Երեւան է այցելել 1962թ.՝ ԱՄՆ սենատորին ուղեկցելիս:

 

«Հիշում եմ, մենք տպավորված էինք Ստալինի հսկայական արձանով, որը վեր էր խոյանում քաղաքի վրա: Եվ պատկերացրեք մեր զարմանքը, երբ հաջորդ առավոտյան այդ արձանն արդեն չկար. գիշերվա ընթացքում այն ապամոնտաժվել էր»,- պատմել է նախագահ Ռեյգանի նախկին հատուկ օգնականը:

 

Ջեք Մեթլոքը նշել է, որ 1989թ.՝ իր երեւանյան երկրորդ այցի ժամանակ, կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել՝ քանդվել է Բեռլինյան պատը:

Ստալինի արձանը Երեւանում Ստալինի արձանը Երեւանում

Լուսանկարը` Ռոբերտ Լեբեք

Խոսելով Սառը պատերազմի ավարտի եւ ԽՍՀՄ փլուզման մասին՝ Ջեք Մեթլոքն ասել է, որ ամենեւին ճիշտ չէ դրանք դիտարկել որպես Արեւմուտքի հաղթանակ:

 

«Սառը պատերազմն ավարտվել էր ԽՍՀՄ փլուզումից երկու տարի առաջ, եւ դա տեղի էր ունեցել բանակցությունների, եւ ոչ թե Արեւմուտքի «հաղթանակի» հետեւանքով: Ինչ վերաբերում է ԽՍՀՄ փլուզմանը, ապա դա ներքին զարգացումների, այլ ոչ թե արտաքին ճնշման հետեւանք էր»,- ասել է Ջեք Մեթլոքը՝ հավելելով, որ Արեւմուտքում շատերը նորացված ԽՍՀՄ-ի պահպանման հույս ունեին:

 

Էդվարդ Ջերեջյանն ասել է, որ առաջին անգամ Հայաստան է այցելել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան իր ծառայության վերջին տարվա ընթացքում: Նա դա արել է հատուկ, քանի որ շատերը կարծում էին, որ ամերիկահայի այցը Հայաստան կարող է բորբոքել «ազգայնական տրամադրությունները»: Նրա խոսքով՝ Հայաստանի կոմունիստական առաջնորդները բավականին սառն են ընդունել իրեն, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն, ընդհակառակը՝ շատ ջերմ:

Ջեք Մեթլոքը Ջեք Մեթլոքը

 

Էդվարդ Ջերեջյանը պատմել է, որ 1963թ., երբ դեռ սկսնակ դիվանագետ էր, ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում հանդիպում էր Անաստաս Միկոյանի հետ:

 

«Հայրս ինձ պատմեց Միկոյանի մասին եւ ասաց, որ լավ կլիներ ես էլ հանդիպեի նրան: Ես սպասեցի մինչեւ Միկոյանի հանդիպումը պետքարտուղարի հետ ավարտվի, նրան մոտեցա նեղ միջանցքում ու հայերեն ասացի. «Պարոն Միկոյան, ինչպե՞ս եք»: Միկոյանը կանգ առավ, զարմացած նայեց ինձ եւ հարցրեց. «Իսկ դո՞ւ ով ես»: Ես ներկայացա: Միկոյանը հարցրեց. «Փաստորեն հա՞յ ես»: Լսելով իմ դրական պատասխանը՝ նա ձեռքը դրեց ուսիս եւ ասաց, որ ուրախ է, որ Ամերիկայում հայերի գործերը լավ են»,- պատմել է Էդվարդ Ջերեջյանը:

 

ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնականն ասել է, որ 1991թ. ամռանը Լիսաբոնում ԱՄՆ-Սիրիա բանակցություններից հետո պետքարտուղար Ջեյմս Բեյքերն իրեն հայտնել է, որ մտադիր են իրեն ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպան նշանակել:

Ջեք Մեթլոքն ու Էդվարդ Ջերեջյանը Ջեք Մեթլոքն ու Էդվարդ Ջերեջյանը

Լուսանկարը` Baker Institute

«Գնացի Դամասկոս՝ պատկերացնելով, թե ինչպես եմ ամեն ինչ պատմելու կնոջս: Սակայն քանի ես օդում էի, շատ բան էր փոխվել: Հեյդար Ալիեւը ԽՍՀՄ ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Բեսմերտնիխին ասել էր, որ ազգությամբ հայը չի կարող լինել ԱՄՆ դեսպանը ԽՍՀՄ-ում: Հասա Դամասկոս եւ տուն մտնելով ցանկանում էի լուրը կնոջս հայտնել, բայց նա ինձանից առաջ անցավ. «Զանգահարել է պետքարտուղարը եւ ասել, որ դու գնում ես ոչ թե Մոսկվա, այլ Վաշինգտոն. լինելու ես Մերձավոր Արեւելքի հարցերով պետքարտուղարի օգնականը»,- հիշել է Էդվարդ Ջերեջյանը:

 

Պաշտոնաթող ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ նորմալ երկխոսության հաստատումը շատ կարեւոր է Հայաստանի եւ ԼՂ հակամարտության կարգավորման համար:

 

«Հենց Ռուսաստանն է Մինսկի խմբի համանախագահության մեջ գլխավոր խաղացողը, այլ ոչ թե ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան, եւ հենց Ռուսաստանն ունի Կովկասում ամենամեծ ազդեցությունը»,- հայտարարել է Էդվարդ Ջերեջյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին