Գյումրիում մշակութային կենտրոն կստեղծվի - Mediamax.am

2544 դիտում

Գյումրիում մշակութային կենտրոն կստեղծվի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ պետք է հետեւողական աշխատել Հայաստանի մշակութային ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ:

Այս մասին վարչապետն ասել է մշակույթի նախարարություն կատարած այցի ընթացքում:

 

«Մեկ ամիս հետո մենք պետք է ունենանք մոտավոր գնահատական՝ որտեղ ինչ ներդրումներ են պետք, որոնք կարող են այս կամ այն մշակութային օբյեկտի նկատմամբ որոշակի հետաքրքրություն առաջացնել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

Վարչապետին ներկայացվել է Գյումրիում մշակութային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Կումայրի պատմական կենտրոնի ծրագրի շրջանակում վերականգնվող փողոցների հարակից տարածքում:

 

Տարածքի մի մասում Շիրակի մարզային գրադարանն է, որն արդեն վերակառուցվել է, իսկ մնացած հատվածում իրականացվելու են վերակառուցման եւ ներքին բակի վերականգնման աշխատանքներ: Արդյունքում նախատեսվում է Գյումրիում տեղակայել մշակույթի նախարարության ռեգիոնալ վարչության շենքը, երկու թանգարան՝ Շիրակի երկրագիտական թանգարանը եւ Ազգային պատկերասրահի մասնաճյուղը, հուշանվերային արտադրանքի պատրաստման կենտրոն, լաբորատորիաներ, վարչական գրասենյակ:

 

Վարչապետն առաջարկել է ծրագիրը քննարկել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ եւ սկսել աշխատանքը ներդրողներ ներգրավելու ուղղությամբ:

 

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրել է նաեւ, որ շուտով կհայտարարվի պետական ենթակայության մշակութային կազմակերպություններում միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման մրցույթը, իսկ համապատասխան որոշման նախագիծն առաջիկայում կներկայացվի կառավարություն:

 

Համակարգը նախատեսվում է իրականացնել 3 փուլով՝ առաջին փուլով մինչեւ նոյեմբերի վերջ ներդնել Երեւանի 10 խոշոր թատերահամերգային կազմակերպությունում: Վարչապետը հանձնարարել է արագացնել գործընթացը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին