Քաղաքացիները կնույնականացվեն բջջային հեռախոսի միջոցով - Mediamax.am

9565 դիտում

Քաղաքացիները կնույնականացվեն բջջային հեռախոսի միջոցով


Դավիթ Հարությունյանը
Դավիթ Հարությունյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության կողմից այսօր հավանության արժանացած նոր նախագծի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները կնույնականացվեն բջջային հեռախոսի միջոցով:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նկատել է, որ պետական մարմիններն էլեկտրոնային եղանակով կատարում են փաստաթղթերի փոխանակում, սակայն համակարգը կատարյալ չէ եւ հաճախ հարկավոր է քաղաքացու ֆիզիկական ներկայությունը՝ անձը հաստատելու համար:

 

«Առաջարկվող տարբերակը կիրառելի է անգամ ամենաէժան բջջային հեռախոսի միջոցով: Քաղաքացին մեկ անգամ պետք է հեռախոսում տեղադրի նույնականացման համար նախատեսված սիմ քարտը, ստանա 2 PIN կոդ եւ վերջ: Արդյունքում նա կկարողանան բջջային հեռախոսի միջոցով նույնականացման հասանելիություն ունենալ, ինչպես նաեւ ստանալ բանկային հաշվի, ԴԱՀԿ-ի եւ այլնի վերաբերյալ ծանուցումներ»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

 

Նրա խոսքով՝ որոշման նախագծի ընդունմամբ 2017-ի պետական բյուջեում ակնկալվում է մինչեւ 50 մլն դրամի չափով ծախսերի ավելացում:

 

«Մյուս կողմից, տվյալ ծախսերի իրականացման արդյունքում կապահովվի Եվրամիության կողմից բյուջետային աջակցման ծրագրի շրջանակում համապատասխան թիրախային ցուցանիշների կատարումը, որի պարագայում 2018-2020 թթ. ՀՀ պետական բյուջեին կապահովի պետական բյուջեի եկամուտների ավելացում շուրջ 3,7 մլն եվրոյի չափով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

 

Դավիթ Հարությունյանը նկատել է, որ բջջային հեռախոսով նույնականացման փորձ Հայաստանում արդեն իսկ կա. «Էլեկտրոնային առողջապահության եւ eCitizen համակարգերում ներդրվել եւ գործում է այս մոդելը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին