Ռուբեն Վարդանյանն «ավելի ռադիկալ մոտեցման» կողմնակից է - Mediamax.am

18791 դիտում

Ռուբեն Վարդանյանն «ավելի ռադիկալ մոտեցման» կողմնակից է


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել է, որ միշտ աշխատել է մասնավոր հատվածում եւ իրեն որեւէ պետական պաշտոնում չի պատկերացնում:

Բարերարն ու գործարարն այդ մասին ասել է մայիսի 25-ին՝ «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում:

 

«Ես ունեմ մի սկզբունք՝ մարդ պետք է զբաղվի այն աշխատանքով, որն իր մոտ լավ է ստացվում», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Նա նշել է, որ քաղաքական գործընթացներում չի ներգրավվում, սակայն համոզված է, որ էլիտաները պետք է քննարկեն, թե ինչպիսի Հայաստան են ցանկանում տեսնել 20 տարի հետո: «Այս հարցերի շուրջ ես բանավիճում եմ ՀՀ նախագահի, ներկայիս եւ նախորդ վարչապետների հետ», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

«2008 թվականին ես առաջին անգամ հանդիպեցի Սերժ Սարգսյանի հետ եւ ասացի, որ մեզ սպասում է փոփոխությունների եւ բարեփոխումների երկար ու դժվարին ճանապարհ, որի ընթացքում հնարավորություններիս սահմաններում անելու եմ ամեն ինչ, որ Հայաստանը եւ հայկական աշխարհը զարգանան, հարգված ու հաջողված լինեն: Ասացի, որ անելու եմ դա ոչ թե ներկայիս ղեկավարության, այլ հայ ազգի համար: Այդ սկզբունքով ես աշխատում էի Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի հետ, հիմա աշխատում եմ Կարեն Կարապետյանի հետ, ում լավ ճանաչում եմ եւ ջերմ հարաբերություններ ունեմ»:

 

Մեկնաբանելով Կարեն Կարապետյանի գործունեությունը ՀՀ վարչապետի պաշտոնում, Ռուբեն Վարդանյանն ասել է.

 

«Կարեն Կարապետյանի գործը բավական դժվար է, որովհետեւ ինքը պետք է փոփոխություններ անի՝ առանց հեղափոխության: Ես ավելի հեղափոխական մարդ եմ եւ կարծում եմ, որ մոդելի փոփոխությունը պետք է ավելի կտրուկ լինի: Ես ավելի ռադիկալ մոտեցման կողմնակից եմ, որի մասին գիտեն եւ նախագահը եւ վարչապետը: Բայց, իհարկե, ինձ ավելի հեշտ է այդպես արտահայտվել, քանի որ ես պետական պաշտոն չեմ զբաղեցնում»:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2016 թվականի հոկտեմբերին ընդարձակ հարցազրույց էր հրապարակել Ռուբեն Վարդանյանի հետ, որում նա, մասնավորապես, ասել էր.

 

«Տեսականորեն այս մոդելը կարող է շարունակել իր գոյությունը, եթե ի հայտ գան նոր արհեստական ֆինանսական հոսքեր: Սակայն ամեն դեպքում, պետք է գիտակցել, որ այս մոդելի դեպքում մենք հնարավորություն չենք ունենա ամրապնդել մեր պաշտպանունակությունը, դիմակայել նոր մարտահրավերների, իրականացնել առողջ եւ երջանիկ հասարակություն ստեղծելուն ուղղված երկարատեւ նախագծեր եւ մրցունակ լինել աշխարհում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին