Ռուբեն Վարդանյան. «Ավրորա» շարժումը «ձնակույտի էֆեկտ» ունի - Mediamax.am

6330 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Ավրորա» շարժումը «ձնակույտի էֆեկտ» ունի


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


«Ավրորա մարդասիրության ինդեքս» հետազոտության արդյունքների ամփոփման ժամանակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել է, որ շարժումը ձնակույտի ազդեցություն ունի ոչ միայն Հայաստանում , այլեւ երկրի սահմաններից դուրս:

 

««Ավրորան» վերածվում է մարդասիրական մի մեծ շարժման եւ ապացուցում է, որ չնայած ահաբեկչությանը, չնայած բոլոր խնդիրներին, չնայած Մանչեսթերի դեպքերին սովորական մարդիկ փորձում են ինչ-որ բան փոխել իրենց շուրջը, եւ նրանցից ոչ բոլորն են իրենց հերոս համարում: Թեպետ այս հետազոտության արդյունքներն այնքան էլ դրական չեն, քանի որ մարդկանցից շատերը կորցրել են վստահությունը միջազգային հաստատությունների հանդեպ, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ կարեկցանքը, այնուամենայնիվ, մենք հավատում ենք, որ, չնայած բոլոր խնդիրներին եւ բացասական տրամադրություններին, մեր ապագան մեր իսկ ձեռքերում է: Միգուցե փոքր ջանքերի եւ գործերի շնորհիվ մենք կարող ենք փոխել մեր ապագան»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

«Ավրորա մարդասիրության ինդեքս» հետազոտության արդյունքներով, հումանիտար գործունեությունն անկման փուլում է, եւ փախստականների ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ միջազգային առաջնորդների ու նրանց գործադրած ջանքերի հանդեպ առկա է լայնորեն տարածված անվստահություն:

 

Հանրային կարծիքի հետազոտությունը, որին մասնակցել է 6500 հոգի 12 երկրից, փաստում է, որ հարցվածների ընդամենը 9%-ն է հավատում, որ նրանց գործունեությունը կարող է փոփոխություններ բերել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում:

 

Արդեն երկրորդ տարին է, ինչ ահաբեկչությունը նշվում է որպես առաջնային հումանիտար խնդիր, այս տարի՝ հարցվածների 63%-ի կողմից: Դրան հետեւում են հարուստների եւ աղքատների միջեւ խորացող խզումը, սովը, կլիմայական փոփոխությունները եւ պարտադրված միգրացիան: 

 

Ներկայացնում ենք որոշ տվյալներ «Ավրորա» մարդասիրության ինդեքսից.

 

- Չնայած հարցվածների 56%-ը ցավում է Սիրիայից փախստականների վերապրած դժվարությունների համար, 51%-ը կարծում է, որ չի կարող արդյունավետ ազդեցություն ունենալ այդ հարցում:

 

- Չնայած հարցվածների մեծամասնությունը համաձայն է, որ փախստականներին անհրաժեշտ է օգնել, միայն 37%-ն է պատրաստ սեփական երկրում հյուրընկալել փախստականների:

 

-Հարցվածների 42%-ը կարծում է, որ իրենց երկրներն արդեն չափազանց շատ փախստականներ են ընդունել:

 

- 12 երկրներից հարցվածները նշել են Գերմանիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը որպես ամենաշատ փախստականներ ընդունող երկրներ: Իրականում, ամբողջ աշխարհում ամենաշատ թվով փախստականների հյուրընկալել են Պակիստանը, Իրանը եւ Թուրքիան:

 

- Հարցվածների 44%  կարծում է, որ իրենց երկրների համար ազգային փոքրամասնությունները սպառնալիք են: Այս ցուցանիշն աճում է հատկապես Մեծ Բրիտանիայում (56%), Քենիայում (56%), Թուրքիայում (55%) եւ Ֆրանսիայում (54%):

 

- Հարցվածների 32%-ը չի կարողացել նշել որեւէ առաջնորդի, որն ի վիճակի է կարգավորել փախստականների ճգնաժամը։

 

- Ըստ հարցվածների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (33%) եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (31%) առավել լավ դիրքում են փախստականների ճգնաժամին լուծումներ տալու համար:

 

Համաշխարհային հարցումն իրականացվել է Kantar Public ընկերության կողմից, իսկ մեկնաբանությունները կատարել է Բրյուսելի ազատ համալսարանը: Այն իրականացվել է 2017թ. փետրվարի 21-ից մարտի 19-ը: Հարցազրույցներին մասնակցել են 6466 հոգի 12 երկրում, որոնցից 6-ն ընդգրկված էին նաեւ 2016թ. հետազոտությունում:

 

Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր Դըրք Յակոբսը նշել է, որ հետազոտության  ապշեցուցիչ եզրակացություններից է այն, որ հարուստ երկրներում փախստականներին օգնելու պատրաստակամությունն ավելի քիչ է, քան աղքատ երկրներում:

 

Պրոֆեսորի կարծիքով, 2017թ. ինդեքսի դրական կողմն այն է, որ երիտասարդությունն առաջ է ընկել ավագ սերնդից՝ առավել բաց ընդունելով եւ աջակցելով փախստականներին, եւ ցանկություն է հայտնել ներգրավվել հումանիտար գործունեության մեջ:

 

«Սա հույս է ներշնչում, որ գալիք սերունդների հետ աշխարհում պետք է ավելանա մարդասիրությունը»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին