Հանձնվել են ՀՀ նախագահի մրցանակները - Mediamax.am

3904 դիտում

Հանձնվել են ՀՀ նախագահի մրցանակները


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2016թ. մրցանակների հանձնման արարողությունը:

Վկայագրերն ու դրամական պարգեւը մրցանակակիրներին հանձնել են Սերժ Սարգսյանը եւ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը:

 

«Ստեղծագործական աշխատանքը պահանջում է տարիների սեւեռուն եւ հետեւողական նպատակադրում: Տեղեկատվության, գիտելիքի, հմտության եւ փորձի համադրումը երբեք չի կարող անհետեւանք լինել: Դրանք են այն ամուր հիմքերը, որ բերում են ստեղծագործական թռիչքի: Ամեն մի վայրկենական պայծառացման պատմության թիկունքում թաքնված է երկար տարիների տքնաջան աշխատանք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այս պարգեւատրումը երիտասարդների համար լինելու է հաջողության պատմության առաջին էջը:

 

ՀՀ նախագահի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2016թ. մրցանակ է շնորհվել Բագրատ Էստուկյանին (Թուրքիա)՝ Հայոց ցեղասպանության խնդիրը «Ակոս» թերթում մշտապես արծարծելու համար, Հանս-Լուկաս Կիզերին (Շվեյցարիա)` Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար:

 

Տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ նախագահի մրցանակներ են շնորհվել Գեւորգ Բաղդասարյանին եւ Մարինե Միկիլյանին` «Մագնիսաառաձգական փոխազդեցությունների էֆեկտները հաղորդիչ սալերում եւ թաղանթներում» (անգլերեն) մենագրության համար, գրականության բնագավառում՝ Ղուկաս Սիրունյանին՝ «Բաց արեք ես եմ» բանաստեղծությունների ժողովածուի համար:

 

Արվեստի բնագավառում ՀՀ նախագահի 2016թ. երիտասարդական մրցանակ է շնորհվել Ռիմա Նանյանին՝ «Անորոշ մարմնավորումներ» գրաֆիկական շարքի համար, Լեւոն Պողոսյանին՝ «Հին Աստվածներ» քանդակների շարքի համար, գրականության բնագավառում՝ Արմեն Սարգսյանին՝ «Չկարդացած գրքերի փոխարեն» բանաստեղծությունների ժողովածուի համար, Արամ Մամիկոնյանին՝ «Ծանր ջուր» բանաստեղծությունների ժողովածուի համար:

 

Դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝ «Երգեցողություն» անվանակարգում՝ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանին եւ Մարիաննա Մարտիրոսյանին, «Գործիքային կատարում» անվանակարգում՝ Ռոման Նամալյանին (դաշնամուր) եւ Արսեն Զաքարյանին (կլարնետ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին