«Աշխարհն ունի մեր կարիքը». «Ավրորա»-ի հավակնորդները Հայաստանում են - Mediamax.am

3765 դիտում

«Աշխարհն ունի մեր կարիքը». «Ավրորա»-ի հավակնորդները Հայաստանում են


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


«Ավրորա» մարդասիրական մրցանակի հավակնորդներից 4-ը Հայաստանում են: Արարողությանը փաստաթղթային խնդիրների պատճառով չի մասնակցի սիրիացի բժիշկ Մուհամադ Դարվիշը: Նաեւ Իլվադ Էլման, ով  «Ավրորա»-ին առաջադրվել է մոր՝ Ֆարթուն Ադանի հետ: Նա Սոմալիում կառավարության հետ բանակցում է գերեվարված երեխաներին ազատ արձակելու շուրջ: Մրցանակի 4 հավակնորդները Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր հանդիպել են ուսանողների եւ հյուրերի հետ:

 

Ջամիլա Աֆղանի. մահվան սպառնալիքներն անտեսելով՝ աֆղանացի կինը պայքարում է իր երկրում աղջիկների եւ կանանց կրթության հարցում առկա հասարակական խարանի դեմ:

 

«Աֆղանստանում կանանց սպանում են, մորթում են, նրանք ստրուկ են իրենց սեփական տան մեջ: Բոլոր ընտանիքներում նման երեւույթներ կան: Երբ երեխա էի, տեսնում էի մորս տառապանքները: Երբ սկսեցի աշխատել, ընտանիքս, հասարակությունը, իմամները դեմ էին: Ես չէի հասկանում, թե ինչպես կարող են կրոնավորները թույլ չտալ իրենց հետեւորդներին կրթություն ստանալ: Ես սկսեցի կրթել իմամներին, խոսել կանանց իրավունքների մասին իսլամի տեսանկյունից: Շատ դժվար է նրանց հետ աշխատել: Հիմնականում նշում են՝ սա իսլամն է, որի համաձայն կինը պետք է լուռ լինի, հետեւի տղամարդու խոսքին, հնազանդ լինի: Ղուրանը սովորաբար մեկնաբանում են տղամարդ գիտնականները, կին գիտնականներ չկան: Ես սովորեցի արաբերեն, սկսեցի Ղուրանն ընթերցել, որպեսզի տեսնեմ, թե այն ինձ ինչ է ասում: Տեսա, որ աշխարհը լրիվ այլ է: Ղուրանի հիմնարար հատվածներում խոսվում է կրթության կարեւորության մասին: Հասկացա, թե որքան կարեւոր է աշխատել իմամների հետ, լրացնել նրանց գիտելիքները հատկապես կրթության վերաբերյալ:

 

Ղուրանի համարներից մեկն ասում է՝ մեզնից լավագույններն ուրիշներին ծառայողներն են: Մեկ այլ համար էլ ասում է՝ եթե փրկեք մի անձի, կփրկեք ամբողջ տիեզերքը: Իմ խորհուրդը «խաղաղության զինվորներին». մենք չենք կարող ամեն ինչ փոխել այնպես, ինչպես ուզում ենք: Մենք կարող ենք փոխել միայն այն, ինչ մեզ հասանելի է: Այս փոքր կաթիլները կդառնան գետ, հետո՝ օվկիանոս ու կազդեն ամբողջ աշխարհի վրա: Եթե մենք միասին ենք, կարող ենք հասնել ամեն ինչի»:

 

Դենիս Մուկվեգե. «Բռնաբարությունների համաշխարհային մայրաքաղաք» համարվող Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վիրաբույժ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն պայքարում է՝ փրկելու զինյալների կողմից սեռական դաժան բռնության ենթարկվածներին։

 

«Ւմ առաջին հիվանդներից մեկը կին էր, որին բռնաբարել էին, հետո կրակել սեռական օրգաններին: Ես կարծեցի, թե դա մի խելագարի արարք է: Բայց բուժել եմ ավելի քան 50 հազար կանանց եւ աղջիկների, որոնք բռնաբարվել եւ նմանօրինակ դաժանության են ենթարկվել: Բազմիցս ունեցել եմ զգացում, որ հնարավորություններս սպառվում են: Երկու բան է հնարավորություն տալիս շարունակել գործս: Մենք Հիսուսից ունենք միմյանց սիրելու պատվիրան: Մենք պետք է այս պատվիրանի արմատներին նայենք եւ մյուսներին սիրենք մեր անձի պես, հատկապես երբ սա դնում ենք Աստծո՝ մեր հանդեպ ունեցած սիրո համատեքստում: Երբ նայում եմ մեկին, որ կանգնած է իմ առջեւ ու ունի իմ օգնության կարիքը, մտածում եմ՝ ի՞նչ անել այս անձի համար: Մտածում եմ պատվիրանի մասին եւ փորձում եմ հավատարիմ մնալ դրան: Երկրորդ մոտիվացիաս՝ կանանց ուժն է, զորությունը: Երբեմն կանայք այնպիսի լուրջ վերքերով են գալիս հիվանդանոց, բայց վիրահատությունից նոր աչքը բացած՝ առաջինը հարցնում են՝ ինչպե՞ս է երեխաս, նայում են ուրիշներին, այլ ոչ թե իրենց: Եվ սա կատարյալ օրինակ է»:

 

Թոմ Քաթինա. պատերազմական Նուբա լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցում բժիշկ Քաթինան օրական մոտ 500 հիվանդի է ընդունում, վիրահատություններ կատարում:

 

«Ես կաթոլիկ միսիոներ եմ: Քրիստոսն ասել է՝ ինչ անես իմ եղբայրների եւ քույրերի համար, անում ես հանուն ինձ: Ես սա հասկանում եմ բառացի: Եղբայրներս եւ քույրերս ճնշման ենթարկվածներն են, որոնք անտեսված են: Եթե մենք հոգ տանենք նրանց մասին, հոգ ենք տանում Հիսուսի մասին: Ես իմ ներշնչանքն այստեղից եմ քաղում: Ես ոչ մի ձանձրալի օր չեմ ապրել, թեեւ բազմապիսի խնդիրներ են եղել: Այս աշխատանքը կարող է նաեւ հոգնեցուցիչ լինել, սպառել: Առավոտյան արթնանում ես, գիտես, որ 500 հիվանդի պետք է ընդունես: Ուժը գալիս է Աստծուց: Միայն Աստծո շնորհն է, որ ամեն առավոտ արթնանում եմ ու կարողանում այս գործն անել, հակառակ դեպքում վաղուց կործանված կլինեի:

 

Եթե ուզում եք աշխատել մարդասիրության ոլորտում եւ տեսնում եք, որ խնդիրը շատ մեծ է ու մտածում՝ ի՞նչ կարող եմ անել ես որպես անհատ, իմ առաջին խորհուրդն է՝ մի մտածեք այդ մասին: Մտածեք, թե որպես անհատ ինչ կարող եք անել անհատի համար: Եթե դուք ձեր կյանքի համար ընտրում եք այս աշխատանքը, երբեք չեք զղջա: Դա կբերի մեծագույն բավարարվածություն, որը շատ ավելի արժեքավոր է, քան գումարը, հագուստը: Դուք զրկվում եք ձեր ունեցվածքից, բայց օգնում եք ուրիշներին»:

 

Ֆարթուն Ադան ու Իլվադ Էլման. մայր եւ դուստր, չնայած վտանգին ու դժվարություններին, հիմնել են «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը, որտեղ փորձում են խաղաղություն սերմանել կրթության միջոցով՝ տարեկան 800 երեխայի ընձեռելով այլ կյանք ունենալու հնարավորություն: Հիմնել են նաեւ «Քույր Սոմալի» Մոգադիշոյի բռնաբարությունների առաջին ճգնաժամային կենտրոնը, որտեղ մինչ օրս վերականգնողական աշխատանքներ են կատարել սեռական շահագործման ենթարկված 8000 կանանց հետ:

 

«Ես մայր եմ եւ ունեմ դուստեր: Ամեն անգամ, երբ տեսնում եմ բռնաբարված աղջկա, մտնում եմ նրա դրության մեջ: Ես նրանց փոխարեն իմ աղջիկներին եմ տեսնում: Չկա արդարություն, նրանք գնալու տեղ չունեն, եւ բացի այդ կա խարան: Անգամ ընտանիքը նրանց ամոթանք է տալիս, մինչդեռ սա նրանց մեղքը չէ: Երբ աշխատում եմ բռնաբարված աղջիկների հետ, կարծես ինքս բռնաբարված լինեմ եւ ապագա չունենամ: Բայց ես ասում եմ նրանց՝ դուք ունեք ապագա: Նրանց կրթություն ենք տրամադրում, օթեւան, միեւնույն ժամանակ՝ աշխատում ենք ընտանիքների հետ, բացատրում, որ սա նրանց աղջիկների մեղքը չէ, հետ ընդունեք նրանց: Ինձ զայրացնում է, որ մեղավորների համար պատիժ չկա: Մի մայր եւ աղջիկ կային, որոնց մեկը փորձել էր բռնաբարել: Նրանք պայքարել էին, տղամարդը կրակել էր 2-ին էլ: Աղջիկը մահացավ: Մայրը մեզ հետ է աշխատում հիմա եւ իր պատմությունն է պատմում մարդկանց, որ նրանք էլ բացվեն ու պատմեն իրենցը: Սա է իմ մոտիվացիան, երբ տեսնում եմ, թե այս աղջիկներն ինչպես են միասին բասկետբոլ խաղում, թեյ խմում, երջանկանում եմ:

 

Եթե զգում եք, որ բարոյապես պատրաստ եք օգնելու, ուրեմն սա ձեր դաշտն է: Եթե կարծում եք, որ գումար եք վաստակելու, ձեզ մեծ վտանգի տակ եք դնում: Ականատես եք լինում սարսափելի իրավիճակների, սկսում եք կարեկցել այդ մարդկանց: Եթե ունեք բարոյական մղում օգնել մարդկանց, փոխել վիճակը, դա է ճիշտ ճանապարհը: Աշխարհն ունի ձեր, մեր կարիքը: Խնդիրը գումարը չէ, խնդիրն ուրիշներին օգնելն է, նրանց անունից հանդես գալը, նրանց շահերը պաշտպանելը: Դուք կարող եք ապահով վայրում գտնվելով՝ բարձրացնել Սոմալիի խնդիրները: Մենք ձեր աջակցության կարիքն ունենք»:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին