Նախագահ. Չլիներ մայիսի 28-ը, չէր լինի այսօրվա հանրապետությունը - Mediamax.am

2144 դիտում

Նախագահ. Չլիներ մայիսի 28-ը, չէր լինի այսօրվա հանրապետությունը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «1918թ. մայիսյան հաղթանակները նոր եւ փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ»:

Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատում շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

 

«Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր նախնիները նվաճեցին ապրելու իրավունքը:

 

Այդ կռիվները բնաջնջման եզրին հայտնված ժողովրդի վերջին եւ օրհասական ճիգերն էին, որ կոչված էին պաշտպանելու մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորները եւ փրկելու մեր ժողովրդի վերջին բեկորները: Այդ անհավանական թվացող սխրանքը գործեցին մեր ժողովրդի բոլոր խավերը, բոլոր շերտերը: Գործեցին բացառիկ միասնականությամբ եւ կազմակերպվածությամբ, անձնազոհ խիզախությամբ եւ աննահանջ կամքով: Գործեցին ազգային գիտակցության եւ պատմական պատասխանատվության բարձր մակարդակով:

 

Նորանկախ Հայաստանը ծնվեց Առաջին աշխարհամարտի համազարկերի տարափի տակ: Մենք ամեն տարի հավատարմության երդման նման կրկնում ենք մի պարզ ճշմարտություն. չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, եւ չէր լինելու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է նախագահը:

 

Սերժ Սարգսյանի խոսքով՝ հայ ժողովրդի պատմության ընթացքում պետականությունից զրկված լինելու ավելի մեծ ժամանակահատվածը նախորդել է մայիսի 28-ին:

 

«Եվ, անկասկած, չենք ունեցել ավելի ծանր եւ ողբերգական ճակատագիր նախորդ որեւէ դարաշրջանում: Ահա թե ինչու 99 տարի առաջ պետականության վերականգնումը կրկնակի թանկ էր եւ նվիրական, եւ այսօր էլ սրբազան է յուրաքանչյուր հայի համար:

 

Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիներին բերեց ոչ միայն անկախ պետականություն, այլեւ մարդու իրավունքներ եւ ազատություններ, որոնք արդեն ամրագրված էին օրենքներով:

 

Այսօրվա Հայաստանը նույնպես ծնվեց պատերազմի կրակի բովում, բայց այս անգամ՝ արցախյան ճակատում: Մենք՝ ներկա Հայաստանի քաղաքացիներս, հավատարիմ ենք Առաջին Հանրապետության պատգամներին»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին