«Ավրորա»-ն կաջակցի Պոտսդամի եկեղեցու վերակառուցմանը - Mediamax.am

2848 դիտում

«Ավրորա»-ն կաջակցի Պոտսդամի եկեղեցու վերակառուցմանը


Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Ավրորա


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կաջակցի Գերմանիայի Բրանդերբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամի եկեղեցու վերակառուցման աշխատանքներին։

 

Այսպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն իրենց երախտագիտությունն են հայտնում նրանց, ում շնորհիվ կարողացել են ողջ մնալ։ «Ավրորա»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանի նախնիները փրկվել են հենց գերմանացիների օգնությամբ։

 

«Գերմանացիները, ֆրանսիացիները, նաեւ թուրքերից են եղել, որ փրկել են հայերի կյանքը. մի երեւույթ, որը երբեմն հայերի համար դժվար ըմբռնելի է: Պապերիս փրկել են գերմանացիները։ Դրա մասին իմացել ենք Բուլղարիայում տպագրված մի հոդվածից: Պապս ու նրա եղբայրը գործարարներ էին եւ դատապարտված են եղել ոչնչացման: Նրանց, փաստացի, փրկել են գերմանացի սպաները, որոնց հիմնական աշխատանքը այդ ժամանակ եղել է թուրքերին օգնելը եւ հայերի տեղահանությունը կազմակերպելը: Տեսնելով, որ պապս ու եղբայրը գերմաներեն են խոսում, վերցրել են նրանց։ Բայց չէ՞ որ կային մարդիկ, որոնք գերմաներեն չգիտեին»,- ասել է Նուբար Աֆեյանը։

 

Նախաձեռնության մասին «Ավրորա»-ի համահիմնադիրները հայտարարել են այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Կոմիտասյան հնչյունների ներքո անցկացվող միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի ներկայացուցիչները։

 

«Ավրորա»-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այսօր մարդիկ մի կողմից անսպառ տեղեկատվություն են ստանում, մյուս կողմից՝ հայտնաբերում, որ ոչինչ չգիտեն իրենց պատմության, հարեւանների եւ շատ կարեւոր հարցերի մասին։ «Ավրորա»-ն փորձ է ոչ միայն հավաքելու, այլեւ՝ տարածելու ինֆորմացիան։

 

«Մենք այժմ Գերմանիայի հետ շատ աշխատանքներ ենք տանում, եւ սա սքանչելի հնարավորություն է երկու ազգերի համար միմյանց մասին ավելին իմանալու։ Ուրախ եմ հայտնել, որ նոյեմբերի սկզբին «Ավրորայի զրույցներ» ենք անցկացնելու Բեռլինում։ Սա հիասքանչ առիթ է հաշտեցման, անցյալի ինֆորմացիան կիսելու եւ հասկանալու, թե ինչպես կարող ենք մի բան կառուցել հանուն նոր ապագայի»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ցուցադրվել են նաեւ Յուտտա Բոշի կտավները. հեղինակը դրանք նկարել է Կոմիտասի երաժշտությունից ներշնչված:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին