«Ավրորա» մրցանակի 2017թ. դափնեկիրը Թոմ Քաթինան է - Mediamax.am

10168 դիտում

«Ավրորա» մրցանակի 2017թ. դափնեկիրը Թոմ Քաթինան է


Թոմ Քաթինան
Թոմ Քաթինան

Լուսանկարը` Ավրորա


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի 2017թ. դափնեկիրը պատերազմական Նուբա լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ Թոմ Քաթինան է:

Մրցանակաբաշխությունը կայացել է մայիսի 28-ին Երեւանում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մրցանակը Թոմ Քաթինային հանձնել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը:

 

 

«Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր քույրերի եւ եղբայրների համար: Յուրաքանչյուր մարդ իր ներդրումն ունենալու հնարավորություն ունի: Մեր բոլորի մարդկայնությունը կարող է առաջնորդել մեզ դեպի ավելի պայծառ ապագա: Հավատքով լեցուն՝ ես հպարտությամբ շարունակելու եմ ծառայել աշխարհին եւ դարձնել այն ավելի լավը»,- ասել է Թոմ Քաթինան՝ ստանալով մրցանակը: 

 

Հեղինակավոր միջազգային ժյուրին դափնեկրի ընտրությունը կատարել է «Ավրորա 2017»-ի հինգ արժանավոր հավակնորդներից:

 

Թոմ Քաթինան «Ավրորա»-ի հիմնադիրներից կստանա $ 100 000 պարգեւ, ինչպես նաեւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ $ 1 000 000 դրամաշնորհ, որը կբաշխվի նրա ընտրած կազմակերպությունների միջեւ: Դրանք են՝ Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամը (AMHF, ԱՄՆ), Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդը (CMMB, ԱՄՆ) եւ Aktion Canchanabury-ն(Գերմանիա):

 

Թոմ Քաթինան Սուդանի 750 000 բնակիչ ունեցող Նուբա լեռներում մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժն է։ Սուդանի կառավարության եւ Սուդանի ազգային ազատագրական շարժման միջեւ բռնկված քաղաքացիական պատերազմի բոլոր տարիներին Թոմն անթիվ մարդկանց կյանք է փրկել «Գթության մայր» հիվանդանոցում, որը միակ գործող հիվանդանոցն է ամբողջ տարածաշրջանում։

 

Նախկինում 80 մահճակալ ունեցող հիվանդանոցը մեծացել է՝ հասնելով 435 մահճակալի, եւ ունի ավելի քան 40 բուժքույր։ Թոմ Քաթինան վերջերս աշխատանքի է ընդունել նաեւ մեկ այլ բժշկի, որպեսզի հնարավոր լինի մեծացնել հիվանդանոցի կարողությունները։ Բայց նա ցանկանում է ավելին անել՝ հիմնել փոքր հիվանդանոցներ եւ առաջնային բուժօգնության կենտրոններ, որոնք կկարողանան տեղում օգնություն ցուցաբերել ավելի փոքր համայնքներին։

 

Մայիսի 22-ին Թոմ Քաթինան հանդիպել էր ապագա բժիշկներին Երեւանի պետական բժշկական համալսարանում: Պատմելով Նուբա լեռներում իր աշխատանքի մասին՝ նա ասել էր.

 

«Օդանավից ռումբեր էին նետել, այրվածքներով մարդկանց բերեցին: Երեխաներից մեկն ամեն օր ասում էր՝ ինձ մի թխվածքաբլիթ տուր: Ես սկսեցի ամեն օր նրա բարձի տակ թխվածքաբլիթ դնել, եւ երեք ամիս հետո այդ երեխան մահացավ իմ ձեռքերի մեջ: Զգացողություն ունեի, թե խելագարվել եմ: Անզգայացել էի՝ ոչ տխուր էի, ոչ՝ ուրախ: Միակ բանը, որ կարող եք անել նման դեպքերում, թափ տաք ձեզ ու փորձեք հասկանալ՝ ինչպե՞ս կարող եք հետագայում խուսափել այս ամենից: Այդ անզգայացած վիճակից տուժում են ձեր մյուս հիվանդները, որովհետեւ դուք պետք է քայլ առաջ կատարեք, դասեր քաղեք ողբերգությունից եւ օգնեք մյուսներին: Եթե դա չանեք, պատժում եք բոլորին՝ սկսում եք գոռալ ձեր աշխատակիցների վրա, նրանց ձեր նկատմամբ բացասաբար եք տրամադրում, եւ նրանք ձեզ չեն ընկալում որպես առաջնորդ եւ չեն հետեւում ձեր օրինակին»:

 

Թոմ Քաթինայի այցը Հայաստան հնարավոր դարձնելու համար «Գթության մայր» հիվանդանոց են մեկնել երեք հայ զինվորական բժիշկներ, որոնք արդեն 10 օրից ավելի է՝ աշխատում են Նուբա լեռներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին