Թոմ Քաթինա. Պարզապես վերադառնալու եմ աշխատանքիս - Mediamax.am

11650 դիտում

Թոմ Քաթինա. Պարզապես վերադառնալու եմ աշխատանքիս


Լուսանկարը` Ավրորա


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի 2017թ. դափնեկիր Թոմ Քաթինան արարողությանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ միջոցառումներից հետո պարզապես վերադառնալու է իր աշխատանքին:

«Ես բավականին ամաչկոտ եմ եւ բան էլ չեմ ասել իմ հիվանդներին: Ասացի՝ գնում եմ Հայաստան արարողության համար: Երբ վերադառնամ, պարզապես ասելու եմ՝ եկեք անցնենք մեր գործին: Չեմ կարծում, որ ասելու շատ բան ունեմ նրանց: Ես աղմուկի եւ բղավոցների կարիք չունեմ, պարզապես ուզում եմ վերադառնալ աշխատանքիս:  Բայց, իհարկե, հետաքրքրված եմ, թե ինչպես են դիմավորելու ինձ»,- ասել է Թոմ Քաթինան:

 

Բժիշկ Թոմը նշել է, որ մրցանակի $ 1 մլն գումարը բաժանվելու է իր առաջադրած 3 կազմակերպությունների միջեւ եւ վերջիններս այն կտնօրինեն իրենց կամքի համաձայն:

 

«Իհարկե լավ է, որ գումար է փոխանցվելու իմ առաջադրած կազմակերպություններին, բայց, առաջին հերթին, մրցանակի արժեքը նրանում է, որ «Ավրորան» մարդկանց ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, թե ինչ է տեղի ունենում Սուդանի Նուբա լեռներում»,- նշել է նա:

 

Անդրադառնալով գումարի իր մասնաբաժնին, Թոմն ասել է. «Մարդիկ ինձ ասում են, որ գումարի իմ մասը փորձեմ ծախսել ճամփորդելու վրա, բայց ես հավանաբար այն կծախսեմ հիվանդանոցի վրա, մեզ դեռ սարքավորումներ են հարկավոր եւ այնտեղ բավականին շատ գործ կա անելու»:

 

Թոմը երազում է Նուբա լեռներում իրենց գործին նվիրված բժիշկներ ունենալու մասին, միայն այդ ժամանակ նա կարող է հեռանալ Սուդանից, երբ վստահ լինի, որ Նուբայի ժողովուրդն ապահով ձեռքերում է: Նա պատմել է, որ հիմա նուբացի երկու երիտասարդ բժշկական համալսարանում կրթություն է ստանում, մի քանիսն էլ վերապատրաստումներ են անցնում հենց հիվանդանոցում եւ օգնում են իրեն:

 

«Բժիշկները թող առանձնակի սպասելիքներ չունենան Նուբա գալով, առանձնատուն ունենալու եւ մեծ գումարներ վաստակելու հեռանկար չկա: Դրա համար շատերը ոգեւորված չեն այդ գործի համար: Իմ հույսն այն է, որ հենց Նուբայի մարդիկ պետք է բժիշկներ դառնան եւ աշխատեն իրենց տարածաշրջանում»,-ասել է բժիշկը:

 

Թոմ Քաթինան ասել է, որ հիմա Աֆրիկայի սեւամորթ բնակչության համար է աշխատում, բայց, ով գիտի, միգուցե ապագայում նա ուրիշ տեղ աշխատի եւ իր ոգեւորությունը դրանից չի ավելանա կամ նվազի: «Մենք բոլորս Աստծու զավակներ ենք, անկախ մաշկի գույնից: Ես նայում եմ նրանց եւ չեմ նկատում, որ տարբեր ենք: Նրանք իմ քույրերն ու եղբայրներն են»,-ասել է ամերիկացի միսիոները:

 

Արարողության ընթացքում իր ելույթի ժամանակ Թոմը պատմել է Նուբա լեռներում իր աշխատանքի եւ իր զգացողությունների մասին. «Երբեմն մարդիկ հարցնում են, թե որն է իմ աշխատանքի ամենադժվար մասը: Ամենադժվարն իմ աշխատանքում հիվանդի մահը տեսնելն է: Կարո՞ղ եք պատկերացնել, որ ամեն օր 3-4 հիվանդ է մահանում»:

 

Ռմբակոծության հետեւանքով  կամ համաճարակներից մահացող երեխաներ, մահեր քաղցկեղից, հղիությունից կամ ծննդաբերությունից, ծերությունից, հրազենի վնասվածքներից, այրվածքներից՝ այսպես են անցնում բժիշկ Թոմի օրերը հիվանդանոցում:

 

«Երբ մարդիկ մահանում են, ամբողջ աշխարհի տխրությունն ու վիշտը գլխիս վերեւում է հավաքվում, կուրծքս սեղմվում է, չեմ էլ կարողանում շնչել: Նստում եմ, գլուխս ափերիս մեջ առնում եւ սկսում եմ մտածել: Հետո դուրս գալիս սենյակից, ուզում եմ, որ ռումբը ինձ հարվածի, քանի որ այդ կսկիծն իմ ուժերից վեր է:  Հետո մի քիչ քայլում եմ եւ տեսնում եմ մի երեխայի, որն ասում է՝ հե՜յ, բժիշկ: Նա պարզապես ուզում է խաղալ ինձ հետ: Հետո մի տատիկ ինձ շնորհակալություն է հայտնում այնտեղ գտնվելու համար: Հետո մեկ ուրիշն ասում է՝ խնդրում եմ, մեզ չլքեք: Եվ իմ զգայարանները դանդաղորեն վերադառնում են: Հասկանում եմ, որ մենք պերֆեկցիոնիստներ ենք: Այս մարդիկ, որ հալածվել են եւ տրավմաների ենթարկվել դարեր շարունակ, կատարելության կամ հրաշքների կարիք չունեն: Նրանք պարզապես կարեկցանքի կարիք ունեն, որ ինչ-որ մեկը կիսի իրենց տառապանքը»,-ասել է Թոմ Քաթինան՝ մրցանակը ստանալիս:

 

Հայաստան իր այցը Թոմն այսպես է նկարագրել. «Իմ ողջ կյանքի ընթացքում այսքան ջերմ եւ այսքան հյուրընկալ մարդկանց չէի հանդիպել: Այստեղ ինձ զգում եմ, ինչպես կզգայի մեր տանը՝ խոհանոցում, ընտանիքիս անդամների հետ կերակուր պատրաստելիս: Շնորհակալություն դրա համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին