Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը մրցանակաբաշխությանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «Ավրորա» նախաձեռնությունը չի կրում ազգայնական բնույթ, այն միջազգային է:
«1950-ականներից սկսած հայերն ամենուր փորձում են հսկայական ռեսուրսներ ծախսել Հայոց ցեղասպանության մասին պատմելու համար: Սակայն «Ավրորան», ավելի մեծ ուշադրություն է գրավել Հայոց ցեղասպանության ՝ որպես մարդու իրավունքների միջազգային խնդրի շուրջ: Մենք միշտ ազգայնացնում ենք այս հարցը, սակայն պետք է փորձենք այն միջազգային դարձնել, քանի որ հայերը միշտ էլ մասնակցություն են ունեցել համամարդկային արժեքների ստեղծման գործում»,-ասել է Վարդան Գրեգորյանը:
Նա նշել է, որ նախաձեռնությունը քննադատողներ միշտ էլ կգտնվեն՝ «բայց փոխարենը ի՞նչ են առաջարկում»:
«Ռուբենն ու Նուբարը անձնական միջոցներից նվիրատվություն են կատարել այս գործի համար: Նրանք կարող էին այդ գումարը ծախսել ադամանդեր գնելու վրա, նրանք կարող էին Հայաստանի խաղատներում վատնել այդ գումարը: Չեմ տեսել, որ խաղատները քննադատվեն: Կլինեն մարդիկ, որ կասեն, ինչո՞ւ այս գումարը չծախսել ուտելիքի վրա: Այո, մենք կարող ենք մեկ կամ երկու ամիս կերակրել այդ գումարով, բայց դա մեր հարցին որեւէ լուծում չի տա»,- նշել է Վարդան Գրեգորյանը:
«Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն էլ ասել է, որ
նախաձեռնությունը ոչ այնքան Ցեղասպանության մասին է, որքան նման արհավիրքների միջով անցնող մարդկանց օգնելու:
«Ռուբենի եւ Վարդանի հետ քննարկում ենք այն հարցը, թե ինչպես կարող ենք արթնացնել պատասխանատվության եւ երախտագիտության զգացողություն ողջ աշխարհում եւ, մասնավորապես, հայերի մեջ: Որովհետեւ սերնդեսերունդ փոխանցվող զոհի մտածողությունը, որ Ցեղասպանությունը չի ճանաչվել մեղավորների իրավահաջորդների կամ խոշոր արեւմտյան տերությունների կողմից, կլանել է մեզ հանուն արդարության մեր պայքարում: Այս ընթացքում մենք ի վիճակի չենք եղել փոխակերպելու մեր ցավը, այն դարձնելու ուրիշի շահը, փոխանցելու մեր սովորածն ու մեր օրինակը դրա կարիքն ունեցողներին»,-ասել է նա:
«Մենք հավատում ենք, որ Ավրորայի հաջողությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն միջազգային է, անկախ, թափանցիկ եւ պրոֆեսիոնալ», - նշել է Ռուբեն Վարդանյանը:
Նա ասել է, որ «Ավրորա» նախաձեռնությունը չեզոք է եւ կառավարությունից կախվածություն չունի: «Մենք լավ ու վատ կողմեր չենք ընտրում: Եթե մարդ կյանքեր է փրկում, կարեւոր չէ, թե ում կողմից է: Մարգարիտ Բարանկիցեն չունի անձնագիր, քանի որ Բուրունդիայի նախագահը որոշել է, որ նա հանցագործ է: Բայց մեզ համար նա հերոս է»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: