19 լեզվով Վիքի-բովանդակություն ստեղծողները Երեւանում են - Mediamax.am

3085 դիտում

19 լեզվով Վիքի-բովանդակություն ստեղծողները Երեւանում են


Լուսանկարը` Վիքիմեդիա Հայաստան


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում տեղի է ունենում «Քոլլաբ» հանդիպումը, որը համախմբում է «Վիքիմեդիայի» շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում իրականացվող կրթական նախագծերի պատասխանատուներին։

Հանդիպման նպատակն է կրթական հաջողված նախագծերի վերաբերյալ փորձի փոխանակումը, Վիքիպեդիայում հոդվածների բարելավումը, ինչպես նաեւ հոդվածների ստեղծման եւ կրթության մեկտեղման հնարավորությունների խթանումը։

 

«Հայաստանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործունեության հիմքում կրթությունն է։ Մենք հայաստանյան Վիքիմեդիայից շատ սովորելու բան ունենք։ Նաեւ շատ տալու բան ունենք, քանի որ ունենք մեծ փորձ ու իրականացնում ենք լայնամասշտաբ կրթական նախագծեր»,-  ասել է Wiki Education հիմնադրամի կրթական համագործակցությունների մենեջեր Ջեյմի Մեթյուսոնը։

 

«Այս հանդիպմանը ներկա են 19 լեզվով Վիքի-բովանդակություն ստեղծողներ։ Մեզնից յուրաքանչյուրն իր փորձն է ներդնում՝ Վիքիմեդիայի նախագծերի զարգացման համար՝ ներգրավելով ավելի մեծ թվով խմբագրողներ։ Վիքիպեդիան հնարավորություն է տալիս ոչ միայն ստեղծել հոդվածներ, այլեւ զարգացնում է սովորելու, գրելու եւ խմբագրելու, 21-րդ դարում անհրաժեշտ, ինչպես նաեւ թվային հմտություններ»,- նշել է Վիքիմեդիա Հիմնադրամի Կրթական ծրագրերի համակարգող Նիքոլ Սաադը։

 

«Գիտակցելով հոդվածներ գրելու ընթացքում սովորելու կարեւորությունը՝ հունիսի 13-ից 23-ը, հունիսի 26-ից հուլիսի 6-ը, օգոստոսի 20-ից 30-ը 9-21 տարեկան երեխաների համար կրկին կազմակերպում ենք ամառային ճամբար։ Այս տարի մենք հրավիրում ենք ոչ միայն այն երեխաներին եւ երիտասարդներին, ովքեր խմբագրելու փորձ եւ հմտություն ունեն, այլեւ նրանց, ովքեր դեռ նոր պիտի բացահայտեն խմբագրելու ընթացքում սովորելու առավելությունները»,- ասել է «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանը։

 

Հայալեզու վիքի բովանդակության քանակը հինգ տարվա ընթացքում աճել է 22 անգամ (10.000 հոդվածից մինչեւ 216.000 հոդված)։ Հայալեզու Վիքիպեդիայի վարկանիշը վերջին հինգ տարիների ընթացքում 97-րդից բարձրացել է 36-րդ տեղը, իսկ 2015-ին Հայկական Վիքիմեդիայի հիմնադիր եւ նախագահ Սուսաննա Մկրտչյանը ստացել է «Տարվա Վիքիպեդիստ» կոչումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին