«Հրազդան» մարզադաշտին կից ծրագրվում է «Հայկական գյուղ» կառուցել - Mediamax.am

4435 դիտում

«Հրազդան» մարզադաշտին կից ծրագրվում է «Հայկական գյուղ» կառուցել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր ասել է, որ քաղաքաշինության ոլորտում այս տարի նախատեսվում են մոտ 150 մլն դոլարի ներդրումային ծրագրեր:

Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողներին ներկայացրել է առավել կարեւոր ծրագրերը՝ առանձնացնելով Երեւանի Ֆիրդուսի շուկայի եւ հարակից տարածքում նախատեսված ճանապարհի եւ հրապարակի նախագիծը:

 

«Մոտ 5 հա տարածքի 72 տոկոսն իրացված է, աշխատանքները շարունակվում են: Պետք է կառուցվի 3 ճառագայթներով փողոց: Այդ փողոցները հատվում ու դառնում են շրջանաձեւ մեծ հրապարակ՝ մոտ 85 մետր տրամագծով: Սա կլինի եզակի հրապարակ Երեւանում: Ֆիրդուսի շուկայում շինարարական աշխատանքներն ավելի մեծ թափով տեսանելի կլինեն աշնանը», - ասել է կոմիտեի ղեկավարը:

 

Նարեկ Սարգսյանը նշել է, որ շուկայի խնդիրը քննարկել Երեւանի քաղաքապետի հետ եւ Տարոն Մարգարյանը խոստացել է՝ խնդիրը լուծելու են առանց ցնցումների:

 

«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում նախատեսվում է կառուցել «Հայկական գյուղ» թաղամաս՝ 2-3 հարկանի շենքերով, որոնք ներկայացնելու են Հայաստանի տարբեր շրջանների ճարտարապետությունը:

 

Մինչեւ տարեվերջ Երեւանում կբացվի Հրանտ Մաթեւոսյանի թանգարանը:

 

Առաջիկայում, հնարավոր է, կառուցվի նորանկախ Հայաստանի առաջին թատրոնը: Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հարակից վթարային շենքը, որը նախկինում քոլեջ է եղել, նախատեսվում է վերակառուցել որպես Սոս Սարգսյանի թատրոն:

 

«Ունենք ներդրող, որի մասնակցությամբ վթարային շենքի վերակառուցմամբ, ուժեղացմամբ կամ մասնակի քանդումով այն կդառնա Սոս Սարգսյանի թատրոն՝ նախատեսված մոտ 300 հանդիսականի համար»:

 

Նարեկ Սարգսյանն անդրադարձել է նաեւ կառուցապատման խնդիրներին: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահն առաջարկում է մայրաքաղաքում կառուցապատման խտության խնդիրը լուծել օրենքով:

 

«Երկու տարի օրենքը շատ մանրամասն քննարկել ենք: Ես եմ եղել հիմնական պնդողը, որ օրենքով ամրագրվեն կառուցապատման խտությունները: Լուծման մեկ մեխանիզմ կա. մարդուն ասում ես՝ նվազագույն շեմն այսքան քառակուսի մետր է, առավելագույնը՝ այսքան, որն ընդունելի է, բայց՝ ոչ ցանկալի: Այդ տարբերության համար նա պետք է շատ մեծ գումար վճարի համապատասխան բնապահպանական հիմնադրամ, որն այդ գումարը կծախսի բացառապես կառուցապատման առաջացրած խնդիրները փոխհատուցելու համար», - ասել է Նարեկ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին