Կարել Հոֆստրան՝ Հայաստանի լավ մարդկանց ու վատ ճանապարհների մասին - Mediamax.am

exclusive
7714 դիտում

Կարել Հոֆստրան՝ Հայաստանի լավ մարդկանց ու վատ ճանապարհների մասին


Կարել Հոֆստրան
Կարել Հոֆստրան

Լուսանկարը` անձնական արխիվից

Կարել Հոֆստրան
Կարել Հոֆստրան

Լուսանկարը` անձնական արխիվից

Կարել Հոֆստրան
Կարել Հոֆստրան

Լուսանկարը` անձնական արխիվից


Հայաստանում ավելի քան 10 տարի բնակություն հաստատած հոլանդացի Կարել Հոֆստրան Մեդիամաքսի հետ զրույցում պատմել է Հայաստանում ապրելու եւ աշխատելու առանձնահատկությունների մասին։ Նա այստեղ է տեղափոխվել 2005 թվականին` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում աշխատելու նպատակով։ Ամուսնացել է հայուհու հետ։ Նրանք երեք երեխա ունեն ։ Ներկայում ղեկավարում է Երեւանում գործող Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը։ 

 

***

 

Հայաստանում ինձ շատ հարմարավետ եմ զգում։ Հայաստանի եւ Հոլանդիայի հասարակությունները բավական նման են, սակայն կան տարբերություններ, որոնք մինչ օրս շարունակում են ինձ զարմացնել։

 

Նկատել եմ, որ հայերը, հատկապես առաջին անգամ հյուր գնալիս, շատ են սիրում մեծ նվերներ անել, մինչդեռ Հոլանդիայում՝ մեկ շիշ գինին լրիվ բավական է։

 

Մեկ այլ բան, որ ինձ համար անսովոր է՝ դա կանանց եւ տղամարդկանց անելիքների հստակ տարանջատումն է։ Այստեղ ընդունված է, որ ֆինանսական, տեխնիկական հարցերով պետք է տղամարդիկ զբաղվեն, իսկ կանայք՝ երեխաներին խնամեն, տնային գործեր անեն։

 

Չեմ դադարում զարմանալ, թե հաճախ հայերն ինչպես են հեռախոսով խոսում։ Երբ ես եմ զանգում, առաջինը ներկայանում եմ, իսկ այստեղ լինում են դեպքեր, երբ զանգում են եւ միանգամից  ասում՝ «Ալլո, ո՞վ է»։

 

Այդուհանդերձ, հայերի հետ շփվելը բավական հեշտ է, քանի որ նրանք հիմնականում բարյացակամ եւ ընկերասեր են։

Կարել Հոֆստրան Կարել Հոֆստրան

Լուսանկարը` անձնական արխիվից

Շատ եմ սիրում հայկական բնաշխարհը եւ գրեթե միշտ առիթը բաց չեմ թողնում այցելել տարբեր վայրեր։ Սիրում եմ շփվել մարդկանց հետ։ Այսօր արդեն բավական լավ տիրապետում եմ հայերենին, ինչը շատ է օգնում մարդկանց լավ հասկանալու համար։

 

Անկեղծ ասած, շատ եմ զարմանում ճանապարհների վատ վիճակից։ Հայաստանն այդքան էլ մեծ երկիր չէ, ուստի պետք է ունենա ավելի բարեկարգ ճանապարհներ։ 10-15 տարի առաջ Հայաստանի ճանապարհները շատ ավելի լավ վիճակում էին, քան Վրաստանում էր, իսկ այսօր ճիշտ հակառակ պատկերն է։ Ինչո՞ւ է այդպես։ Պարզապես անհասկանալի է։

 

***

 

Հայերի հետ աշխատելն ինձ համար միշտ մեծ հաճույք է եղել։ Երբեք մեծ եւ անհաղթահարելի խնդիրներ չենք ունեցել։ Աշխատաոճի առումով՝ նկատել եմ, որ այստեղ ընդունված է հիերարխիկ կառուցվածքը։ Եթե ղեկավարը ասում է` այսպես պետք է լինի, ապա առարկություններ հնչեցնելը ցանկալի չէ։ Ես, սակայն, այդ ոճով չեմ աշխատում՝ նախապատվություն տալով ավելի ճկուն եւ ազատ ոճին։

Կարել Հոֆստրան Կարել Հոֆստրան

Լուսանկարը` անձնական արխիվից

Նկատել եմ նաեւ, որ Հայաստանում հաճախ մտածում են, որ կառավարությունը պետք է լուծի ժողովրդի բոլոր խնդիրները։ Սակայն, կարծում եմ, որ մարդիկ պետք է ավելի քիչ սպասեն կառավարությանը, եւ իրենք նախաձեռնող լինեն։

 

Հայաստանում անտարբերություն կա առօրյայում հանդիպող շատ մտահոգիչ երեւույթների նկատմամբ։ Մարդիկ չեն մտածում շրջակա միջավայրի մասին, չեն մտահոգվում, թե ինչ օդ են շնչում, որ հանրային զբոսայգիները բավական քիչ են։

 

Հայաստանում ամեն ինչ տեսանելի է։ Այստեղ դժվար է ինչ-որ բան թաքցնել։ Սոցիալական խավերի կտրուկ տարբերությունը ակնհայտ է հատկապես մարզերում։

 

Հայաստանը զարգանալու համար կարող է շատ ավելին անել, քան հիմա է անում։ Երկրի զարգացման համար շատ մեծ նախադրյալներ կան հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության ոլորտներում։

 

Կարդացեք նաեւ.

 

Դեյվիդ Բիքեթը՝ ընկերասեր Հայաստանի եւ բարձր մաքսատուրքերի մասին

 

Թիմոթի Սթրայթը՝ նորվեգացիների եւ հայերի երջանկության մասին

 

Գրի առավ Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին