Մշակույթի նախարարությունն արձագանքել է Մեդիամաքսի հրապարակմանը - Mediamax.am

3089 դիտում

Մշակույթի նախարարությունն արձագանքել է Մեդիամաքսի հրապարակմանը


Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ մշակույթի նախարարությունն այսօր արձագանքել է Մեդիամաքսի «Երերույք` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հույսին մնացած առեղծվածային տաճարը» հրապարակմանը, որում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշել էր, որ տաճարի վերականգման համար «եկեղեցին ռեսուրսներ չունի, եւ հիմնական պատասխանատուն մնում է մշակույթի նախարարությունը»։

 

Արձագանքելով այս մտքին՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանն ասել է, որ «Երերույքի բազիլիկը եւ հնագիտական վայրը 1995 թվականից ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում»:

 

Փոխնախարարը տեղեկացրել է, որ Երերույքում աշխատանքներ իրականացնելու նպատակով 2017թ. պետական բյուջեով արդեն իսկ միջոցներ են նախատեսված:

 

«Այդ գումարով կիրականացվի նախապատրաստական աշխատանք, ինչը ենթադրում է՝ փաստաթղթերի հավաքագրում, գլխավոր նախագծի ստեղծում: Սա արդեն լուրջ աշխատանք է»,- ասել է Արեւ Սամուելյանը:

 

Նախարարությունում նշել են, որ Երերույքի հնագիտական հուշարձանը եւ Անիպեմզա գյուղը 2016թ. մարտի 16-ին Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխությանը ներառվել են «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում:

 

«Այդ ցանկում ընդգրկված լինելը դիտվում է որպես առավելություն՝ հուշարձանի վերակառուցման նպատակով դոնոր կազմակերպություններին դիմելիս: «Եվրոպա Նոստրայի» փորձագետների օգնությամբ մշակվում է ներդրումային ծրագիր, այդ ուղղությամբ արդեն մեծ աշխատանք է տարվել: 5 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը, կարելի է ասել, հիմնականում պատրաստ է, բայց դոնորներ գտնելու գործընթացը կարող է տեւել մի քանի տարի»,- տեղեկացրել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ «Եվրոպա Նոստրան» գումարներ տրամադրելու պարտավորություններ չունի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին