ՀՀ նախագահի մոտ քննարկել են հայ-ռուսական օրակարգը - Mediamax.am

7916 դիտում

ՀՀ նախագահի մոտ քննարկել են հայ-ռուսական օրակարգը


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հայ-ռուսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ:

«Հայ-ռուսական համագործակցությունը նոր ծրագրերով հարստացնելու ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաեւ երկկողմ օրակարգն առաջ մղելու գործում առկա խնդիրների ու խոչընդոտների մասին զեկուցել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը», - ասված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ անցած 25 տարիների ընթացքում հաջողվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատել ամուր դաշնակցային հարաբերություններ:

 

«Ռուսաստանի Դաշնությունը մեր երկրում ամենամեծ ներդրողն է. ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են մեր ընդհանուր ներդրումների 47 տոկոսը, ռուսական կապիտալը ներկայացված է մեր տնտեսության բոլոր ոլորտներում:

 

Վերջին ժամանակահատվածում համագործակցության մի շատ մեծ ոլորտ է ի հայտ եկել՝ զբոսաշրջությունը, եւ մենք պարտավոր ենք ջանքեր գործադրել այդ ոլորտի զարգացման համար: Վերջին հինգ ամիսների ընթացքում մեր հանրապետություն այցելած Ռուսաստանի քաղաքացիների 25 տոկոսով աճ է արձանագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Վստահ եմ, որ տարեկան արդյունքը շատ ավելի բարձր է լինելու: Զբոսաշրջությունը ոչ միայն բիզնես է, այլ երկու ժողովուրդների միջեւ հարաբերություններն ամրապնդելու շատ լուրջ գործոն»,- ասել նախագահը:

 

Դեսպան Վարդան Տողանյանը զեկուցել է, որ 2016 թվականին եւ 2017 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ համագործակցությունը շարունակել է զարգանալ:

 

«Այդուհանդերձ, առկա են որոշ հարցեր, մասնավորապես՝ առեւտրաշրջանառության տիրույթում, որոնք ենթակա են երկու երկրների միջեւ գործող տնտեսական համագործակցության միջկառավարական եւ միջխորհրդարանական հանձնաժողովների քննարկմանն ու վերանայմանը»,- ասել է Վարդան Տողանյանը:

 

Նա հատկապես նշել է Հայաստանից Ռուսաստան ապրանքների եւ ծառայությունների արտահանման հարցում դեռեւս պահպանվող ֆինանսական եւ մաքսային որոշ սահմանափակումները, ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային միգրացիայի խնդիրները, ՌԴ տարածաշրջաններում Հայաստանի ապրանքատեսականու ներկայացվածության ոչ բավարար մակարդակը եւ մի շարք այլ հարցեր, որոնք համակարգման եւ լուծման կարիք ունեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին