exclusive
3252 դիտում

Հովսեփ Թոքատի հայրենականչը


Սիս քաղաքը
Սիս քաղաքը

Լոսանջելեսաբնակ Հովսեփ Թոքատը ընթերցողին է ներկայացրել բավականին հետաքրքիր ու ուսանելի պատկերագիրք՝ «Ավերակ Քղին»՝ անդրադառնալով Արեւմտյան Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկին: Այն գտնվում է Էրզրումից ոչ հեռու՝ այսօրվա Բինգյոլի նահանգում:

1915 թվականին այստեղ հայկական 51 գյուղ է եղել, այդ թվում եւ հեղինակի պապենական Ճերմակ գյուղը: Թուրքական յաթաղանը 100 տարի առաջ այս հատվածում եւս հատուկենտ  հայեր ողջ թողեց՝ այն էլ պատահականության  դիպվածով՝ մի դեպքում նրանք հրաշքով փրկվեցին ջարդերի պահին իրենց բնակավայրերում չգտնվելով, մյուս պարագայում էլ պանդխտության մեջ գտնվող քղեցիներն օտար ափերում միավորվեցին, որ վերընձյուղվեն՝ իրենց մեջ վառ պահելով հիշատակը այն տասնյակ հազարավոր իրենց հարազատների, ովքեր սրի քաշվեցին, կոտորվեցին հայոց Մեծ եղեռնի տարիներին:

Նրանց բարի հիշատակը ծովացավ է ապրողների մոտ, ովքեր միշտ բարձր պահեցին նրանց սուրբ անունը: Նրանցից է հեղինակի գերդաստանը, որի անդամները անգամ փորձեցին վերակենդանացնել իրենց պապերի Ճերմակ գյուղը, սակայն ապարդյուն։ Հատուկենտ հարազատներով շատ դժվար էր արյունը մաքրել ու ապրել, տուն ու շեն ստեղծել, հող ծաղկեցնել, որքան էլ որ հայոց բարի հիշատակները կան. եկեղեցիները՝ կիսականգուն ու քանդված, խաչքարերը՝ ջարդված ու փշրված, գերեզմանները՝ առանց գերեզմանաքարերի, աղբյուր-հուշարձանները՝ առանց գրության։ Այս ամենը նման է մասունքների եւ վկայում է հայոց ներկայության ու լինելիության մասին:

Այստեղ հեղինակը ոչ թե զգացմունքն է առաջին պլան մղում, այլ վիճակագրությունը՝ նշելով ամեն մի գյուղում եղած հայերի տների եւ բնակչության թիվը, եկեղեցիների քանակը, դպրոցում սովորող աշակերտների թիվը, բնակավայրերին բնորոշ զբաղմունքը, մարդկանց ավանդույթներն ու սովորույթները՝ անգամ հարսանեկան ծեսի առանձնահատկություններով: Այդպիսով, Հովսեփ Թոքատը ստեղծել է ամեն մի գյուղի ինքնատիպ անձնագիրը՝ որոշակի տեղեկատվական ու վիճակագրական տվյալներով: Այդ ամենը  վկայում է, թե ինչպիսին են եղել բնության գողտրիկ անկյուններում ծվարած հայկական բնակավայրերը՝ իրենց աշխատասեր ու նվիրյալ բնակչությամբ: Իսկ նրանք աշխատասեր ու ուսումնատենչ էին՝ կրթություն ու դաստիրակություն էին ստանում, սերունդների հերթափոխ ապահովում:

Հեղինակը շուրջ 100 տարի անց լուսանկարչի հետ անցավ գյուղից գյուղ, բնակավայրից բնակավայր՝ ձգտեց գտնել այն բոլոր հետքերը, որոնք հայինն են եղել, բայց դրանցից շատ քիչ բան է մնացել, անգամ իր մեծ հոր՝ Մարտիրոս Սարգսյանի կառուցած խորհրդանիշ-կառույցը՝ կամուրջը, որն արդեն արհեստական լճի տակ է անցել: Այն ամենը, ինչ ներկայացնում է Հովսեփ  Թոքատի պատկերագիրքը, առաջին հայացքից հայրենապատում է, հիշատակի տուրք: Բայց երբ մի փոքր սթափվում ես, տեսնում ես, որ այն հայրենականչ է, որն արձագանքվում է ամեն մեկիս հոգում ու սրտում, նաեւ պատգամ դառնում, որ հայրենի եզերքը երբեք չի կորցնում իր հասցեն։ Եվ մեկ էլ մի հրամայական ունի՝ վաղ թե ուշ վերադառնալ հայրենի եզերք:

Սերգո Երիցյան
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am