Թումո-բանակ. երբ երգեր եւ ռոբոտներ են ստեղծում զինվորները - Mediamax.am

exclusive
15897 դիտում

Թումո-բանակ. երբ երգեր եւ ռոբոտներ են ստեղծում զինվորները


Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Դիլիջանի Թումո կենտրոնի ղեկավար Արման Հայրապետյանը
Դիլիջանի Թումո կենտրոնի ղեկավար Արման Հայրապետյանը

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո


2017թ. փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկեց «Թումո-բանակ» ծրագիրը: Զինվորները համակարգչային ուսուցումը սկսեցին Դիլիջանի Թումո կենտրոնում: Մայիսից ծրագիրն իրականացվում է նաեւ Ստեփանակերտի Թումո կենտրոնում: Հունիսին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ աշխատանքներ են տարվում խոշոր զորամասերում Թումո կենտրոններ հիմնելու ուղղությամբ:

 

«Թումո-բանակ» ծրագրի նպատակն է համալրել բանակի հիմնական ֆունկցիաները կրթական գործառույթներով։ Այն զինծառայողներին տալիս է հմտություններ, որոնք հետագայում կօգնեն աշխատանքի ընդունվելու եւ ուսումնական հաստատություններում ավելի արդյունավետ ուսանելու հարցերում:

 

Ծրագիրը տեւում է 18 ամիս եւ կազմված է ինքնուսուցման շարունակական ընթացքից եւ դասընթացներից, որոնք անցկացվում են երեք` սկսնակ, միջին եւ առաջադեմ մակարդակներով, յուրաքանչյուր փուլը՝ 4 շաբաթ տեւողությամբ։ Դասընթացների ժամանակ զինվորներն ուսումնասիրում են ընտրած առարկաները՝ գործնական առաջադրանքներ կատարելով հաջորդ մակարդակ անցնելու համար։ 

 

Ծրագրում ներառված են հետեւյալ ուղղությունները՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն, թվային գրաֆիկա եւ թվային երաժշտության ստեղծում։ Դասընթացի ավարտին նրանք կունենան իրենց աշխատանքների օնլայն պորտֆոլիո, որը զորացրվելուց հետո կարող է ապագա մասնագիտության համար հիմք հանդիսանալ:

 

Դիլիջանի Թումո կենտրոնի ղեկավար Արման Հայրապետյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ ծրագրում ներգրավվելու համար զինվորների կրթական մակարդակը նշանակություն չունի. նրանք կարող են սկսել ուսուցումը Թումոյում առանց որեւէ նախապայմանի:

 

«Ընդհանուր առմամբ «Թումո-բանակ» ծրագրից մենք գոհ ենք, քանի որ զինվորների մոտ տեսնում ենք հետաքրքրվածություն:  Զինվորներն այստեղ ձեռք են բերում որոշակի հմտություններ եւ գիտելիքներ, որոնք կարող են կիրառել նաեւ ծառայության ընթացքում:

 

Ծրագիրն ապահովում է նաեւ զինվորների կրթության շարունակականությունը, հնարավորություն է տալիս չմոռանալ եւ կիրառել նախկինում ստացած գիտելիքները՝ կլինի դա դպրոցում, համալսարանում, թե Թումոյում ստացածը:

 

Բացի այդ, զինվորն այստեղ կարողանում է կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում: Մենք ունենք զինվորներ, որոնք որոշել են, որ ծրագրավորող են դառնալու: Նրանք մինչ այս չէին մտածել ծրագրավորող դառնալու ուղղությամբ, բայց, մասնակցելով դասընթացին եւ հաղթահարելով առաջինից երրորդ մակարդակները, ձեռք են բերել բազային գիտելիքներ ու հմտութուններ եւ հետագայում կարող են դառնալ լավ մասնագետ»,- պատմում է նա:

 

Դիլիջանի Թումոյում սովորող զինվորները Մեդիամաքս-ին պատմել են իրենց նախասիրությունների, Թումոյում իրենց ընտրած դասընթացների եւ ապագայի ծրագրերի մասին:

 

Արայիկ, 19 տարեկան

Լուսանկարը` Թումո

Մինչեւ զորակոչվելը Թումո չեմ հաճախել, բայց ուսումնասիրել եմ ծրագրավորում եւ փորձել եմ էլեկտրոնային գրականության միջոցով որոշակի գիտելիքներ ձեռք բերել այդ ոլորտում: Հիմա մտածում եմ խաղերի դիզայներ դառնալու մասին:

 

Թումո հաճախում եմ փետրվարից եւ անցել եմ դասընթացի երկրորդ մակարդակ:  Սկզբում պարզ վարժանքներ էինք անում, հետո պատրաստեցինք ռոբոտ, որը պետք է կարողանար հետեւել սեւ գծին կամ այնքան ժամանակ առաջ շարժվեր, մինչեւ չհանդիպեր ինչ-որ առարկայի: Սկզբում ծրագիր ենք գրում, հետո պատրաստում ենք ռոբոտ եւ միավորում այդ երկուսը: Ռոբոտը պետք է կարողանա մեր տված ծրագրով շարժվել:

 

Այս պահին ես աշխատում եմ մի ռոբոտի վրա, որը պետք է կարողանա գտնել կարմիր գնդակը եւ այն դեն նետել: Դասընթացների ընթացքում փորձում եմ գիտելիքներ ձեռք բերել իմ հետագա մասնագիտության համար: Ռոբոտաշինությունը զարգացրել է իմ տրամաբանությունը, ճկուն է դարձրել միտքս եւ ծրագրավորման որոշակի գիտելիքներ է տվել: Ես հաճույքով եմ հաճախում այս դասերին:

 

Շալիկո, 19 տարեկան

Լուսանկարը` Թումո

Ես սովորում եմ Հայկական պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսական ֆակուլտետի Մաքսային գործ բաժնում: Ընդհանուր առմամբ, շատ նոր գիտելիքներ եմ ձեռք բերել այս ծրագրի ընթացքում: Այն մեզ իսկապես հետաքրքրում է: Այստեղ ընտրել եմ ծրագրավորումը եւ փորձում եմ այդ ուղղությամբ մասնագիտանալ: Հետաքրքրված եմ web ծրագրավորմամբ՝ կայքերի ստեղծում եւ ձեւավորում:

 

Ծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում եմ շարունակել կրթությունս, նաեւ պատրաստվում եմ զբաղվել ծրագրավորմամբ: Կարելի է ասել, որ Թումո հաճախելը որոշակի ազդեցություն կունենա իմ հետագա մասնագիտության ընտրության հարցում:

 

Արտաշես, 18 տարեկան

Լուսանկարը` Թումո

Մինչեւ բանակ զորակոչվելը մոտ 3 տարի հաճախել եմ Թումո: Այդ ընթացքում աշխատում էի զարգացնել հմտություններ բոլոր ուղղություններով, բայց ինձ ավելի հոգեհարազատ էր խաղերի ստեղծումը: Պարապմունքների ընթացքում իմ ուժերով կարողացել եմ մի խաղ ստեղծել: Այս պահին ես վարժանքներ եմ անում եւ փորձում եմ առաջադիմություն ապահովել բոլոր ուղղություններով, հետաքրքրված եմ նաեւ web ծրագրավորմամբ:

 

Եթե ինձ հաջողվի մի կայք պատրաստել, ապա դա կլինի Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուների պաշտոնական կայքը Հայաստանում: Այդպիսի կայք արդեն գոյություն ունի, բայց այն ինչ-ինչ պատճառներով արդեն վաղուց չի թարմացվում: Նոր կայքը կօգնի ծանոթանալ թիմի պատմությանը, կունենա խաղերի ժամանակացույց, կներկայացնի մեկնարկային կազմերը եւ հաճախակի կթարմացվի:

 

Ես սովորում եմ Երեւանի պետական համալսարանի Աշխարագրության ֆակուլտետի Երկրաբանություն բաժնում: Ծառայությունն ավարտելուց հետո շարունակելու եմ կրթությունս: Իմ ընտրած մասնագիտությունն ինձ շատ է հետաքրքրում, բայց նաեւ մտածում եմ համակարգչային խաղեր ստեղծող մեծ կազմակերպությունում աշխատելու մասին: Կցանկանայի իմ ներդրումն ունենալ նորագույն խաղային ծրագրերով էպիկ խաղերի ստեղծման գործում:

 

Հայկ, 19 տարեկան

Լուսանկարը` Թումո

Ես նոր եմ սկսել հաճախել Թումո, դեռ վարժանքներ ենք անում, բայց ես արդեն գիտեմ, որ ընտրելու եմ թվային գրաֆիկայի ուղղությունը: Մինչեւ բանակ գալը ես ընդունվել եմ Ճարտարապետության եվ շինարարության պետական համալսարան: Ծառայությունն ավարտելուց հետո շարունակելու եմ կրթությունս: Ուզում եմ ճարտարապետ դառնալ, եւ դրա համար հարկավոր է գրաֆիկական դիզայն սովորել: Համալսարանում արդեն մասնակցել եմ գրաֆիկական եւ վեբ-դիզայնի դասընթացների, այստեղ էլ պատրաստվում եմ շարունակել:

 

Դասընթացը կօգնի ինձ նոր բաներ սովորել եւ հինը չմոռանալ: Զորացրվելուց հետո իմ դասերից շատ հետ չեմ լինի, հնարավոր է՝ նույնիսկ մի քայլ առաջ լինեմ: Ես շատ եմ սիրում նաեւ երաժշտություն: Կցանկանայի թվային երաժշտությունն էլ ընտրել որպես առանձին ճյուղ եւ պրոֆեսիոնալ ձեւով զբաղվել երաժշտությամբ:

 

Ազատ, 19 տարեկան

Լուսանկարը` Թումո

Ինձ շատ է հետաքրքրում tattoo art-ը, եւ ծառայությունն ավարտելուց հետո մտածում եմ այդ ուղղությամբ աշխատելու մասին: Պատրաստվում եմ դաջվածքների սրահ բացել: Դասընթացների ընթացքում սովորեցի գծերի տեսակները, թե ինչ տեսակի են լինում շողքերն ու ստվերները, ինչը հետագայում կօգնի ինձ իմ մասնագիտության մեջ:

 

Ես հետաքրքրվում եմ նաեւ երաժշտությամբ, DJ-ի մասնագիտությամբ: Հիմա սովորում ենք նոտաները, թե ինչպես կարելի է ձայնն ավելի էֆեկտիվ դարձնել կամ ինչպես կարելի է երգ ստանալ սովորական միատոն ձայները ձայնագրելով, իրար կողք դնելով եւ որոշակի փոփոխություններ անելով:

 

Մարիամ Մանոյան

Լուսանկարները՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին