Կիսակառույցների ճակատագիրը պետք է լուծվի, ասել է վարչապետը - Mediamax.am

3445 դիտում

Կիսակառույցների ճակատագիրը պետք է լուծվի, ասել է վարչապետը


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է տարբեր քաղաքներում առկա կիսակառույցների եւ անավարտ շինությունների եւ տարիներ շարունակ շինարարություն չսկսված հողամասերի հետագա ճակատագրին:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել նշված օբյեկտների անհրապույր տեսքից եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունից խուսափելու, հանրապետության տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցապատման ներդրումային գործընթացը խթանելու, ինչպես նաեւ զբոսաշրջության համար առավել գրավիչ միջավայր ձեւավորելու նպատակով:

 

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին հանձնարարվել եւ առաջարկվել է Երեւանի քաղաքապետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում գույքագրել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքներում, ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների վրա, հանրապետության քաղաքների կենտրոնական մասերում առկա բոլոր նմանատիպ շինություններն ու հողամասերը:

 

Հանձնարարվել է նաեւ երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այդ շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ՝ գործող օրենսդրությանը համապատասխան:

 

Կիսակառույցների խնդրին նախորդ շաբաթ անդրադարձել էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա հանձնարարել էր գույքագրել այդ տարածքները եւ հստակ ծրագիր կազմել՝ տարանջատելու վերոնշյալ տարածքները 3 կատեգորիաների՝ գերակա շահ ճանաչված հողատարածքներ, տարածքներ,

որտեղ շինարարությունը սկսվել, բայց դադարեցվել է եւ կառավարության որոշումներով հատկացված տարածքներ, որտեղ հաստատված ծրագրերը մինչ օրս կյանքի չեն կոչվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին