Դիրկ Լորենցը` հայերի համառության եւ հստակ «այո»-ի մասին - Mediamax.am

exclusive
22012 դիտում

Դիրկ Լորենցը` հայերի համառության եւ հստակ «այո»-ի մասին


Դիրկ Լորենցը
Դիրկ Լորենցը

Լուսանկարը` Մարաշլեան Ռետրո Ֆոտո Ատելիե

Դիրկ Լորենցը՝ ընտանիքի հետ
Դիրկ Լորենցը՝ ընտանիքի հետ

Լուսանկարը` Մարաշլեան Ռետրո Ֆոտո Ատելիե

Դիրկ Լորենցը՝ տիկնոջ հետ
Դիրկ Լորենցը՝ տիկնոջ հետ

Լուսանկարը` Մարաշլեան Ռետրո Ֆոտո Ատելիե


Գերմանացի Դիրկ Լորենցը, որը շուրջ չորս տարի Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունում զբաղեցրել է քաղաքական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավարի պաշտոնը, օրերս հեռացել է Հայաստանից։ Նա տեղափոխվել է Բրյուսել՝ աշխատելու որպես Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության բաժնի ղեկավարի տեղակալ։ Մեկնելուց առաջ Դիրկ Լորենցը Մեդիամաքսին պատմել է Հայաստանում ապրելու եւ աշխատելու առանձնահատկությունների ու բարդությունների մասին։

 

***

 

Հայաստանը մեծ հաշվով եվրոպական երկիր է։ Այդ պատճառով մեզ համար այստեղի ապրելակերպին հարմարվելը  բավական հեշտ է եղել։ Արտասովոր եւ դժվար հաղթահարելի պահեր գրեթե չենք ունեցել։ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, եղանակը հաճելի եւ տաք է, մրգերն ու բանջարեղենը շատ համեղ են։

 

***

 

Երբ նոր էի եկել Հայաստան, ինձ համար մեքենա վարելը մեծ մարտահրավեր էր։ Սկզբում մտածում էի, որ այստեղ մեքենա վարելու կանոններ չկան, եւ մեքենաների հայելիները դիմահարդարումը թարմացնելու, այլ ոչ թե երթեւեկությանը հետեւելու համար են։ Որոշ ժամանակ անց հասկացա, որ կանոններ կան, պարզապես ես դրանց սովոր չեմ։ Կարող եմ հպարտորեն ասել, որ չորս տարվա ընթացքում ոչ մի անգամ վթարի չեմ ենթարկվել։

Դիրկ Լորենցը՝ տիկնոջ հետ Դիրկ Լորենցը՝ տիկնոջ հետ

Լուսանկարը` Մարաշլեան Ռետրո Ֆոտո Ատելիե

***

 

Նկատել եմ, որ հայերը երբեմն շատ բարձր են խոսում, ծխում են շատ բարակ ծխախոտ եւ ձեռքերը մեջքի հետեւում են պահում։

 

***

 

Հայերի հետ աշխատելը շատ հետաքրքիր էր եւ երբեմն՝ ոչ այդքան հեշտ։ Երբեմն հայերը կարող են շատ հաստատակամ եւ համառ լինել, բայց եթե կարողանում ես նրանց հետ լեզու գտնել, բաց են երկխոսության եւ քննարկումների համար։

 

Եթե հայերը քեզ ընդունում են որպես ընկեր, ապա դա երկար տարիների համար է։

Հայերը շատ ազնիվ եւ վստահելի ընկերներ են։ Եթե հայը ասում է «այո», ապա դա հստակ եւ հաստատ է։

 

***

 

Շատ մեծ տարբերություն կա մայրաքաղաքի եւ գյուղերի միջեւ։ Եղել եմ գրեթե բոլոր մոտակա եւ սահմանամերձ գյուղերում։ Կան վայրեր, որտեղ աղքատության մակարդակը շատ մտահոգիչ է։ Շիրակի մարզի որոշ շրջաններ այցելության ժամանակ ցնցվեցի, երբ տեսա, թե մարդիկ ինչպիսի պայամններում են ապրում։ Երկրաշարժից երկար տարիներ են անցել, բայց դեռ կան մարդիկ, որոնց համար բնակարանային պայմանների ստեղծումը շարունակում է մնալ մեծ խնդիր։

Դիրկ Լորենցը՝ ընտանիքի հետ Դիրկ Լորենցը՝ ընտանիքի հետ

Լուսանկարը` Մարաշլեան Ռետրո Ֆոտո Ատելիե

Նույնիսկ բավական աղքատ գյուղերում հայերը զարմացրել են իրենց հյուրասիրությամբ։ Տեսնում էի, որ մարդիկ շատ քիչ մթերք ունեին հյուրասիրելու համար, բայց պատրաստ էին կիսվել իրենց ունեցածով։ Մարդիկ այստեղ անում են հնարավորը, որ հյուրերն իրենց լավ զգան։ Դա շատ տպավորիչ է, նման հյուրընկալություն Գերմանիայում չես տեսնի։

 

***

 

Հայաստանը հիանալի երկիր է, բայց այն կարող է է՛լ ավելի լավը լինել։ Կցանկանայի Հայաստան այցելելը շատ ավելի հեշտ լիներ, տուրիստական ենթակառուցվածքները ավելի զարգացած լինեին։ Այստեղ այնքան շատ գեղեցիկ վայրեր կան, բայց ինչու՞ եք դրանք աշխարհից թաքուն պահում։

 

Կարծում եմ, Հայաստանը պետք է աշխարհին լայնորեն ներկայացվի։ Հավատացե՛ք ինձ, ոչ բոլորը գիտեն, թե որտեղ է Հայաստանը, թե այն ինչպիսի հրաշալի, զարմանալի երկիր է՝ իր հարուստ պատմությամբ։

 

***

 

Երբ աղջկաս հարցնում եմ, թե հաջորդ ամռանը ինչ ես ուզում անել, նա պատասխանում է. «Ուզում են Հայաստան գնալ»։ Մենք, իրոք, շատ են սիրում հայերին եւ Հայաստանը։

 

Կարդացեք նաեւ.

 

Անդրեյ Պյատախինը՝ իր մի քիչ հայ լինելու եւ այգիների պակասի մասին

 

Ուլֆ Հարբորգը՝ Հայաստանի հոգու եւ խելագար վարորդների մասին

 

Կարել Հոֆստրան՝ Հայաստանի լավ մարդկանց ու վատ ճանապարհների մասին

 

Դեյվիդ Բիքեթը՝ ընկերասեր Հայաստանի եւ բարձր մաքսատուրքերի մասին

 

Թիմոթի Սթրայթը՝ նորվեգացիների եւ հայերի երջանկության մասին

 

Գրի առավ Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին